«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2001-10-18 | #190, 2001-10-19 | #191, 2001-10-20


ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈԽԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինային ձեռնտու է ղարաբաղյան հարցի ցանկացած փոխընդունելի լուծում, հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկոն: Մամլո ասուլիսը կայացավ Անատոլի Զլենկոյի Հայաստան մեկօրյա պաշտոնական այցի շրջանակներում, որով նա ավարտեց տարածաշրջանային ուղեւորությունը Հարավային Կովկասի երկրներ: Նախարարն ընդգծեց նաեւ, որ Ուկրաինան արտաքին քաղաքականության մեջ պաշտպանում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ճիշտ այնպես, ինչպես եւ միջազգային իրավունքի մյուս նորմերը:

Ինչպես նշեցին նախարարները, բանակցություններում արծարծվել են բազմաթիվ հարցեր, սակայն հիմնական քննարկումը վերաբերել է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այդ զարգացմանը, ըստ Ա. Զլենկոյի, ներկայումս ոչինչ չի խանգարում: Դրան հատկապես նպաստում է Իլյիչովսկ-Փոթի լաստանավային անցուղու շահագործումը: Ինչպես նշեց Վ. Օսկանյանը, անցուղու շնորհիվ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ աճել է չորս անգամ: Քննարկումն առնչվել է նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցներին: «Այդ հարցի առնչությամբ մեր հայացքները բացարձակապես համընկնում են», նշեց Ա. Զլենկոն: Նա հայտնեց նաեւ, որ քննարկվել է Հայաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների առաջիկա մասնակցությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստին, որը կկայանա նոյեմբերի 8-ին, Ստրասբուրգում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4