«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2001-10-20 | #192, 2001-10-23 | #194, 2001-10-25


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱԿ-Ի ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ

Հայաստանը ՄԱԿ-ի մարդկային զարգացման 2001 թ. զեկույցում 162 երկրների մեջ զբաղեցնում է 72-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ 2000 թ. մարդկային զարգացման զեկույցում 174 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում էր 93-րդ տեղը: Այսինքնՙ առաջընթացը մասամբ զուտ մեխանիկական է: Սակայն, ինչպես նշվեց երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ, Հայաստանն իրական առաջընթաց է արձանագրել նաեւ ներկայացված երեք չափանիշներիՙ կյանքի տեւողության, կրթության մակարդակի եւ իրական եկամտի առումով: Մարդկային զարգացման հնարավորությունների ինդեքս կոչվող այս երեք չափանիշները համատեղող ցուցանիշը թույլ է տվել Հայաստանը դասակարգել միջին զարգացման մակարդակ ունեցող երկրների շարքում: Ինչ վերաբերում է բուն միջոցառմանը, ապա այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, թե ո՞ր իրադարձությանն էր նվիրվածՙ մարդկային զարգացման զեկույցին, դրա ինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերող հատվածին, ՄԱԿ-ի օրվան, թե՞ ՄԱԿ-ի Նոբելյան մրցանակի արժանանալուն: Խնդիրը ոչ միայն այն էր, որ այս բոլոր թեմաներն արծարծվեցին, այլեւ ուղղակի անհնար էր լսել ելույթ ունեցողների խոսքը դահլիճի անհարմարության, հրավիրյալների բազմաթիվ լինելու, բարձրախոսների բացակայության, անգլերեն ելույթների թարգմանությունը հաղորդող սարքերի սակավության պատճառով:

Այդուհանդերձ, հասկանալի եղավ, որ այս տարվա զեկույցն այն մասին է, թե ինչպես կարելի է ստեղծել նոր տեխնոլոգիաներ եւ օգտագործել կյանքը բարելավելու համար, ինչպես տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նվաճումներն օգտագործել ի շահ մարդկային զարգացման: Մտավախություն գոյություն ունի, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը ոչ միայն չի աջակցի զարգացող երկրներին եւ բնակչության կարիքավոր հատվածին, այլ ավելի կխորացնի հարուստ եւ աղքատ երկրների, բնակչության ունեւոր եւ կարիքավոր հատվածների բեւեռացումը: 2001 թ. զեկույցն իր ուշադրությունը կենտրոնացնում է զարգացող երկրների տեսանկյունից տեխնոլոգիական վերափոխումների հնարավորությունների եւ խնդիրների վրա: Այս թեմայի շրջանակներում էր նաեւ ոլորտի վիճակը Հայաստանում նկարագրող տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանի «Էլեկտրոնային զարգացումը եւ Հայաստանը» ակնարկը: Զեկուցողը ներկայացրեց Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների տարածման համառոտ պատմությունը, այս ոլորտի ստացած գիտահետազոտական ժառանգությունը Խորհրդային Միությունից, կրթական ներկա մակարդակը եւ բնագավառի ներկա վիճակը: Չնայած անընդհատ մատնանշվում է, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները Հայաստանում զարգանում են, այնուամենայնիվ, առանձին փաստեր, որոնք նշված են այս ակնարկի մեջ, տխուր եզրակացությունների տեղիք են տալիս: Մասնավորապես խոսքը ինտերնետ ծառայություններից օգտվողներին է վերաբերում: Ըստ «Արմենտելի», այդ թիվը տատանվում է 18-20 հազարի միջեւ, իսկ ըստ որոշ փորձագետներիՙ 60-100 հազարի: Այսպես թե այնպես կարելի է ասել, որ Հայաստանի ազգաբնակչության 1-3 տոկոսն է օգտվում ինտերնետից, ինչը հիմք ընդունելովՙ դժվար է պնդել, թե այս բնագավառը մեծ առաջընթաց է արձանագրում մեզ մոտ: Նույնը վերաբերում է նաեւ ինետերնետ ծառայությունների որակին եւ սակագներին: Առաջինի ցածրորակության հետ, «Արմենտելի» սահմանած սակագներն անգամ դրանց 40 տոկոսով նվազեցնելուց հետո, բազմիցս գերազանցում են միջազգային գներին:

Վերադառնալով ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հրավիրած միջոցառման այլ մանրամասներին, նշենք նաեւ, որ այստեղ ընթերցվեց ՄԱԿ-ի օրվան նվիրված այս կազմակերպության գլխավոր քարտուղար Կոֆի Անանի խոսքը: Նա հիշատակել է, որ խաղաղասիրական, մարդու իրավունքների պահպանման ու աղքատության դեմ պայքարի համար ՄԱԿ-ն արժանացել է Նոբելյան մրցանակի, ինչը կնպաստի այս կազմակերպության «աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4