«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2001-10-20 | #192, 2001-10-23 | #194, 2001-10-25


Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԳՐՎՈՒՄ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՑՎԵՆ

ՀԺԿ-ի ներկայացրած «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն այժմ քննարկման փուլում է, ուղարկվել է մի շարք կուսակցություններիՙ դիտողություններ ու առաջարկներ ստանալու նպատակով, եւ արդեն իսկ պարզ է դարձել, որ նախագիծը լուրջ թերություններ ունի: Օրենքի վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել նաեւ ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը, որն այս նախագիծը համարում է հակաժողովրդական: Այն իր սկզբունքներով, մի շարք հոդվածներով հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված դրույթներին:

Մասնավորապես, սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիներըՙ անկախ ազգությունից, ռասայից, դավանանքից, ունեն սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները: Սահմանադրության նշված դրույթին հակասում է այն, որ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նախագծի հոդվածներից մեկում սահմանափակվում է քաղաքացիների անդամակցությունը կուսակցություններին ազգային, էթնիկական, ռասայական կամ դավանաբանական հատկանիշներով, իսկ սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայնՙ կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: 25-րդ հոդվածում նշվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Օրենքի նախագծի հոդվածներից մեկով ակնհայտորեն փորձ է արվում սահմանափակել սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, թե սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իրեն պատկանող գույքը: Օրենքի կետերից մեկում էլ միտում է նկատվում սահմանափակելու Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձին կուսակցությունների գործունեությունը, ինչը կարող է հանգեցնել Հայաստանում մեկ-երկու կուսակցությունների գործունեությանը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է բազմակուսակցականությունը: Օրենքի նախագծում չեն պահպանվում մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների համընդհանուր սկզբունքները, մասնավորապես այն, որ բոլոր պետությունները պետք է օժանդակեն քաղաքացիական, քաղաքական եւ այլ իրավունքների ու ազատությունների իրականացմանն իրենց տարածքում բնակվող բոլոր անձանց, այդ թվում եւ ազգային փոքրամասնությունների համարՙ թույլ չտալով նրանց դասակարգումը ռասայական, դավանաբանական, էթնիկական հատկանիշներով:

Համաձայն ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածիՙ սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքներն իրավաբանական ուժ չունեն, բնականաբար, օրինագիծը չի կարող ընդունվել:

Տխուր փորձը ցույց է տալիս, որ մեր օրենսդիրների ընդունած բազմաթիվ օրենքներ գրվում են մի խումբ մարդկանց համար, պաշտպանում միայն նրանց հետաքրքրություններն ու շահերը: Հույս ունենանք, որ եւս մեկ ինքնանպատակ գրված օրենք կյանքի չի կոչվի:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4