Հազվադեպ միասնականություն դրսեւորելով, Միացյալ Նահանգների հայկական 17 ազգային, հասարակական եւ կրոնական կազմակերպություններ հոկտեմբերի 23-ին նամակ են հղել Սպիտակ տունՙ նախագահ Բուշին խնդրելով պահպանել 907 հոդվածը, որպես Ամերիկայի համար «մարտավարական նշանակության տարածաշրջանի կայունության գլխավոր երաշխիք»:
Նշելով Հայաստանի վրա ունեցած թուրքական եւ ադրբեջանական շրջափակումների ավերիչ տնտեսական ազդեցությունը եւ ադրբեջանական հետագա ոտնձգությունները կանխելու հարցում 907 հոդվածի կենսական դերը, նրանք մտահոգություն են արտահայտել այդ հոդվածը թուլացնելու կամ ընդհանրապես վերացնելու ամերիկյան վարչակարգի եւ Կոնգրեսի որոշ անդամների վերջերս կատարած քայլերի առնչությամբ:
«Ադրբեջանիՙ հոդվածի պահանջները բավարարող շոշափելի միջոցառումների բացակայության պայմաններում վերացումը կնսեմացներ Կովկասում մեր շահերն ու արժեքները պաշտպանելու Միացյալ Նահանգների ջանքերը հատկապես ներկա ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը խիստ մարտական է տրամադրված», ասված է նամակում, որտեղ այնուհետեւ այն միտքն է արտահայտված, որ «դրանում Հայաստանը տեսնում է իրեն տնտեսապես մեկուսացնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի միացյալ ջանքերի իրագործումը մի կողմից եւ շրջափակումը շարունակելու Ադրբեջանի վճռականությունըՙ մյուս կողմից, համոզված լինելով, որ դրա համար չի հանդիպի Մ. Նահանգների կամ միջազգային հասարակայնության ընդդիմությանը»: 907 հոդվածը վերացնելու փոխարեն նամակը ստորագրողները առաջարկում են նախագահին ներգործել Ադրբեջանի վրա եւ որպես միջազգային հասարակության ներկայացուցիչ պահանջել վերացնելու Հայաստանի եւ Ղարաբաղի անօրինական եւ անբարոյական շրջափակումը:
«Խնդրում ենք ըմբռնել, որ համայն ամերիկահայ համայնքը միասնական է այս խնդրում եւ մեծապես հուսախաբ է լինելու ձեր վարչակարգից, եթե 907 հոդվածը թուլացվի կամ վերացվի», նամակի վերջում նշում են ստորագրողները, որոնց թվում են ՀԲԸՄ-ն, Ամերիկայի հայ դատի կոմիտեն, ՀՄԸՄ-ն, Համազգային մշակութային ասոցիացիան, Արեւելյան եւ Արեւմտյան շրջանների Հայ առաքելական եկեղեցու զույգ թեմերը, հայ կաթոլիկների, ավետարանչականների եւ միսիոներների եկեղեցական միությունները, Վարդանանց ասպետների միությունը, Հայ օգնության ընկերությունը, ինչպես նաեւ Հայ իրավաբանների ասոցիացիան: