Հայաստանի Հանրապետությունն այս տարվա ընթացքում ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության երրորդ համաձայնագիրը կնքեց: Առաջին երկուսը ստորագրվել են Բելառուսի (այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցի ժամանակ) եւ Ռուսաստանի Դաշնության (նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ) հետ: Երեկ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Տիգրան Դավթյանը եւ Հայաստանում Ավստրիայի դեսպան Հայդե Մարիա Գյուրերը ստորագրեցին վերոնշյալ համաձայնագիրը:
Ընդհանուր առմամբ Հայաստանն այդպիսի միջկառավարական պայմանագրեր է ստորագրել 25 երկրների հետ, եւ եւս այդքան երկրների հետ էլ համաձայնագրերը պատրաստ են ստորագրման: Ընդգծենք, որ որոշ դեպքերում նման համաձայնագրերի ստորագրումից հետո Հայաստանում ներդրումների կտրուկ աճի դեպքեր են եղել: Այսպեսՙ Իտալիայի հետ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության համաձայնագրի ստորագրումից հետոՙ 1998 թ.-ից մինչեւ 2000 թ., այդ երկրից Հայաստան կատարված ներդրումներն ավելացել են 14 անգամ, իսկ ֆրանսիական ներդրումները 1995 թ. նման պայմանագրի ստորագրումից հետո աճել են ավելի քան 7 անգամ: Արդյոք նման արդյունավետություն կունենա՞նք այս համաձայնագրից հետո, ժամանակը ցույց կտա: Իսկ ներկայումս Հայաստանի եւ Ավստրիայի ապրանքաշրջանառությունը չնչին ծավալներ ունի, իսկ մեզ մոտ գործում են ընդամենը 6 համատեղ ձեռնարկություններ:
Ա. Մ.