«Սայաթ-Նովա» համահայկական մրցույթի համար, որն ավարտվեց վերջերս, ամերիկահայ գործարար եւ բարերար Վահագն Հովնանյանը տրամադրել էր 40 հազար ամերիկյան դոլար: Պարոն Հովնանյանը գոհ է մրցույթի կազմակերպումից եւ անցկացումից: Ոգեւորվելով այս իրողությամբՙ մեր հայրենակիցը որոշել է ընդլայնել մշակութային իր գործունեությունը: ՀՀ մշակույթի նախարարությունն ու Վահագն Հովնանյանը տարածել են մի հայտարարություն, ըստ որի ստեղծվում է «Վահագն» անունով նոր մրցույթ: Այս անգամ մրցանակներ են տրվելու սահմանված 7 նոմինացիների համար, որոնցից յուրաքանչյուրին տրվելու է 5 հազարական ամերիկյան դոլար: Լավագույն ֆիլմի, կանացի լավագույն դերակատարման, տղամարդու լավագույն դերակատարման, կերպարվեստի լավագույն ստեղծագործության, գրական լավագույն ստեղծագործության, թատերական լավագույն ստեղծագործության եւ լրագրողական լավագույն հետաքննության (վերջին մեկ տարում հրապարակված հոդվածները պետք է ներկայացվեն) համար նյութերը մրցույթին կմասնակցեն 2002 թվականից: Հասարակական կազմակերպությունները կարող են ներկայացնել 3-ական ստեղծագործություն: Ընտրությունը կատարելու է մշակույթի նախարարության հանձնաժողովը: Մրցույթի անցկացման մյուս մեխանիզմները ճշտվում են:
Ս. Գ.