«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2001-10-17 | #189, 2001-10-18 | #190, 2001-10-19


ՊԱՐԳԵՎՆԵՐ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մեկ շաբաթ առաջ սկիզբ առած Թարգմանչաց տոնը Օշականից տարածվեց Դսեղՙ թումանյանական ընթերցումներով, Ծաղկաձորումՙ «Քրիստոնեությունը հայ գրականության մեջ» գիտաժողովով եւ ամփոփվեց երկօրյա գիտաժողովով ԳԱ ակադեմիայում, որը կրում էր «Թարգմանությունը մշակույթների երկխոսության բանալի» խորագիրը, գիտաժողովի ընթացքում ընթերցվեցին շուրջ 36 զեկուցումներՙ նվիրված Հայաստանի արվեստին (ճարտարապետության պատմություն ու տեսություն նաեւ արվեստ): Երեկ եզրափակվեց Թարգմանչաց շաբաթը, եւ շատերին անակնկալ էրՙ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիվ 956 հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվեցին Ալեքսանդր Բոժկոնՙ Ուկրաինայի դեսպանը Հայաստանում, Վահե Գոդելըՙ Շվեյցարիա, Ժան Պիեռ Մահենՙ Ֆրանսիա, Ահմեդ Նուրի Զադենՙ Իրան, Կարպիս Սուրենյանը, Կիմ Բակշին, Մարգարիտ Դարբինյանըՙ «Հայ գրականությունը թարգմանաբար միջազգային հանրությանը ներկայացնելու, հայ թարգմանական գրականությունը հարստացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար» եւ Թարգմանչաց տոնի կապակցությամբ:

Իսկ 1700-ամյակի տոնակատարությունների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Խոսրով Հարությունյանը եզրափակիչ ելույթում հատկապես նշեց բոլոր նրանց անունները, ովքեր դարձել են մեր մշակույթի դեսպանները տարբեր երկրներում ու հարստացրել մշակութային կյանքը թարգմանությամբ: Թարգմանությունը որպես մշակույթ եւ որպես մշակույթների երկխոսության հիմնական բանալի, 21-րդ դարի շեմին, այսօր առավել քան հրատապ է, եւ այդ գործում ցուցաբերած գործունեության համար ՀՀ նախագահի հրամանագրով պատվոգրեր ու հուշամեդալներ շնորհվեցին Փառանձեմ Մեթիխանյանին (լեզվաբան) եւ Պիտեր Քաուին (հայագետ, ԱՄՆ), որոնք մեծ դեր ունեն մեր մշակույթի տարածման ու զարգացման, նաեւ մշակութային կապեր ստեղծելու գործում: Բացի պետական պարգեւներից 16 արվեստաբան, լեզվաբան, թարգմանիչ, հայագետ, մշակութային գործիչ, գրականագետ եւ բանաստեղծ-թարգմանիչներ արժանացան քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների կազմակերպման հանձնաժողովի պատվոգրով ու հոբելյանական մեդալով:

Թարգմանչաց շաբաթն իր ավարտը կազդարարի այսօրՙ Թարգմանության կենտրոնի բացումով, որը նախաձեռնել է «Անգլերեն լեզվով խոսողների միությունը»ՙ Մաշտոցի պողոտա 39/12 հասցեում եւ Վահե Գոդելի «Այստեղ-այնտեղ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4