ԲԱՔՈՒ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն, ըստ «Ենի Մուսավաթ» թերթի, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Ս. Յաստրժեմբսկու հայտարարությունն այն մասին, թե Աֆղանստանից Չեչնիա ներթափանցող ահաբեկիչներն անցնում են Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով, կանխատեսում է հայկական ուժերի միջոցով Ադրբեջանի նկատմամբ ռուսական պատժամիջոցների կիրառում: «Այսօր հրադադարի խախտումը վտանգավոր է Ադրբեջանի համար: Հայաստանը վերստին կարող է հարձակվել Ադրբեջանի վրաՙ Ռուսաստանի հնարավոր հրահրման արդյունքում: Այս տեսանկյունից մեր երկրի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ամեն տեսակի սպառնալիքի», հայտարարել է Գուլուզադեն: Նա նաեւ կոչ է արել հրադադարը չդիտել իբրեւ որոշակի ձեռքբերում: «Ժամանակին հրադադարը ձեռքբերում էր, բայց եթե մեր հողերը մնան օկուպացիայի տակ, մենք սա չենք կարող որակել իբրեւ ձեռքբերում», ասել է նախկին խորհրդականը: