Դրա վառ արտահայտությունը Հայոց ցեղասպանության հարցի եւ 907 հոդվածի չարչրկումներն են
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով «ահաբեկչության հետ Հայաստանի առնչությունների» մասին թուրք-ադրբեջանական մեղադրանքներին, դրանք հերյուրանք էր որակել եւ կարծիք էր հայտնել, որ հերյուրանքները քաղաքական միջոց չեն, բայց կարող են սպառել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի որդեգրած հայկական քաղաքականության դիրքերը: Այդ կարծիքը հիմնավորվել է Բաքվում ամերիկյան դեսպան Ռոս Վիլսոնի հայտարարությամբ. «ԱՄՆ-ը չի պաշտպանի «հակաահաբեկչական» գործողությունն ընդդեմ հայերի»:
Հայաստանի դեմ այսպես կոչված հակաահաբեկչական գործողություններ ծավալելու ԱՄՆ-ին հասցեագրված թուրք-ադրբեջանական պահանջներն ակնհայտ են: Դեսպան Վիլսոնի հայտարարությունն ակնհայտորեն ընդգծում է, որ դրանք անընդունելի են ԱՄՆ-ի համար: Այլ կերպՙ ԱՄՆ-ն իր դեսպանի միջոցով մերժում է թուրքերի եւ ադրբեջանցիների համատեղ պահանջները: Թերեւս նա դրանով Հայաստանի դեմ հակաահաբեկչական գործողությունների հարցում «հակաթուրքական» եւ «հակաադրբեջանական» մոտեցում է դրսեւորում, ինչը համազոր է «հայամետ» մոտեցման:
Սակայն աֆղանական պատերազմի ներկա փուլում, երբ իսլամական աշխարհն ԱՄՆ-ին է հակադրվում, ամերիկյան շահերը պահանջում են, որ նա ապավինի հատկապես մահմեդական երկրների անվերապահ աջակցությանը: Այս հանգամանքը պահանջում է «հակաթուրքական» եւ «հակաադրբեջանական» վերոհիշյալ մոտեցումների «հակահայկականով» հավասարակշռում: Ահա այս պայմաններում շրջանառության մեջ է դրվում չարաբաստիկ 907 հոդվածի վերանայումը, եւ դա պատճառաբանվում է Ուսամա բեն Լադենի հետ հնարավոր կապ ունեցողների հայտնաբերման հարցում Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի համագործակցության անհրաժեշտությամբ:
907 հոդվածի վերանայումը որպես ադրբեջանամետ քայլ միանգամայն հակակշռում է նշված «հայամետ» քայլը: Հարցը սակայն սոսկ «հայամետ» քայլի ադրբեջանամետով հակակշռումը չէ, այլՙ հակակշռի համարժեքությունը: Դրա ապահովումը ենթադրում է «հակաթուրքական» քայլի եւս հակակշռում: Այսպիսով, անխուսափելի է դառնում Եվրամիությանն անդամակցության համար Թուրքիային առաջադրված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախապայմանի վերանայումը: Հատկանշական է, որ վերանայումը պատճառաբանվում է «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» գործունեությամբ:
Քանի որ հանձնաժողովը Հայոց ցեղասպանության բանաձեւերի չեզոքացման առաջադրանքով ԱՄՆ պետդեպարտամենտի նախաձեռնությամբ է ստեղծվել, ուրեմն դժվար չէ կռահել, թե Թուրքիային առաջադրված վերոհիշյալ նախապայմանը ո՞ւմ նախաձեռնությամբ է վերանայվելու: Հատկապես այն դեպքում, երբ նախագահ Ջորջ Բուշն Աֆղանստանում ծավալվող պատերազմական գործողություններին մասնակցելու դիմաց Թուրքիայում Եվրամիությանն անդամակցելու հարցում աջակցություն է խոստացել:
Վերանայման հարցն իր վերջնական լուծումը կստանա հոկտեմբերի 23-25-ին, երբ Եվրախորհրդարանը քննարկի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին տեղեկագիրը: Թե ինչպիսի՞ որոշում կկայացվի, ցույց կտա ժամանակը: Բայց որ այդ որոշումն, անկախ դրա դրական կամ բացասական արդյունքից, հազիվ թե նպաստի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ակնհայտ է: Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմանը եթե նույնիսկ վերացվի, ԵՄ-ը Թուրքիային կառաջադրի մեկ այլ նախապայման: Այսինքնՙ նախապայմանները բովանդակությամբ փոփոխության կենթարկվեն, բայց անդամակցության պայմաններն էությամբ կմնան անփոփոխ: Իրականում հարցը իբրեւ նախապայման Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ, այլ դրա չարչրկումն ու չարչրկման անմիջականորեն պայմանավորումը «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովով»:
Ինչ վերաբերում է 907 հոդվածին, որքան էլ դա ԱՄՆ-ի կառավարությանն արգելի օգնություն հատկացնել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի վերացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, այնուամենայնիվ, արգելքը մշտապես շրջանցվում է: Ահա թե ինչու այդ հոդվածն ուժի մեջ է մնում, բայց Հայաստանին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնությունը տարեց-տարի կրճատվում է, փոխարենն Ադրբեջանինըՙ շարունակ աճում:
Այս պայմաններում 907 հոդվածը խորհրդանշական բնույթ է ստանում: Դա, իհարկե, չի խանգարում, որ ԱՄՆ-ը դրանով հիմնավորի իր «հայամետ» դիրքորոշումը: Ուրեմն, եթե Հայոց ցեղասպանության հարցը չարչրկվում է որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման, եւ դա պայմանավորվում է «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» գործունեությամբ, ապա 907 հոդվածն, իբրեւ ամերիկյան հայամետության դրսեւորում, անխնա շահարկվում է: Հարկ է սակայն նշել, որ կարեւորը նախապայմանների չարչրկումը կամ հոդվածների շահարկումը չեն, այլՙ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականության բնույթը: Կարծում ենք, Ղարաբաղի հարցում նրա ադրբեջանամետ, իսկ Հայոց ցեղասպանության հարցումՙ թուրքամետ դիրքորոշումը հստակ պատկերացում է տալիս այդ քաղաքականության բնույթի մասին: