«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2001-10-16 | #188, 2001-10-17 | #189, 2001-10-18


ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՌՆԵ՞Լ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՔԻԹԸ

Քաղհալածյալի կերպարը մարմնավորելիս

Արմատական ընդդիմության որդեգրած քաղաքական կուրսն այնպիսին է, որ երկրում կատարվող յուրաքանչյուր պրոցես քաղաքականացնելու միջոցով փորձ է արվում ամեն կերպ խաթարել ներքաղաքական քիչ թե շատ կայուն իրավիճակը: Եթե հետեւելու լինենք արմատականների տրամաբանությանը, միանշանակ կարելի է կարծել, թե այս երկրում յուրաքանչյուր մանր ու մեծ հանցագործ կամ կասկածվող ձերբակալվում է միայն քաղաքական շարժառիթներով: Արմատականների նման գործելակերպը միտված է նրան, որպեսզի շատ արագ կյանքի կոչվի իրենց իսկ մշակած ու ասպարեզ հանած երկրում «վախի ու սարսափի մթնոլորտի» գաղափարը:

Հիշենք Ազատ Արշակյանին, որին ձերբակալեցին իր կուսակցության վարչական շենքում զենք-զինամթերք հայտնաբերելու հիման վրա: Դեռ չէր էլ ճշտվել Արշակյանի մեղավորության չափը, անմիջապես շահարկվեց նրա ձերբակալության քաղաքական շարժառիթների հարցը: Եվ պատկերացնո՞ւմ եքՙ ինչ հիմնավորում բերվեց. իբր վերջին շրջանում ակտիվություն էր սկսել ցուցաբերել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, եւ իշխանություններին պետք էր կտրել այդ լեզուն: Խեղճ «Օրինաց երկիր» կամ Ազգային միաբանություն. եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա այս երկու կուսակցություններում մարդ չպիտի մնար, ու բոլորն էլ քաղբանտարկյալի որակմամբ բանտերը պիտի լցնեին: Ասենք այնպես, ինչպես ոչ վաղ անցյալում Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական ջանքերով դաշնակցականներով էին լցվել բանտերը, եւ, չնայած դրան, հենց Լ. Տեր-Պետրոսյանի հետ արմատականների վառ անհատականությունները նշեցին անկախության հանրաքվեի 10-ամյակը: Եվ եթե առանց որեւէ հիմքի էին դաշնակցականների վրա գործեր թխվում, Արշակյանի դեպքում առգրավված զենքի առկայությունն այնքան ակնհայտ էր, որ անգամ «Անկախության բանակ» հասարակական կազմակերպության ղեկավարն ինքը նշեց, որ այդ զինամթերքը իսկապես պատկանել էր իրենց «տղերքին»: Ուրեմն ի՞նչ կարիք կար ամեն ինչ այնպես ներկայացնել, թե այս երկրում մարդկանց քաղաքական հետապնդումների են ենթարկումՙ աստիճանաբար կերպավորելով քաղհալածյալի գաղափարը:

Խնդիրն այսքան չէր սրվի, եթե առաջ չքաշվեր մի նոր հետապնդվողի, «առաքինի, անշառ» նախկին բանտապետիՙ Մուշեղ Սաղաթելյանի պարագան: Մարդն ինչ է ասում որՙ ընդամենը երկրի նախագահին եւ Սերժ Սարգսյանին մեղադրում է. հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ: Ու պատկերացնո՞ւմ եք ինչ մեղադրանքով. «Գագիկ Ջհանգիրյանն ասում էՙ երեխաներիս թաղեմ, թե Սերժն ու Ռոբերտը չեն: Ես բարոյական իրավունք չունեմ չհավատալու, որ Սերժն ու Ռոբերտը չեն»: Մի կողմ թողնենք հանրապետության զինդատախազի այս խոսքերը, որոնք ինքըՙ Ջհանգիրյանը, հերքում է. «Ինչ վերաբերում է Սաղաթելյանի վկայակոչած խոստովանական երդմանը, ապա դրանում օգտագործված բառերն իսպառ բացակայում են իմ բառապաշարից»: Բայց որ նման խոսքերը կարող են հիմք տալ նման դարակազմիկ ենթադրությունների, կարելի էր սպասել միայն կեղծ դիպլոմով մինչեւ քրեական պատիժների իրականացման վարչության պետի պաշտոնի հասած մարդուց: Եվ կարո՞ղ եք երեւակայել. այս մարդը նույնիսկ գիտի, որ ՆԳ համակարգում էլի կեղծ դիպլոմներով աշխատողներ կան, բայց դե մարդկանց հո վատություն չի անելուՙ անուններ տա: Ավելի հեշտ ճանապարհ գիտի. հայտարարել, թե Սերժ Սարգսյանն ու Հայկ Հարությունյանն էլ գիտեն այդ մասին:

Վերադառնանք Սաղաթելյանի մեղադրանքներին: Ջհանգիրյանի «անկեղծ խոստովանություններին» հավատացած նախկին բանտապետը, սակայն, մի դեպքում էլ. չի հավատում զինդատախազին եւ պնդում է, թե նա նախաքննության ուղղությունը փոխել է 99-ի հոկտեմբերի 27-ից մինչեւ 2000-ի մարտ ամիսը: Հիմա հարց է ծագումՙ Սաղաթելյա՞նն է երկակի խաղ խաղում, թե՞ Ջհանգիրյանը, որոնք երկուսն էլ անմիջականորեն առնչվել են ՆԳ գործակալների ներկայացրած տեղեկություններինՙ թե ինչ են խոսել «27»-ի գործով մեղադրյալները մեկուսարաններում: Եվ մի դեպքում Սաղաթելյանը հավատացել է այդ գործակալներից մեկիՙ Հարություն Գրիգորյանի զեկուցագրին, որտեղ վերջինս վստահություն է հայտնում, թե «Ռոբերտն ու Սերժն են կազմակերպել ոճրագործությունը, մյուս դեպքումՙ համոզված է, որ այդ նույն մեղադրանքները հաստատող իրեղեն ապացույցներ ներկայացնող գործակալը. իր գլխին «գործ է սարքում»: Ինչո՞ւ պիտի, ասենք, գործակալին չհավատար Սաղաթելյանը, եթե ինքը, իր ասելով, 2000-ի գարնանը 17 նախկին ու ներկա իշխանավորների մոտ բացահայտ Քոչարյանի ճակատին ասել էր, թե նրան է կասկածում «27»-ի կազմակերպման մեջ: Կամ, ասենք, եթե ինքը ծանոթ էր գործակալի ներկայացրած ձայներիզին, այն մասին, թե ինչպես են ահաբեկիչներն ԱԺ մտնելու ծրագիրը կազմում, ինչո՞ւ այդ մասին չէր հայտնում իրավապահներին, կամ եթե նրանց չի վստահումՙ լրատվամիջոցներինՙ ապացուցելու իր «ճշմարտախոսությունը»:

Մյուս կողմիցՙ գրեթե հիմնավորված չեն Սաղաթելյանի վկայակոչած փաստարկները, թե գործակալների եզրակացությունների կարեւոր հատվածները դուրս են մնացել «27»-ի գործից կամ տարբեր բովանդականության են: Եթե դա իրոք այդպես է, ապա իր մեղքի մեծ բաժինն ունի նաեւ Սաղաթելյանը, քանի որ հենց նա եւ նրա ղեկավարած քննչական մեկուսարանի պատասխանատուներն են անմիջապես պատասխանատու ստացվող օպերատիվ տեղեկությունների եւ փաստաթղթերի կազմման համար:

Սակայն Սաղաթելյանի հակասական բացահայտումներն այդքանով չե՞ն սահմանափակվում: Մի կողմիցՙ նա կասկած է հայտնում, թե ինչու հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո կազմված քննչական խումբը, որը կազմված էր փորձառու քննիչներից ու դատախազներից, նոյեմբերի սկզբներին փոխարինեց նոր, «անփորձ» խմբով, մյուս կողմիցՙ հայտարարում է, թե իր գոյության 7-8 օրվա ընթացքում նախկին քննչական խումբը ոչինչ չի արել. ինչո՞ւ:

Այս հակասություններից, որոնք դեռ կարելի է շարունակել, միայն մեկ բան կարելի է հստակ ասել. բանտապետն ամեն ինչ անում է թյուրիմացությունների մեջ գցելու հասարակությանը եւ իր հարցն ամեն կերպ քաղաքականացնելու: Դա նրան իսկապես հաջողվեց եւ արդյունքում ունեցավ այնպիսի պատվար, ինչպիսին «Հանրապետություն» կուսակցությունն էր, որը շտապեց հայտարարել, թե «Մ. Սաղաթելյանն ըստ էության այսօր պահվում է պատանդի կարգավիճակովՙ ընդդիմության գործունեությունը սահմանափակելու եւ վերահսկելի դարձնելու նպատակով.»: Առավել ուշագրավ է վերջին արտահայտությունը, որից կարելի է ենթադրել, թե Սաղաթելյանը կուսակցության քիթն է, որն ուզում է բռնել Ռոբերտ Քոչարյանը: Եթե «Հանրապետության» ողջ պոտենցիալն ընդամենը «27»-ի գործը քաղաքականացնելու եւ նախագահի «վրա» դուրս գալը չէ, ինչո՞ւ պիտի Սաղաթելյանի ձերբակալմամբ իրենք վերահսկելի դառնան:

Ինչեւէ, Սաղաթելյանը հայտնում էր, թե ինքն ընդամենը իր իմացածի 20 տոկոսն է հայտնել: Այժմ նա ձերբակալված է եւ կարելի է իրականացած համարել նրա երազանքներից մեկը, իրեն անպայման կհարցաքննեն սենսացիոն հայտարարությունների իսկությունը բացահայտելու համար: Միայն հուսանք, որ դրանք այնքան «հիմնավորված» ու ուշացած չեն լինի, որքան իմացած ու հայտնած 20 տոկոսի դեպքում էր:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4