Շրջանառվում է խոսակցության ժամկետը «ճշտող» գաղափարը
Արդեն չորրորդ օրն է, ինչ փոստային բաժանմունքներում ստացվել են րոպեավճարի հաշիվները եւ արդեն չորրորդ օրն է, ինչ բաժանորդները շարունակում են իրենց դժգոհությունն արտահայտել ոչ միայն դրանց առկայությունից, այլ նաեւ այն խառնաշփոթից, որ տիրում էր ներկայացված հաշիվներում: Եթե առաջին օրը դա ներկայացվում էր որպես բաժանորդային վճարի, րոպեավարձի եւ միջքաղաքային խոսակցությունների ընդհանուր գումար, ապա այժմ այլ «հայտնագործություն» է արվում: Բաժանորդներին ասվում է, որ դա միայն բաժանորդային եւ միջքաղաքային խոսակցությունների ընդհանուր վարձն է: Րոպեավճարի մասին ընդհանրապես ոչինչ չի ասվում: Այս մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ «Արմենտելից», որտեղ հերքեցին նման հաշիվների գոյությունը, սակայն հաստատեցին, որ բոլոր վճարները, այդ թվում նաեւ րոպեավճարը, միասին են գրվել: Ընկերության ներկայացուցիչը հնարավոր համարեց, որ դրանք կառանձնացվեն: Այնուամենայնիվ, գլխավոր հարցը մնում է: Այն է, թե ինչպես բաժանորդը պետք է իմանա իր խոսակցությունների ժամանակը, երբ դրանք հաշվարկում է միայն «Արմենտելը», ի՞նչ երաշխիք, որ այդ հաշիվները ճիշտ կլինեն եւ ի վերջո, քիչ չեն դեպքերը, երբ խոսակցություն չեն ունենում, բայց հաշիվներ ստանում են:
Եթե այժմ միջքաղաքային խոսակցությունների ժամանակ նման փաստեր լինում են, ապա րոպեավճարի կիրառման դեպքում դրանք անկասկած կլինեն: Դժվար է ասել, թե ինչ հույսերով ու հիմնավորմամբ է «Արմենտելը» փորձում պարտադրել մեզ րոպեավճարը, բայց թյուրիմացությունները ճշտելու համար, ըստ շրջանառվող տեղեկությունների, «հանճարեղ» լուծում է գտնվել: Բաժանորդը, ճշտելու համար, թե ինքը որքան է խոսել, պետք է «Արմենտելի» տարածքային բաժանմունքում համապատասխան գումար վճարի, այսպես կոչված, ծառայության համար: Այսինքնՙ վճարիր, որպեսզի իմանա, թե որքան պետք է վճարել եւ գլխավորը, վճարիր իմ հնարավոր սխալի պատճառով:
Ակնհայտ է, որ սա կլինի հաջորդ քայլը, եթե «Արմենտելին» հաջողվի «անցկացնել» րոպեավճարը: Եվ բացառված չէ, որ դա տեղի կունենա, քանզի սպառողի շահերի պաշտպանության վերաբերյալ որեւէ խոսք ոչ պայմանագրում, ոչ լիցենզիայում գոյություն չունի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ