Այս տասը տարիների ընթացքում նա մի քանի անգամ ցանկություն է ունեցել Հայաստան գալու, բայց գործարար մարդուն անհրաժեշտ բավարար պայմաններիՙ վստահության բացակայության պատճառով չի վերադարձել: Տիգրան Կարապետյանը գործարար աշխարհի այն մարդկանցից է, որոնց կարծիքով վերջին տարիներին երկրի ներքին կայունությունը վստահության երաշխիքներ է ստեղծում հայրենիքում գործելու եւ ներդրումներ կատարելու: «ԱԼՄ հոլդինգ»-ը (առայժմ հեռուստաընկերություն) նպատակադիր է իր աշխատանքը կառուցել սկզբունքային եւ կառուցողական քննադատությամբՙ ի շահ հասարակության, մերժելով հեղափոխական գործելակերպը, գտնելով, որ այսօր մեզ անհրաժեշտ է հասարակական, քաղաքական բոլոր ուժերի համախմբում-համագործակցում:
Ուսումնասիրելով քաղաքական եւ լրատվական հայաստանյան այսօրվա դաշտըՙ «ԱԼՄ հոլդինգ»-ի տնօրենը գտնում է, որ ինքը լիարժեքորեն կարող է մրցակցել, գոյատեւել եւ բարգավաճել այստեղ: Ֆինանսական անկախությունը, իշխանական որեւէ թեւի հովանավորությունից չօգտվելը կապահովեն հեռուստատեսության անկողմնակալ, օբյեկտիվ տեղեկատվությունը, որը չի ունենա քարոզչական նպատակներ, լուրջ վերլուծություններով եւ հրապարակախոսական բնույթի հաղորդումներով կնպաստի հասարակական կյանքի առաջընթացինՙ ապահովելով ուղղակի կապը հասարակության տարբեր շերտերի եւ իշխանությունների միջեւ: Իբրեւ քաղաքական որեւէ ուժի հետ չհամագործակցելու ապացույց կարելի է համարել մինչ օրս իշխանական մարմինների անտարբերությունը եւ առայժմ հեռուստատեսության արտոնագիր չունենալը:
Հեռուստատեսությունը կգործի արտոնագիր ստանալուց անմիջապես 15-20 օր հետոՙ ստեղծելով շուրջ 250 աշխատատեղ: Հոկտեմբերի 1-ից այստեղ աշխատում է 47 մարդՙ բարձր աշխատավարձով, մինչեւ նոյեմբերի 1-ը կընդունվի եւս հարյուրը: Մրցութային հիմունքներով կընտրվեն 20-30 լրագրողներ, նախապատվությունը կտրվի լուրջ, պրոբլեմային հարցադրումներին: Ավելացնենք նաեւ, որ մի քանի աշխատակիցներ հեռուստատեսությունում աշխատանք ունենալուց հետո փոխել են Հայաստանից հեռանալու իրենց մտադրությունը:
Տիգրան Կարապետյանը լիբերալ-դեմոկրատական հայացքներ ունի, էությամբ ազատամիտ է: Նրա կրեդոն այլընտրանքն է, կադրերին առավելագույն չափով մասնագիտորեն եւ անձնապես գնահատելը: Սեփականությունն, ըստ նրա, ամենամեծ կապվածությունն է առաջացնում, բայց այսուհանդերձ նա թողել է Ռուսաստանում տարիների իր սեփականությունը եւ վերադարձել Հայաստան, ինչպես ինքն է ասումՙ դիմելով ռիսկի եւ լիահույս է, որ հենց Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու, քանի որ բոլոր երկրներն են անցել նման քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ: Իսկ այսօր մարդկանց հուսադրել է պետքՙ իրական երաշխիքներով:
- Պրն Կարապետյան, Վոլգոգրադում տնտեսական հաջողություններ ունեիք. ABC հեռուստաընկերություն, հեղինակային հաղորդումներ, լայն հեռուստալսարան: Այժմ գործելու եք Երեւանում: Ինչո՞ւ հեռուստատեսություն, եւ ոչ տնտեսական որեւէ այլ գործունեություն:
- Նախընտրեցի մասնագիտությամբ աշխատել: Ես ասելիք ունեմ, գաղափարներ, որ կուզենայի սեփական հեռուստատեսությամբ հասցնել հանրությանը: Սա կլինի հանրապետությունում առաջին հեռուստատեսությունը, որ ինքնաբավ է, որեւէ կուսակցությունից կամ իշխանությունից անկախ է:
- Ինչպե՞ս կվարվեք, եթե Հայաստանում չկարողանաք իրականացնել ձեր ծրագրերը:
- Ես կպայքարեմ, եթե չհաջողվի, կվերադառնամ Ռուսաստան եւ կենտրոնական մամուլով հայերին կտեղեկացնեմ, որ Հայաստանում առայժմ չեն գործում գործարարներին տրվելիք երաշխիքները, որպեսզի վերադառնալ ցանկացողները դեռ չգանՙ ժամանակի եւ ֆինանսների կորուստներ չունենալու համար:
- Արտագաղթի այս պայմաններում ձեր վերադարձը Հայաստան հուսադրող է: Ի՞նչ կասեք Ռուսաստան արտագաղթող հայերի հոծ զանգվածի մասին: Արդարանո՞ւմ են նրանց սպասելիքներն այսօր:
- Մի քանի տարի առաջ կասեիՙ այո: Այսօր շատ դժվար է ապրել Ռուսաստանում: Հեշտ փողերի ժամանակն անցել է: Գործարար մարդիկ կարող են ընտելանալ ինչ-որ ձեւով, բայց մեծ մասը կարիքի մեջ է: Ինձ շատերն էին դիմումՙ օգնելու: Պատահում էր, որ ամսական 10 տոմս էի վերցնում նրանց վերադարձի համար: Գումար չունեին տուն դառնալու, հարեւան-բարեկամներից ամաչում էին: Շատերը կգան, Ռուսաստանում օրենքները խստանում են. եթե առաջ հայ արհեստավորներն առանց ձեւակերպվելու կարող էին աշխատել, հիմա դա անհնար է: Բայց արտագաղթն էլ իր դրական կողմն ունեցավՙ շփվեցին ռուսական մշակույթի հետ, լեզու սովորեցին, աշխարհ տեսան, փորձ ձեռք բերին: Ես կարծում եմ 2-3 տարվա ընթացքում 50 տոկոսը կվերադառնա: Արտագաղթը կկասեցվի, անկասկած, եթե բավարար վարձատրվող աշխատատեղեր այստեղ ստեղծվեն: Ասեմ, որ եթե Վոլգոգրադում 100 դոլար աշխատավարձ էի տալիս, այստեղ վճարում եմ 200 դոլար եւ ավելին:
- Բարեգործությունը ձեր կյանքում:
- Շատ եմ արել եւ շարունակելու եմ: Պետական համալսարանի ժուռնալիստիկայի եւ սոցիոլոգիայի բաժինների 4-րդ կուրսի ուսանողներին անցյալ ամբողջ ուսումնական տարին տվել եմ կրթաթոշակ, ֆինանսավորել եմ ազգային մշակութային արժեք ունեցող մի շարք հրատարակություններ («Արցախի գանձերը»ՙ Շահեն Մկրտչյանի հեղինակությամբ), 1700-ամյակի առիթով Մայր աթոռ սբ. Էջմիածնին փոխանցել եմ 17000 դոլարՙ գրքի հրատարակման համար: Համակարգերը փոխվում են, քաղաքական գործիչները գնում-գալիս են, բայց եկեղեցին մեր ազգային հոգեւոր արժեքն էՙ հարատեւող:
- Խոսեցիք մշակույթի մասին, ինչպիսի՞ն է մշակութային կյանքն այսօր Հայաստանում ձեր կարծիքով:
- Շատ բարձր եմ գնահատում արվեստը, կարեւոր եմ համարում գիտական մտքի զարգացումը: Սակայն այսօր հայկական մշակույթը վաճառվում է գրանտներով: Ես լավ գիտեմ աշխարհը, եւ յուրաքանչյուր պետություն դրամաշնորհ տրամադրելովՙ որոշակի նպատակներ է հետապնդում (տեղեկություններ ստանալ, խաթարել ազգային արժեքները, պրոպագանդել իր մշակույթը եւ այլն): Մտավորականներին է տրված առաջատարը լինելու առաքելությունը ազգային արժեքները պահպանելու եւ զարգացնելու առումով: Եթե այսօր նրանք մտահոգված են գրանտներով, բաց են թողնում պատմական ժամանակահատվածի այս «տարածքը»: Վաղվա սերնդի համար, եթե անհրաժեշտ լինի այս ճգնաժամային փուլի նկարագիրը, տեղը դատարկ կլինի, ֆիքսված չի լինի ոչինչ, կամ գրեթե ոչինչ: Երբ համալսարանի այսինչ բաժինը «ապրում է» Հոլանդիայի նախագծով, մյուսըՙ մեկ այլ երկրի, գուցե ճարահատ, բայց միեւնույն է, ապագայում տանուլ տվածը շատ է լինելու: Կան ազնիվ մտավորականներ, բայց քիչ են, ուստի եւ առաջընթաց չկա: Ես կարծում եմ, որ հասարակության առաջընթացը կարող է ապահովվել կյանքի բոլոր ոլորտների ներդաշնակ զարգացմամբ միայն, երբ տնտեսությունը, մշակույթը, հասարակական ներքին կյանքը, դեմոկրատական պրոցեսները ընթանան զուգահեռ եւ այս ամենի հիմքում լինի սթափ գիտակցությունը եւ պետական մարմինների անաչառ վերաբերմունքը բոլորի նկատմամբ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ