Ադրբեջանցի լրագրողների վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո, կարծես թե կախարդական փայտիկի մի շարժումով, Ստեփանակերտում բոլորը հանկարծ սկսեցին հասկանալ, որ Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում ԼՂՀ-ն անողոքորեն տանուլ է տալիս:
Գուցե թե մի քիչ սարկազմով հնչեց, բայց իրողությունն այն է, որ Արցախում լրագրությունը դեռեւս ատամներ չունի մեծ լսարանի համար: Եվ պատճառը կադրային ներուժի պակասը չէ: Գնդիկավոր գրիչներով հարյուրավոր էլեկտրոնային սայթերի դեմ, որոնք ունի Բաքուն, կռվելը, մեղմ ասած, դոնկիխոտություն է: Ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր, Ադրբեջանի պաշտոնական եւ անկախ լրատվամիջոցները, չնայած իրենց ներքաղաքական հակընդդեմության դրսեւորումներին, համերաշխորեն լայն հակաղարաբաղյան քարոզչություն են վարում, այդ թվում նաեւ ինտերնետային ցանցով: Ղարաբաղյան տեղեկատվական մեքենան դրան հակադարձելու ուժ չունի ամենից առաջ տեխնիկական չհագեցվածության պատճառով:
Մյուս կողմից, ԼՂՀ-ում քիչ կան օտարերկրյա լրատվամիջոցների (տեղացի) սեփական թղթակիցներ, որոնք կարող են Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացների մասին անաչառ տեղեկություն հաղորդել աշխարհին: ԼՂՀ-ն այս առումով ոչ միայն կտրված է աշխարհից, այլեւ հաճախ դրսում դառնում է տեղեկատվական շահարկումների առարկաՙ մեծ մասամբ ի վնաս ԼՂՀ-ի պետական շահերի: Այդ է պատճառը, որ դրսեկ ամեն մի լրագրողի այցը Ստեփանակերտ դառնում է իրադարձություն իշխանական որոշ օղակների համարՙ անպայման նրա հետ լեզու գտնելու բնազդային մղումով: Ինչ գիտես, մեկ էլ տեսար վատ բան գրեց մեր մասին:
Իսկ եթե ավելի խորանանք, ապա լրատվական այս յուրօրինակ անճարակության գլխավոր պատճառը ԼՂՀ-ում լրատվական քաղաքականության հայեցակարգի բացակայությունն է:
Մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցներ Արցախում գոյատեւում են պետբյուջեի հաշվին, ավելի քան 200 միլիոն դրամ գումարի կլանումով: Սակայն իշխանությունները հաճախ դժգոհ են մնում դրանց անարդյունավետ գործունեությունից:
Վերջերս մաս-մեդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած նպատակային մի խորհրդակցության ժամանակ ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը բացահայտ դժգոհություն հայտնեց տեղական լրագրողներից, նրանց ամբաստանելով Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմում գլուխ պահելու մեջ: Այս շշպռանքը թեպետ անընդունելի էր լրագրողների համար, էականը փաստն էրՙ լրատվական քաղաքականության հայեցակարգի բացակայությունը: Դրա մշակման հույժ անհրաժեշտության մասին խորհրդակցությունում արտահայտվեց տողերիս հեղինակը, որին համաձայն եղան բոլոր ներկաները:
Ոչ ոք կարծես թե չի փորձում այլեւս անտեսել տեղեկատվական դոկտրինայի նշանակությունը: Այլ հարց է, թե ով պիտի մշակի պետական քաղաքականության այդ դոկտրինան: Եվ ինչքան էլ այն տրամաբանորեն ենթադրելի է, այնուհանդերձ, որոշակիորեն պարզ դարձավ միայն հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտի մամուլի ակումբի կազմակերպածՙ խնդրո առարկայի վերաբերյալ սեմինարի ժամանակ, որին մասնակցեցին նաեւ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու լրատվության հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ նախագահին կից վերջերս բացված տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը եւ դարձյալ նախագահական աշխատակազմիցՙ պլանավորման խմբի անդամ Հրաչյա Արզումանյանը:
Եթե տեղեկատվության գլխավոր վարչության պետի մասնակցությունը սեմինարի աշխատանքներին պարզ բացատրություն ունիՙ նա Ստեփանակերտի մամուլի ակումբի անդամ է, ապա մյուս երեք պաշտոնյաների շահագրգիռ մասնակցությունը ենթադրելի այլ պատճառաբանում ուներ. պետական լրատվական քաղաքականություն մշակելու համար իշխանություններն այս լրագրողական կազմակերպության աջակցության կարիքն ունեն: Սա նշանակում է, որ հասարակական կազմակերպությունների դերը կարեւորվում է ԼՂՀ-ում, որն ուրախալի փաստ է: Որոշ առումով տարակուսելի է այն հանգամանքը, որ իշխանություններն ապավինում են այն հասարակական կառույցին, ի դեմս Ստեփանակերտի մամուլի ակումբի, որը վերջին 2-3 տարում անհաշտ վերաբերմունք է տածում ԼՂՀ իշխանությունների նկատմամբ (ՍՄԱ-ի կորիզը «10-րդ նահանգ» խիստ ընդդիմադիր թերթի, որը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, աշխատակիցներն են): Սառույցի հալվելը, թերեւս, Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների արդյունք է: Լրագրողական ուժերի կոնսոլիդացումը, ըստ իս, նպատակ ունի միասնական լրատվական ճակատ ստեղծել ընդդեմ հակաղարաբաղյան հիստերիայի:
Սեմինարի ժամանակ հնչած ելույթները փաստեցին նաեւ հետեւյալը. ԼՂՀ լրատվամիջոցները ազդեցության լծակներ չունեն անգամ բուն հանրապետության ներսում: Օրինակ, հանրապետական «Ազատ Արցախ» պաշտոնաթերթն իր մի քանի հարյուր տպաքանակով հազիվ թե կարող է «կոլեկտիվ կազմակերպչի եւ պրոպագանդիստի» իր առաքելությունը կատարել, մանավանդ, տեղեկատվության գլխավոր վարչության պետի բնութագրմամբ, երբ աշխատավարձերը խմբագրակազմին տրվում են պարբերաբար ուշացումներով:
Իսկ Արցախի միակՙ պետական հեռուստատեսության հեռարձակումներն ամբողջությամբ չեն ընդգրկում ԼՂՀ տարածքը: Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները դիտում են միայն ադրբեջանական հեռահաղորդակցական միջոցների հայատյաց թողարկումները:
Ավելի քան երեք տարի է Ղարաբաղում գծային ռադիոն չի գործում, եւ շատերի կարծիքովՙ Արցախի ռադիոն պարզապես փակվել է: Պատճառը ռադիոհաղորդումների եթերային հեռարձակումների անմատչելիությունը բնակչության մեծամասնության համար:
Մամուլի ազատությունը ԼՂՀ-ում տեւական ժամանակ ընկալվում էր սոսկ ռազմական դրության ռեժիմի համատեքստում: Թվում էՙ հիմա, հանրապետությունում իրականացվող քաղաքական նոր ուղեգծի շրջանակներում, նոր հարթություններ են բացվել ազատ խոսքի համար: Եվ գուցե հենց դրանով պիտի բացատրել նաեւ իշխանությունների ձգտումըՙ ազգային անվտանգության դոկտրինայում ընդգրկել լրատվական քաղաքականությունն իբրեւ դրա մի բաղկացուցիչ մաս: Սեմինարում ելույթ ունենալով, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը նշեց, որ հանրապետության նախագահը նպատակ ունի արմատապես վերակառուցել ԱԽ-ն: Թե կոնկրետ ինչ տեսքով, պարոն Բաբուրյանը չմանրամասնեց, սակայն նրա մասնակցությունն իշխանությունների կողմից անհանդուրժելի համարվող «այլճամբարային» կազմակերպության միջոցառմանն արդեն իսկ ինչ-որ բան հուշում է: Սակայն իրադարձություններից առաջ չընկնենք: Փաստենք սեմինարի եւս մի արդյունքՙ ստեղծվեց 3 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որը պիտի մշակի եւ համապատասխան պետական մարմնի քննարկմանը ներկայացնի երկրին այնքան անհրաժեշտ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի նախագիծը:
Անշուշտ, ողջունելի է, որ ԼՂՀ-ում վերջապես փորձ է արվում տեղեկատվությունը գործնականում դարձնել պետական քաղաքականության կարեւոր մաս: Տեղեկատվական պատերազմը, ինչպես ռազմական հակամարտությունը, պահանջում է բացառապես պետական մոտեցումՙ երկրում առկա հասարակական-քաղաքական ուժերի պարտադիր ընդգրկումով, ապահովելով նաեւ տարվող քաղաքականության օրենսդրական հիմքերը: Նվազ կարեւոր չէ նաեւ նյութական անհրաժեշտ միջոցների ներդրումը:
Եթե այս ծրագիրը չամրապնդվի օրենսդրական ու քաղաքական դաշտում եւ, ֆինանսական առումով, չարտացոլվի հաջորդ տարվա պետբյուջեի մեջ, ապա կմնա որպես միայն լավագույն ցանկություն:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ