Երեկՙ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության հերթական նիստում շարունակվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցուցմունքների հրապարակումը: Դատական նիստը հետաքրքրական ոչնչով չառանձնացավ, եթե հաշվի չառնենք Ն. Հունանյանի պաշտպան Բենիամին Մինասյանի միջնորդությունը, որը շարադրելիս ներկայացրեց իր պաշտպանյալի խնդրանքը. ամբաստանյալն, իր իրավունքները վկայակոչելով, հարազատների հետ տեսակցություն էր պահանջել, ինչպես նաեւ դժգոհել էր, թե քննչական մեկուսարանում իրեն չեն ապահովում գրականությամբ: Դատավորը, սակայն, մերժեց ամբաստանյալի գլխավոր խնդրանքըՙ տեսակցել հարազատների հետ: Պատճառաբանությունը պարզ էրՙ հետաքննվում է ծանր քրեական գործ, եւ այս ընթացքում դատարանն իրավունք ունի տեսակցություն թույլ չտալու հանցագործին: Երեկ, ըստ ինչ-ինչ տեղեկությունների, նախատեսված էր նաեւ, որ ամբաստանյալը հանդես է գալու եւս մեկ կոչ-հայտարարությամբ, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Փոխարենըՙ ամբաստանյալի պաշտպանը դատարանին պատմեց իր նյութական ծանր կացության մասին, նշելով, որ չափազանց ցածր աշխատավարձ է ստանում, այդ աշխատավարձը չի բավարարում ընտանիքի կարիքները հոգալուն եւ այլն: Ըստ այդմ էլՙ պաշտպանը պահանջեց բարձրացնել իր աշխատավարձը: Ի դեպ, այդօրինակ բողոքներ մեկ անգամ չէ, որ արտաբերվել են այս դատավարությանը մասնակից պետական պաշտպանների կողմից:
Ա. Բ.