Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Էդուարդ Շեւարդնաձեն երեկ մեկնեց Երեւանից: Այցի երկրորդ օրը Վրաստանի նախագահը եղավ Ծիծեռնակաբերդում, Ազգային ժողովում, Երեւանի պետական համալսարանում, Ազգային պատկերասրահում: Մեր թղթակիցների ռեպորտաժները հանդիպման վայրերից:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ, ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ծիծեռնակաբերդում
Երեկՙ հոկտեմբերի 24-ին շարունակվում էր Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի պաշտոնական այցը: Առավոտյան մեր հարեւան պետության ղեկավարը եւ նրան ուղեկցող անձինք այցելեցին Ծիծեռնակաբերդ: Վերջին երկու տարվա ընթացքում սա Շեւարդնաձեի 3-րդ այցն է Ծիծեռնակաբերդ: Դեռ 1998 թ., լինելով Ծիծեռնակաբերդում, նա գրառում կատարեց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հուշամատյանում: Երեկ, այցից առաջ, ինստիտուտ-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը մեզ մեկ անգամ եւս ծանոթացրեց Էդուարդ Շեւարդնաձեի գրառմանը.
«Բազմադարյան հերոսական պատմության ընթացքում հայ ժողովուրդը բազում փորձությունների է ենթարկվել: Նրա կրած զոհողությունները ցնցող են: Կարծում եմՙ այս թանգարանում ներկայացված նյութը եւս մեկ փաստարկ է բոլոր երկրների բոլոր սերունդների համարՙ հօգուտ այն իրողության, թե ինչպիսի հոգածությամբ պիտի պահպանել խաղաղությունը, թե ինչպես չպիտի զլանանք ժողովուրդների միջեւ բարիդրացիական փոխհարաբերությունները պահպանելու եւ զարգացնելու համար: Ես հավատում եմ հայ ժողովրդի իմաստնությանը, նրա արժանավայել անցյալին, հուսալի ներկային եւ մեծ ապագային»:
Այս անգամ նոր գրառում չեղավ: Սակայն Վրաստանի նախագահը մեկ անգամ եւս խոնարհվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին վառվող անմար կրակի առաջ եւ տնկեց հիշատակի ծառ:
Համալսարանում
Երեկ Վրաստանի նախագահը եղավ ԵՊՀ-ում, հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հիշեցրեց հայ-վրացական ավանդական հարաբերությունները, Էդուարդ Շեւարդնաձեի հասարակական-քաղաքական հարուստ կենսագրությունը: Ու սա նկատի առնելովՙ գիտխորհրդի անունից Վրաստանի նախագահին շնորհեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ չունեցավ, այնպես որ ռեկտորից հետո խոսքն անմիջապես անցավ բարձրաստիճան հյուրին: Վրաստանի նախագահը նախ պատմական էքսկուրս կատարեցՙ բերելով հայ-վրացական «եղբայրական, միասնական ճակատագիրը» վկայող փաստարկներ, անուններ: «Ժողովուրդների բարեկամությունը ձեւավորում են անհատներըՙ աղերսներ ստեղծելով արվեստի եւ այլ ոլորտներում», նշեց նախագահը:
Է. Շեւարդնաձեն հավաստեց, թե Հայաստանն ու Վրաստանը մշտապես առավել հաջողակ են եղել այն դեպքերում, երբ գործել են համահունչ ու միասնական: «Այսօր, ցավոք, երկկողմ հարաբերություններում մեր քաղաքական, տնտեսական ներուժի աննշան մասն ենք օգտագործում»: Իսկ երկկողմ հարաբերությունների զարգացումը Շեւարդնաձեն քանիերորդ անգամ համարեց անհնար կամ խիստ դժվար իրագործելի, եթե հաշվի չնստեն տարածաշրջանային իրականության հետ:
Այս առումով Է. Շեւարդնաձեն նշեց, թե անկախություն ձեռք բերելուց հետո Հարավային Կովկասի եռյակը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) պիտի ռազմավարական երկխոսություն սկսի նոր որակի հարաբերությունների համար, քանի որ Կովկասը եւ Հարավային Կովկասը մասնավորապես աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է: Շեւարդնաձեն առանձնացրեց նաեւ Ռուսաստանի կարեւորության գործոնը Հարավային Կովկասում:
«Այսօր նաեւ տեսակետ է հայտնվում, թե Վրաստանը ներքաշված է միջազգային, տարածաշրջանային այնպիսի ծրագրերի, գործողությունների մեջ, որոնք կարող են վնասել Հայաստանին: Վրաստանը երբեք չի մասնակցի որեւէ ծրագրի, որը կարող է բերել այնպիսի հետեւանքների, ինչպես, ասենք, «բեռլինյան պատի» բարձրացում Կովկասում»: Շեւարդնաձեն հայտարարեց նաեւ, թե Վրաստանի տարածքը Հայաստանի համար երբեք չի դառնա վտանգ պարունակող: Նկատի ունենալով հատկապես թուրքական զինվորական բարձրաստիճան պատվիրակության օրերս Վրաստան կատարած այցըՙ գուցե Շեւարդնաձեն նկատի ուներ իր երկրի տարածքում թուրքական ռազմակայաններ տեղադրելու անհնարինությո՞ւնը:
Շեւարդնաձեն համալսարանում շեշտեց նաեւ, թե ոչ միայն այս, այլ ամեն անգամ Հայաստան գալիս ինքն իր պարտքն է համարում Ծիծեռնակաբերդ այցելելն ու «ողբերգական հայտնի դեպքերի» զոհերին հարգանքի տուրք մատուցելը: «Կարծում եմՙ ժամանակակից Թուրքիան պիտի գնա պատմական հաշտեցման», հայտարարեց Շեւարդնաձենՙ այսպիսով ցեղասպանություն բառը փոխարինելով «հայտնի դեպքեր», «ողբերգություն» ձեւակերպումներով: Վրաստանի նախագահը վստահեցրեց, թե ուշադիր հետեւում է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքներին եւ ողջունում երկխոսության փաստը: «Հաշտեցումը բարդ գործընթաց է եւ ուրախ ենք, որ երկու երկրների մտավորականությունը, գիտական շրջանակներն են ձեռնամուխ եղել դրան»: (Չնայած Հայաստանից ընդգրկված երկու անդամներն էլ առավելապես առանձնանում են իրենց կուսակցական պատկանելությամբ):
Փոքր անդրադարձ եղավ նաեւ աբխազական հակամարտության խնդրին: Վերջինիս կարգավորման դրական արդյունքներից Է. Շեւարդնաձեն նշեց մինչեւ Սեւ ծով երկաթուղու գործարկումը, «ինչը կենսական անհրաժեշտություն է ոչ միայն Վրաստանի, Հայաստանի, անգամ Ռուսաստանի համար»:
Մեր տարածաշրջանի զարգացումների առնչությամբ Վրաստանի մոտեցումների ներկայացումը Շեւարդնաձեն ամփոփեց հայ-վրացական գիտական մի կենտրոն հիմնելու առաջարկով: Ըստ նախագահի, սա կարող է ստեղծվել երկու երկրների պետական համալսարանների կամ գիտությունների ակադեմիաների հենքով եւ խորացող գլոբալիզացիայի համատեքստում երկկողմ հարաբերությունների զարգացման տարբերակներ առաջադրել:
Այսպիսով, Վրաստանի նախագահի այցը Հայաստան կայացավ աբխազական հակամարտության սրված գործողությունների պահին, երբ գրանցվել են զոհեր տեղի հայ բնակչության շրջանում: Ենթադրվում էր բանակցությունների կոշտ եւ լարված մթնոլորտ: Լարված մթնոլորտի մասին անուղղակիորեն վկայում էին նաեւ նախագահների երկուստեք շնորհակալություններն անկեղծ մթնոլորտի համար, որ հնչեցրին մամլո ասուլիսին: Նաեւ Ռ. Քոչարյանը շեշտեց, թե հայերի համար դրամատիկ իրավիճակ են ստեղծել աբխազական դեպքերը, եւ Հայաստանը հույս ունի հակամարտության շուտափույթ կարգավորման:
Պատկերասրահում
Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց վրաց եւ Վրաստանում ապրող ու ստեղծագործող հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, ներկա էին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:
- Ուրախալի է, որ բարձրաստիճան պաշտոնական այցերի ժամանակ ավանդույթ են դառնում մեր նկարիչների ցուցահանդեսի բացումը Թբիլիսիում եւ վրաց նկարիչների ցուցահանդեսի բացումը Երեւանում,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:- Ես մեծ ջերմությամբ եմ հիշում թբիլիսյան իմ այցի ժամանակ Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Շատ հաճելի է, որ այս անգամ մեծ հաջողությամբ կայացավ Վրաստանի պարային փառաբանված կոլեկտիվներից մեկիՙ Սուխիշվիլու եւ Ռամիշվիլու պարի անսամբլի ելույթը: Կրկնակի հաճելի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք դիտելու վրաց եւ Վրաստանում ստեղծագործող հայ նկարիչների աշխատանքները:
Վերջին տարիների ընթացքում հասկանալի կերպով մեր մշակութային կապերն այն հզորությունը չունեին, ինչ ավելի վաղ ժամանակներում: Այժմ արդեն այդ ավանդական կապերը վերականգնվում են:
Վրաստանի նախագահն իր խոսքում նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների, բարձրաստիճան մյուս անձանց ամեն մի հանդիպում նշանավորվում է որպես երկու հարեւան ժողովուրդների միջեւ նոր փուլ: Այս անգամ եւս ավանդույթը չի խախտվել:
- Միջպետական հարաբերությունների ամրապնդման համար մեծ նշանակություն ունի արվեստի, մշակույթի մարդկանց մասնակցությունը,- շարունակեց պարոն Շեւարդնաձեն:- Ուստի մենք լավ գիտակցում ենք, որ հարկ է միշտ էլ խրախուսել նկարիչներին: Մեր երկու ժողովուրդների ստեղծած հոգեւոր ժառանգությունը պետք է խնամքով ու հոգատարությամբ պահպանել: