Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը (մինչեւ 19 տարեկաններ) Եվրոպայի առաջնոթյան ընտրական մրցաշարում իր երկրորդ հանդիպումն անցկացրեց շվեյցարացիների հետ: Ինչպես տեղեկացրեց հավաքականների տեխնիկական տնօրեն Արմեն Խանդանյանը, մեր պատանիներն առաջին խաղի համեմատ ավելի վստահ հանդես եկան, թեեւ կրկին զիջեցին, այս անգամՙ 1-3 հաշվով: Մեր թիմից գոլի հեղինակ է դարձել Տիգրան Ղարաբաղյանը («Մալաթիա»): Ընդ որում, 1-1 հաշվի ժամանակ Տիգրանը չօգտագործեց գոլային հարյուր տոկոսանոց պահը: Իսկ ահա դաշտի տերերն օգտվելով մեր պաշտպանների սխալից, 2-րդ գնդակը խփեցին: 3-րդ գոլը հայ ֆուտբոլիստներն անցկացրին սեփական դարպասը: Հայաստանի հավաքականի դարպասն այս խաղում պաշտպանում էր թիմի միակ լեգեոներըՙ շվեյցարական «Սառաու» թիմի դարպասապահ Ալեն Ասադուրյանը: Առաջին խաղում, որում մեր հավաքականը զիջել էր 0-4 հաշվով, դարպասի պաշտպանությունը վստահվել էր «Կոտայքի» դարպասապահ Սահակ Ղուկասյանին:
Այժմ մեր ֆուտբոլիստներին հոկտեմբերի 23-ին եւ 26-ին սպասում են ընտրական երկու մրցախաղերը Իսպանիայումՙ տանտերերի հետ: