Բայց կարող են սպառել թուրք-ադրբեջանական քաղաքականության դիրքերը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Աֆղանստանում թալիբների դեմ պատերազմ սանձազերծելիս պաշտոնական Վաշինգտոնը հարկ համարեց հայտարարել դրա հակաահաբեկչական բնույթի մասին: Պատերազմին նախորդել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշիՙ հակաահաբեկչության սկզբունքներին տրամագծորեն հակադիր հայտարարությունն ի լուր աշխարհի. «Կամ մեզ հետ եք, կամՙ ահաբեկիչների»: Վերոհիշյալ երկու հայտարարությունների համադրումը հիմք է տալիս ենթադրելու, որ ԱՄՆ-ն իր պարտքն է համարում ահաբեկել միջազգային հանրությանը, որպեսզի հնարավորինս մեծ թվով երկրների ներքաշի աֆղանական պատերազմի մեջ: Նման մոտեցմամբ միջազգային հանրության ահաբեկումը դառնում է հակաահաբեկչական պատերազմի միջոց:
Թե այս մոտեցումն ինչի՞ կհանգեցնիՙ ցույց կտա ժամանակը: Բայց որ միջազգային հանրությանն ուղղված նախագահ Բուշի վերոհիշյալ հայտարարությունը միանգամայն հանգեցրել է միջազգային ասպարեզում «ահաբեկչության» խաղաքարտի անզուսպ շահարկումների, ակնհայտ է: Հատկանշական է, որ շահարկողներն էլ «Բուշի հետ լինելը» դարձնում են շահարկումների արդյունավետության միջոց: Այսպիսով ադրբեջանցիները սկսում են վայնասուն բարձրացնել, թե Հայաստանը Ադրբեջանի համար թիվ 1 ահաբեկչական պետությունն է: Այդ ընթացքում ղարաբաղյան պատերազմին թալիբներից մեծ թվով վարձկանների մասնակից դարձնելու բազմաթիվ փաստերի հետ մոռացության են տրվում այնպիսի փաստեր, ինչպիսիք են «Ալ Ղաիդա» կազմակերպության վերջերս բացահայտված ներկայությունն ու նրա ներկայացուցիչների երկարամյա գործունեությունն Ադրբեջանի տարածքում կամ ադրբեջանցի վահաբականների հենակետերը Չեչնիայում, ինչպես նաեւ բազմաթիվ ադրբեջանցիների անդամակցությունը վրաց-չեչենական զինված խմբավորումներին:
Վայնասունի հարցում ադրբեջանցիներին են միանում թուրքերը, որոնք իրենց հերթին մոռանում են Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած ակնհայտ թշնամական քաղաքականությունը, ինչն իր արտահայտությունն է գտնում մեր հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների համառ մերժման, նրա երկարատեւ շրջափակման եւ մշտապես սպառնալու դրսեւորումներում: Որքան էլ թուրքական սպառնալիքները նպատակին չծառայեն, այնուամենայնիվ, դրանք Հայաստանն ահաբեկելու յուրօրինակ փորձեր են: Ուրեմն, եթե միջազգային հանրության ահաբեկումն ԱՄՆ-ի համար հակաահաբեկչական պատերազմի միջոց է, սահմանակից պետության մշտական ահաբեկումն էլ պետք է համարել վերջինին ահաբեկիչ որակելու թուրքական միջոց: Ինչ վերաբերում է դրա օգտագործման արդյունավետությանը, ապա դա պայմանավորվում է ադրբեջանցիների հետ ջանքերի համատեղությամբ: Այսպիսով Հայաստանին ահաբեկչության մեջ մեղադրելու հարցում Ադրբեջանն ու Թուրքիան մրցակցում են:
Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Արմենպրեսի հոկտեմբերի 2-ի հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Հայաստանն անվանել է ադրբեջանական պետությանը սպառնացող թիվ 1 ահաբեկիչ, իսկ նրա թուրք գործընկեր Սաբահաթթին Չաքմաքօղլուն ավելացրել է. «Մենք միշտ ձգտելու ենք միջազգային իրավունքի եւ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի տարածքից Հայաստանի դուրսբերմանը»:
Նույն աղբյուրի հոկտեմբերի 11-ի հաղորդագրությամբՙ Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարում է. «Մի օր Ադրբեջանը ստիպված կլինի հրաժարվել խաղաղ բանակցություններից, եւ երբ մենք սկսենք դուրս անել ահաբեկիչներին մեր տարածքից, ոչ ոք մեզ «ագրեսոր» չի անվանի»: Հաջորդ օրը Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու թուրքերի պատրաստակամության մասին հայտարարությամբ Գուլիեւին է արձագանքում Թուրքիայի խորհրդարանի անդամ, «Մայր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Աքարջալըն: Ավելինՙ երբ Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը Բրյուսելում ահաբեկչությանը նվիրված համագումարին պատրաստվում է հանդես գալ Երեւանը որպես PKK-ի կովկասյան կենտրոն դիտելու առաջարկով, թե քրդական այս կազմակերպությունը Հայաստանում իբր 4 ճամբար ունի, ահա, հոկտեմբերի 17-ին, Ադրբեջանի անկախության 10-ամյակի տոնակատարություններին, նախագահ Հեյդար Ալիեւը մի անգամ եւս կրկնում է բազմիցս ծամծմված այն մեղադրանքները, որոնք վերաբերում են ահաբեկչությանը Հայաստանի մտացածին առնչությանը:
Այս մեղադրանքները որեւէ հիմք ունենալ չեն կարող: Ուստի հերյուրանք են այն աստիճանի, որ դրանք հոկտեմբերի 16-ի հայտարարությամբ նույնիսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնն է մերժել: Նա միաժամանակ Բաքվում ընդգծել է. «Մ. Նահանգները չի պաշտպանի «հակաահաբեկչական» գործողությունն ընդդեմ Հայաստանի»: Հիշեցման կարգով նշենք, որ այդ նույն ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Հայաստանն անվանել էր «ագրեսոր» պետություն: Ուրեմն, Ադրբեջանն ու Թուրքիան որքան էլ նախագահ Բուշի վերոհիշյալ հայտարարությանը տուրք տալու պատրաստակամությամբ փորձեն շահարկել, թե իրենք ԱՄՆ-ի հետ են, միեւնույն է, շահարկումները նպատակին չեն ծառայում: Ինչ վերաբերում է հերյուրանքներին, ապա դրանք քաղաքական միջոց դառնալ չեն կարող, բայց միանգամայն կարող են երեւան հանել քաղաքականության մեջ հերյուրանքների վրա հենվելու սնանկությունը: