«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2001-10-16 | #188, 2001-10-17 | #189, 2001-10-18


ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ

Ավ. Իսահակյանի անվ. քաղաքային գրադարանում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված նիստը կազմակերպվել էր հայրենադարձ իրանահայերի մշակութային միության եւ գրադարանի հետ համատեղ: Միության ստեղծման պատմության եւ գործունեության մասին բացման խոսքում տեղեկություններ հաղորդեց միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը: Ընդարձակ զեկուցումով հանդես եկավ պրոֆ. Ջանի Միրզաբեկյանըՙ «Հայկական վանքերը եւ եկեղեցիները Իրանում» թեմայով: Վերլուծելով իրանահայության պատմական անցյալը եւ ներկա կացությունըՙ զեկուցողն իրանահայ գաղութի ամբողջական նկարագրություն տալու հավակնություններ չուներ եւ պատմական համառոտ ակնարկ կատարեց: Չնայած դեռեւս վաղ ժամանակներից Իրանում կային հայկական բնակավայրեր, բայց իրանահայ գաղութը ձեւավորվել է XVII դարից, երբ Շահ Աբասի հայանպաստ քաղաքականության հետեւանքով հայերը հնարավորություն ունեցան կառուցելու վանքեր ու եկեղեցիներ, հիմնելու դպրոցներ, պարբերականներ: Իրանահայ գաղութը կայուն համայնքներով (Նոր Ջուղա, Թավրիզ, Թեհրան, Շիրազ) սկսեց լայն գործունեություն ծավալել, եւ հատկապես Նոր Ջուղան դարձավ առեւտրատնտեսական կենտրոն: Իրանահայությունը ուրույն դեմքով ինքնուրույն միավոր է եւ ըստ զեկուցողի սփյուռքահայություն չէ: Հայրենիքի հետ մշտապես եղել է մշակութային տնտեսական կապի մեջՙ Իրանում այսօր գործող իրանահայ գրողների, համալսարանականների, «Արարատ» մարզամշակութային եւ այլ միություններով:

Բանախոսը չէր սահմանափակվել միայն պատմական աղբյուրները ուսումնասիրելով, 1994-ից պարբերաբար լինելով Իրանում այցելել է հայկական վանքերն ու եկեղեցիները, եւ նրա զեկուցումը ականատեսի վկայություն էր նաեւ: Ջանի Միրզաբեկյանը հանգամանորեն ներկայացրեց Իրանի (հատկապես Ատրպատականի, որ հարուստ է հարյուրավոր սրբատեղիներով) հայկական վանքերն ու եկեղեցիները, անդրադարձավ նրանց պատմությանն ու ճակատագրին (հին հեթանոսական սրբավայրի եւ, ըստ ավանդության, Վարդան Մամիկոնյանի թաղման տեղում կառուցված Սբ. Թադեի, առաջին անգամ գրավոր աղբյուրներում 1314 թ.-ից հիշատակվող Ծործորի Սբ. Աստվածածին վանքերին, XVII դ. Սբ. Ստեփանոս վանքային համալիրին եւ այլն):

Իրանի տարածքում կառուցված սրբավայրերըՙ եկեղեցիներն ու վանքերը հայկական ճարտարապետության գոհարներից են, որոնք մեզ են հասել դարերի խորքից դժվարությամբ եւ այսօր առավել կարոտ են խնամքի եւ պահպանման:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4