Մարզական գրականությունը համալրվեց եւս մեկով. լույս է տեսել վաստակաշատ գիտնական, մարզիչ-մանկավարժ, մի շարք գրքերի եւ ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ Մարտին Արամի Օսյանի «Ջրացատկի աստղը» գիրքը, որը նվիրված է հայկական սպորտի վառ աստղերից մեկինՙ ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանին, որը թեկուզ հպանցիկ, ներկայացված է այլ մեծությունների աստղաբույլում: Այս գիրքը յուրօրինակ հարգանքի տուրք է Դավիթ Համբարձումյանի պայծառ հիշատակին: Գրքի հրատարակմանն օժանդակել է «Քեզ համար, Հայաստան» կանանց հանձնախմբի Հալեպի մասնաճյուղը, որն առաջինն արձագանքեց սույն գործի հովանավորության առաջարկին:
Գրքի հերոսը տաղանդաշատ Դավիթ Համբարձումյանն էՙ իր մարզական նվաճումներով: Հեղինակը հանգամանորեն ներկայացրել է անվանի մարզիկի անցած մարզական ողջ ուղինՙ ընթերցողին ծանոթացնելով Դավիթ Համբարձումյանի մարզական նվաճումների ողջ ցանկին միութենական եւ միջազգային մրցասպարեզներում: Բերված են նաեւ մեր մյուս ջրացատկորդների ցուցանիշները, ինչը հնարավորություն է ընձեռում համեմատություններ կատարել, եւ ավելի ցայտուն է արտահայտում Դավիթ Համբարձումյանի մարզական տաղանդը: Մի խոսքով, այս գիրքը բազմաբովանդակ փաստերով ու թվերով, բացատրություններով ու գնահատանքներով, հետաքրքիր տվյալներով հարուստ, յուրօրինակ մի աշխատություն է, որում համառոտ ներկայացված են նաեւ 12 անհատական մարզաձեւերում փայլած հայ մարզիկների նվաճումները:
Հեղինակը համապարփակ ձեւով ներկայացրել է Դավիթ Համբարձումյանի ոչ միայն մարզական սխրանքները, այլեւ, որ ամենակարեւորն էՙ նրա մարդկային լավագույն հատկանիշները: Գիրքն իր տեսակի մեջ կարեւոր ու հետաքրքիր ձեռնարկ է: Հուսանք, որ այսօրինակ աշխատություններ կստեղծվեն նաեւ այլ մարզաձեւերի հայ աշխարհահռչակ մարզիկների մասին: