2001 թ. սեպտեմբերի 9-ին գերմանացի անվանի հրապարակախոս եւ գերմանական «Դեր Շպիգել» ճանաչված հանդեսի նախկին խմբագիր պարոն Վոլֆգանգ Գուսթը Բեռլինում զեկուցում ունեցավ գերմանացի աստվածաբան Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիան եւ Հայաստանը 1914-1918 թթ.» աշխատության մեջ հրապարակված դիվանագիտական փաստաթղթերի հետ կատարված կեղծիքների վերաբերյալ: Այդ աշխատությունը պետք է հերքեր անգլոսաքսոնական եւ ֆրանսիական մամուլի մեղադրանքները, թե Գերմանիան նույնպես պատասխանատու է հայերի ցեղասպանության համար, եթե նրա նախաձեռնողը չէ: Լեփսիուսի փաստաթղթերը Փարիզում ընթացող խաղաղության հաստատման բանակցությունների վրա, որոնք ի վերջո հանգեցրին Վերսալի պայմանագրերին, պետք է ունենային Գերմանիայի համար նպաստավոր ազդեցություն:
Թեեւ Լեփսիուսի աշխատությունը թուրքերի կատարած հայերի ցեղասպանությունն այնպես է վավերագրում, որ ցեղասպանության փաստի վերաբերյալ ոչ մի կասկած չի հարուցում, միաժամանակ նա բազմաթիվ փաստաթղթերի կեղծման միջոցով փաստորեն ջնջում է Գերմանիայի պատասխանատվության բոլոր հետքերը: Սակայն այդ մեքենայությունների մեծ մասի հեղինակն ակնհայտորեն ոչ թե Լեփսիուսն է, ինչպես նշում է Գուսթը, այլ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ինքը, քանի որ Լեփսիուսն իր փաստաթղթերը ստեղծել է բացառապես հիմնվելով այն պատճենների վրա, որոնք նրան տրամադրել է արտգործնախարարությունըՙ նախօրոք փոփոխելով դրանք վճռորոշ հատվածներով: Նրանք տպավորություն են ստեղծել, թե իբր գերմանական ռայխը հանձն է առել հայերի խնամքը եւ փորձել է պաշտպանության տակ առնել նրանց, ինչքան որ կարողացել է:
Մինչդեռ ինտերնետում (www.armenocide.de, ինչպես նաեւ www.armenocide.net) մինչ այժմ հրապարակված փաստաթղթերի բնօրինակները (բոլոր կարեւոր փաստաթղթերը թարգմանված են անգլերեն) գրեթե հակառակն են ապացուցում: Դրանք, օրինակ, պարունակում են Գերմանիայի այն ժամանակվա ռայխսկանցլեր Բեթման-Հոլվեգի պարզ հրահանգը, որ պետք չէ հայերին որեւէ ուշադրություն դարձնել: Բեթման-Հոլվեգը, շատ պարզ մերժելով դեսպան Վոլֆ Մետերնիխի պահանջըՙ բացեիբաց խարազանել ցեղասպանությունը, նշել է. «Մեր միակ նպատակն էՙ Թուրքիային մինչեւ պատերազմի ավարտը պահել մեր կողմը, անկախ նրանից, հայերը դրանից կկործանվեն, թե ոչ»:
Բնօրինակներն ապացուցում են նաեւ, որ գերմանացի սպաները ռազմական հարձակումներ են գործել հայ խաղաղ բնակչության վրա: Նրանցից մեկըՙ Շոյբներ-Ռիխտերը, մերժել է գրոհել այսպես կոչված խռովարար հայկական գյուղըՙ թուրքական իր զորքերի միջոցով (թուրք սպաները ստանձնեցին նրա առաջադրանքը): Մեկ ուրիշըՙ պրուսական հրետանու սպա Վոլֆսքիլ ֆոն Ռայխենբերգը, օսմանցի գեներալ Ֆահրի հետ գնդակոծել է Ուրֆայի հայկական թաղամասը եւ իր թուրք գործընկերոջ հետ հայերի դեմ կռվել նաեւ Զեյթունում եւ Մուսալեռում:
Բնօրինակ փաստաթղթերը նկարագրում են ոչ միայն գերմանացիներիՙ հայերի դեմ կատարած գործողությունները, այլեւ ցույց են տալիս գերմանացի դիվանագետների կամ պաշտոնական ներկայացուցիչների քաղաքական սուր հայացքները, որոնք ինչպես ռասիստական բնույթի են, այնպես էլ ապացուցում են գերմանացիների համաշխարհային տիրապետության հասնելու ձգտումները: Դա վերաբերում էր ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Կովկասի հայերին, որտեղ հայերի բարեկեցությունը գերմանացիներին ավելի քիչ էր հետաքրքրում (ինչպես Լեփսիուսի աշխատությունն է հավաստիացնում), քան Բաքվի (որտեղ հայերը ներքին ուժեղ դիրքեր ունեին) նավթը, քան դեպի Պարսկաստան եւ Հնդկաստան տանող ռազմական ճանապարհը: Գերմանիայի ներկայացուցիչների մեծամտության օրինակ է Երեւանում ներկայացուցիչ, օդային ուժերի լեյտենանտ Այզենմանը: Նա այն կարծիքն է հայտնում, որ հայ ժողովուրդը «ճիշտ այնպես անկիրթ, անտաշ եւ բռի է, ինչպես հայերի կողմից մշտապես ստորացվող թաթարները»: Մի այլ տեղ նա հայերին պատկերում է որպես «անհուսալի եւ անբան», բացի այդ նրանց մեջ չեն եղել «մեր ընկալմամբ իսկական եւ բազմակողմանի կրթված ու զարգացած անձինք»: «Բնածին ծուլության պատճառով» նրանց «մատչելի չէ մշակութային առաջադիմությունը»:
Ակնհայտորեն Լեփսիուսը կեղծիքների մեծ մասին տեղյակ չէր, ինչպես նշեց Գուսթը, եւ նա իր ուժերն ամբողջովին կենտրոնացրել էր վավերացնելու ցեղասպանությունը գերմանական փաստաթղթերով, որի վերաբերյալ Գերմանիայի արտգործնախարարությունը դարձյալ բարյացակամություն չցուցաբերեց: Պայքարն այդ ուղղությամբ ակնհայտորեն կլանել էր նրա ուժերը, քանզի վերստուգման համար վստահ նրա ոչ միայն ուժերն են անբավարար, այլեւ ժամանակն է սուղ եղել, քանի որ ամբողջ աշխատանքը պատրաստվել էր ընդամենը մի քանի ամսվա ընթացքում:
ՍՏԵՓԱՆ ԹԱՇՃՅԱՆ, Փաստաբան, Բեռլին