Մանրէական ահաբեկչությունն ԱՄՆ-ում շարունակվում է մոտ մեկ ամիս: Սիբիրախտի ամենածանրՙ թոքային տարբերակից երկուշաբթի օրը Վաշինգտոնում մահացան փոստային երկու ծառայողներՙ զոհերի թիվը հասցնելով երեքի: Երեքշաբթի օրը մանրէներ հայտնաբերվեցին Սպիտակ տան փոստում: Այս ամենը հարցականի տակ է դնում մանրէական ահաբեկչության չեզոքացման ամերիկյան համակարգը: Ուստի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) որոշեց այս ոլորտում կենտրոնացնել ջանքերը եւ հակամանրէական բոլոր գործողությունները ղեկավարել Վաշինգտոնի իր կենտրոնակայանից (մինչեւ երեքշաբթի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Վաշինգտոնի եւ Ֆլորիդայի կենտրոնները գործում էին ինքնուրույն):
Վերջին մեկ ամսում կենտրոնացված գործողությունների բացակայության հետեւանքով ՀԴԲ-ի գործակալների տեսադաշտից դուրս մնացին ահաբեկչության որոշ հետքեր եւ ծրարների առաքման հետ կապված ինչ-ինչ մանրամասնություններ: Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում մանրէակիր ծրարների բազմացումն ամերիկացիներին դրդեց դաշնային իշխանություններին, այդ թվում ՀԴԲ-ին մեղադրել դանդաղկոտության եւ անարդյունավետ աշխատանքի մեջ: Անցյալ շաբաթ ՀԴԲ-ի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը խոստովանեց, որ «սխալներ» են թույլ տրվել NBC-ի գլխավոր հաղորդավարին ուղարկված ծրարի հետազոտման գործում:
Ինչպես նշում է «Ֆիգարո» թերթը, քիմիական եւ մանրէական հարձակումներից պաշտպանվելը երբեք էլ ԱՄՆ-ի ազգային գերակայությունների թվում չի եղել: Ամերիկացիներն իրենց խոցելիությունը գիտակցեցին միայն սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո: Ներկայումս ծրարների եւ մարդկանց հետազոտություններով զբաղվող ամերիկյան լաբորատորիաները գերբեռնված են: Ատլանտայի վարակիչ հիվանդությունների կանխման ու բացահայտման կենտրոնի գեներատորները գերլարվածությունից արդեն 2 անգամ խափանվել են:
Հանրային առողջապահության ղեկավար աշխատողներն անցյալ օրը դատապարտեցին Ջորջ Բուշի վարչակազմի վերաբերմունքը եւ մեկ մլրդ դոլար պահանջեցին հիվանդանոցների ու լաբորատորիաների համար, մինչդեռ Բուշը 300 մլն է առաջարկում: Բուշի վարչակազմը որոշել է Կոնգրեսի հատկացրած 1,5 մլրդ դոլարն օգտագործել հիմնականում «Սիպրո» հակաբիոտիկների եւ ծաղկախտի պատվաստանյութերի արտադրության նպատակով: Մասնագետները չեն բացառում, որ պատվաստանյութերն այնքան էլ արդյունավետ չլինեն, քանի որ ահաբեկիչները կարող են առավել դիմացկուն մանրէներ մշակած լինել:
Վաշինգտոնի վարչակազմը բազմաթիվ սխալներ թույլ տվեց նաեւ հանրային տեղեկատվության ասպարեզումՙ խուճապի մատնելով բնակչությանը: Մարդիկ նախընտրում են թեկուզ վախեցնող, բայց վստահելի տեղեկություններ ստանալ, որպեսզի կամովին հակաբիոտիկներ ընդունեն կամ պատվաստումների ենթարկվեն: Ամերիկացիներն իշխանությունների հանդեպ վստահությունը կորցրին այն ժամանակ, երբ Ֆլորիդայում սիբիրախտի առաջին դեպքի հայտնաբերումից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե հիվանդը կարող էր վարակված լինել ջրից:
Պ. Ք.