«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2001-10-17 | #189, 2001-10-18 | #190, 2001-10-19


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՃՇՏԵԼ ԻՐ ԴԻՐՔՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Որովհետեւ չունի ազգային անվտանգության կոնցեպցիա

Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների շրջապտույտում յուրաքանչյուր պետության համար առաջնահերթ է դառնում վերամշակել կամ պարզապես հստակեցնել իր ազգային անվտանգության խնդիրները եւ առավել նպաստավոր ուղիներ գտնել դրանց ապահովման համար: Խնդիրն առաջին հերթին վերաբերում է Հայաստանի նման փոքր եւ աշխարհագրական բարդ հանգույցում գտնվող երկրին, որը մինչեւ հիմա ազգային անվտանգություն հասկացությունը չի հստակեցրել եւ հստակ կոնցեպցիա չի մշակել: Եվ եթե ազգային անվտանգության խնդիրը չէր կարեւորվում մինչեւ սեպտեմբերի 11-ը, ապա հիմա պարզապես օրախնդիր է դառնում նման կոնցեպցիայի կամ գոնե հիմնադրույթների մշակումը:

Առաջին քայլն այս ուղղությամբ կատարեց Ազգային ժողովը, որն արդեն իսկ շրջանառության է դրել «Ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» մի օրինագիծ: Հեղինակների նպատակը ոչ այնքան նախագիծը նույն տեսքով ընդունելն է, որքան քաղաքական ու հասարակական շրջանակներին համախմբելը եւ առաջադրված հարցի շուրջ լուրջ առաջարկների ընդունումը:

«Վարկած» վերլուծական կենտրոնի եւ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի նախաձեռնությամբ հրավիրված քննարկումները դրա առաջին քայլերն էին, որոնց մասնակցում էին քաղաքական ուժեր, օրենքի նախագծի համահեղինակ Վարդան Բոստանջյանը, գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Թեեւ նշվեց, որ օրինագիծը բավական լուրջ աշխատանքների արդյունք է, սակայն չի տալիս բոլոր հարցերի պատասխանները:

Եվ իսկապես, օրենքի նախագծի ամենալուրջ թերությունն այն է, որ ազգային անվտանգության հայեցակարգ, ըստ էության, առաջ չի քաշվում եւ սահմանափակվում է միայն հիմնադրույթների մշակմամբ: Լուրջ խնդիր է առաջանումՙ ունենալ հստակ, սեղմ, ազգային անվտանգության ուղղությունների, առաջնահերթությունների, նպատակների մասին փաստաթո՞ւղթ, թե՞ մեկ օրենքով ամփոփել այդ հսկա ոլորտը:

ՌԴ-ն, օրինակ, այս հարցը շատ հստակ է լուծել: 1997 թ. դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Ելցինը հրաման ստորագրեց ՌԴ ազգային անվտանգության կոնցեպցիայի մասին, որն ավելի կոնկրետացավ 2000 թ. հունվարի 10-ի Պուտինի հրամանագրով: Այդ փաստաթուղթն ամփոփում է եւ ՌԴ դիրքն ու կողմնորոշումներն աշխարհում, ե՚ւ ազգային հետաքրքրությունների շրջանակները, ե՚ւ ազգային անվտանգության ապահովման հիմնադրույթները: Սակայն հայկական իրականության մեջ ազգային անվտանգություն հասկացությունը տարբեր կերպ է ընկալվում: Ըստ մի կողմնորոշման, դրա հիմնադրույթները պիտի հիմնվեն ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների վրա, մյուս կողմիցՙ առաջնահերթ են համարվում գլոբալ անվտանգությունը, մեր ազգային շահերը, հետաքրքրությունները հարմարեցնելու խնդիրը, որպեսզի կարողանանք կողմնորոշվել աշխարհում ընթացող գլոբալիզացիոն գործընթացներում: Մեկ այլ տեսակետի համաձայնՙ կոնցեպցիայի հիմքում պետք է ժողովրդավարական արժեքները դրվեն, որոնք, ի դեպ, շատ դեպքերում ուղղակի հակասում են ազգային գաղափարներին:

Սակայն բոլոր դեպքերում ազգային անվտանգության խնդիրները դիտարկելիս աներկբա է դառնում ազգային գաղափարախոսության կատեգորիայի մշակումը: Սա հենց այն անկյունաքարն է, որի շուրջ պետք է հավաքվեն պետությունը, քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, քաղաքական բոլոր ուժերը: Ազգային գաղափարախոսությունն այսպիսով դառնում է մի հանգրվան, որտեղ պետության եւ կուսակցությունների շահերը ստորադասվում են ազգի հարատեւման ու բարգավաճման հիմնախնդիրներին: Այս համատեքստում առաջ է գալիս մեկ կարեւոր հարցՙ ո՞րն է առաջնահերթ, պետությա՞ն անվտանգությունը, թե՞ ազգայինը: Հայոց պատմության էջերը փաստում են, որ պետությունը շատ դեպքերում զոհաբերվել էՙ ազգայինը փրկելու համար: Այսինքնՙ անկախ պետության անգնահատելի դերից ազգապահպանության մեջ, ազգային անվտանգությունը դառնում է առաջնահերթ: Իսկ պետությունն իր բոլոր կառույցներով նպաստում է անվտանգության ապահովմանը, որտեղ ոչ մի քաղաքացի, կազմակերպություն չի կարող անտեսվել: Սակայն, ինչպե՞ս եւ ո՞ւմ պատասխանատվությամբ է պետությունը դա իրականացնում: Այս հարցերի պատասխանը օրինագիծը չի տալիս: Դեռեւս հստակ չէ, թե ի՞նչ համակարգ պետք է ստեղծվի ազգային անվտանգության ապահովման նպատակով, եւ ո՞վ է մշակում դրա առաջնահերթ խնդիրները:

Ո՞վ է սահմանելու մեր հավանական դաշնակիցների եւ հակառակորդների միջեւ սահմանը եւ ի՞նչ սկզբունքներով: Այս խնդիրը ռուսական իրականության մեջ հստակ է դրված: Նախագահը ներկայացրել է կոնցեպցիա, ինքն է երաշխավորում իրագործումը եւ բնականաբար ինքն է պատասխանատուն: ՌԴ-ում այս առումով ազգային անվտանգության խորհուրդը դրանք իրականացնող մարմնի ֆունկցիաներ է կատարում: Կենսակա՞ն է այս մոդելի իրագործումը Հայաստանումՙ լուրջ քննարկման թեմա է, որը կարելի է իրականացնել հասարակական եւ ԱԺ մակարդակներով քննարկումների ընթացքում: Որ այս հարցում շահագրգիռ են բոլորը, հաստատվեց նաեւ ծավալված քննարկումների ընթացքում, որտեղ շոշափվեցին հենց վերոշարադրյալ խնդիրները:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4