Շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատար եռյակում գտնվող հավաքականի հանդիպումներն էին: Հայաստանի շախմատիստները մրցում էին ուկրաինացիների, իսկ ռուսներըՙ ուզբեկների հետ: Երկու մրցախաղերում էլ չափազանց համառ ու անզիջում պայքար ծավալվեց: Ցավոք, այս շախմատիստները երեկ չկարողացան հաղթանակ տանել: Առաջին խաղատախտակի վրա Հակոբյանն ու Իվանչուկը խաղաղ դաշն կնքեցին, ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Ասրյան-Բակլան եւ Ռոմանիշին-Մինասյան պարտիաները: Մրցաշարում իր անդրանիկ պարտությունը կրեց Վահանյանըՙ զիջելով Պոնոմարյովին: Այսպիսով, Ուկրաինայի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթելով Հայաստանի ընտրանուն, վաստակեց 19 միավոր եւ կես միավորով առաջ անցավ հայ շախմատիստներից:
Ուզբեկ շախմատիստները, որոնք նախորդ օրը լուրջ դիմադրություն էին ցույց տվել Հայաստանի հավաքականին, այս անգամ էլ իրենց գերազանց դրսեւորեցին Ռուսաստանի հավաքականի հետ մրցախաղումՙ բոլոր 4 պարտիաներն էլ ավարտելով ոչ-ոքի արդյունքով: Ռուսաստանի հավաքականը 19,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը:
Այսօր տեղի կունենա մրցամարտի ավարտական տուրը, որն էլ վերջնականապես կանվանի աշխարհի չեմպիոնին: Հայաստանի հավաքականի մրցակիցը Հունգարիայի հավաքականն է, իսկ Ռուսաստանի եւ Ուկրաինայի շախմատիստներըը կմրցեն միմյանց հետ: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: Չեմպիոնի կոչմանն արժանանալու համար հայ շախմատիստներին անհրաժեշտ է հունգարներին հաղթել նվազագույնը 3,5-0,5 հաշվով: Իհարկե, շատ բան կախված է նրանից, թե միմյանց հետ ինչպես կխաղան ռուսներն ու ուկրաինացիները: Նշենք, որ ավարտական տուրը սկսվելու է ժամը 11-ին, իսկ երեկոյան ժամը 19-ին տեղի կունենա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությոնը:
Ահա 8-րդ տուրի հանդիպումների համառոտ վիճակագրությունը.
Ռուսաստան-Ուզբեկստանՙ - 2-2
Սվիդլեր-Կասիմջանովՙ - 0,5-0,5
Դրեեւ-Սաֆինՙ - 0,5-0,5
Գրիշչուկ-Յուլդաշեւՙ - 0,5-0,5
Ռուբլեւսկի-Վահիդովՙ - 0,5-0,5
Մակեդոնիա-Հունգարիաՙ - 1,5-2,5
Միտկով-Գիմեշիՙ - 0,5-0,5
Նեդեւ-Ռուխՙ - 0-1
Յասիմովիչ-Վարգաՙ - 0,5-0,5
Բոգդանովսկի-Աքսՙ - 0,5-0,5
Գերմանիա-Կուբաՙ - 2-2
Յուսուպով-Դոմինգեսՙ - 1-0
Լուտց-Վերաՙ - 0,5-0,5
Գրաֆ-Արենչիբիաՙ - 0-1
Լյութեր-Աբրոՙ 0 - ,5-0,5
Մրցաշարային աղյուսակ
1. Ռուսաստան - 19,5 (28)
2. Ուկրաինա - 19 (28)
3. Հայաստան - 18,5 (28)
4. Գերմանիա - 16 (28)
5. Կուբա - 14,5 (32)
6. Հունգարիա - 14 (28)
7. Ուզբեկստան - 14 (28)
8. Մակեդոնիա - 8 (28)
9. Իրան - 4,5 (28)