Գիրք-տարեգրություն, ուր նույնանում են անձի եւ ազգի ճակատագրերը
Մարդը գլխի է ընկել, որ տիեզերքում ոչինչ չի կորչում. ձայնը, որ հնչում է, ձայնագրվում է: Մարդը գլխի է ընկել նաեւ, որ ոչ միայն տիեզերքում ձայնագրվում, այլեւս տեսագրվում է ամենայն բան: Եվ ամենայն ինչ տիեզերքում երկակի բնույթ ունի, ասել է թեՙ երեւացող եւ աներեւույթ, տեսանելի եւ անտեսանելի: Ապրողն անտեսանելի է: Հոգին, որ չի երեւում, կյանք ու կենդանություն է տալիս, մարմինը, որ երեւում է, մեռնում է: Բոլոր երեւացող բաները մեռնում ենՙ լեռները, ծովերը, աստղը, Արեւը, Լուսինը, ամենը: Մեռնում են իբրեւ այդպիսին: Մեզ համար, մարդկորեն մտածողներիս համար, կա երկու հավիտենությունՙ անցյալ եւ ապագա, մինչդեռ հավիտենությունն ինքնին Մեկն է, անբաժան, եւ անցյալ կոչվածին հասնելու համար ոչ թե հետ պիտի դառնանք, այլ առաջ պիտի վազենք:
Ահա այս եւ այսպես խորհեցի կարդալով գրական ընտանիքի անդամ, ազգային, հասարակական գործիչ Իլյիչ Բեգլարյանի «Խավարն ու լույսը, Աստված էր իմ հույսը» հերթական գիրքը: Հիրավի, ոչ թե նա պատմում, նկարագրում է այն, ինչ մնացել է մտքի մեջ, ոչ թե վերակենդանացնում է հիշողությունը, այլ պարզապես տեսնում, լսում է այդ ամենն այնպես, ինչպես եղել են իրականում: Այդ ամենը տեսիլքի պես են գալիս ու երեւակվում: Սա նշանակում է, որ այս բոլորը տեսագրված, ձայնագրված են: Գրքում գործող հիմնական ուժը հավատն էՙ սիրո շաղախով: Խոսքն այն հավատի մասին է, որը շարժման մեջ է դնում մարդկային էությունը եւ հաստատում այն, ինչը չի երեւում: Ահա այս աստվածային կապը տեսանելի է այս ստվարածավալ, ութ հարյուր էջանոց գեղարվեստափաստագրական գրքում: Ենթավերնագրեր, կանգառներ չկան, այլ կա միայն ընթացք, կա անկում եւ ապա վերստին թռիչք, կա չարի ու բարու հավիտենական կռիվ: Ճշմարտությունը կանաչ դաշտի նման չէ, այլ դժվարամատչելի լեռ է, որի երկնաքեր գագաթը հասնելու համար տառապանքի ուղի պիտի անցնես, պիտի մագլցես, ծնկներդ պիտի քերծես, թեկուզ արյունլվիկ լինելու գնով, պիտի բարձրանաս, այլապես կգահավիժես, կգլորվես կորստյան անդունդը: Եվ ամբողջ խնդիրն էլ այն է, որ ճշմարտությունը, որի մասին խոսվում է, ծագումով ու ծնունդով այս աշխարհից չէ, ուստիեւ, դեպի այն ընթացողը խոչընդոտի ու արգելքի է հանդիպում գրեթե ամեն քայլափոխի:
Ասածս բաների մեջ կհամոզվենք ընթացքում, իսկ այժմ տեսնենք ոդիսեւսյան այս ճամփորդության սկիզբը: Եվ քանի որ մի կյանքի պատմություն է, սկիզբ, բնականաբար ծննդավայրն է, հայրենական տունը. «Մեր հին տունը գյուղամիջի փոքրիկ բլրի վրա էր կառուցած: Առաջին հայացքից այն թերակղզու տպավորություն էր թողնում, գյուղի կենտրոնից դեպի անտառ տանող ճանապարհի վրա: Աջից հսկայածավալ, ցամաքած լճի տեսք ունեցող տարածքն է, որի միջով Թալա գետն է հոսում, իսկ ձախիցՙ Մեռածի յալ կոչվող բարձունքն է, որն իր թեւի տակն առած, պահում է այդ «թերակղզին»: Մեր տան պատշգամբում կանգնողին թվում է, թե դիմացի Համզայի սարը մի քանի մետրով ցածր է, քան մեր տունը: Իսկ ձախ նայելիս մի անսահմանություն է, կարծես վերջ չունի:
Մեր տան մեծը Շողի տատն էր, որի տարիքը 100-ից ավելի էր, սակայն զարմանալի ճարպիկ կին էր եւ շատ էր սիրում ինձ շալակին դրած մեր բակում զբոսնել կամ, պատշգամբ բարձրանալով, իմ ուշադրությունը բեւեռել բնության հրաշալիքներիՙ անտառի, օձի պես ֆշշացնելով գալարվող Թալա գետի, մեր տան դիմացի անվերջ ձգվող սարերի ու անծայրածիր դաշտավայրերի վրա: Ամենից շատ ինձ դուր էր գալիս մեր պատշգամբից առավոտյան դիտել սարը եւ լսել գետի ֆշշոցը, առանձնապես հաճելի էր այդ կողմից եկող զով քամին, որ կարծես գետի բերանից էր դուրս գալիս:
Հայրիկիս չեմ հիշում, բայց Շողի տատին, որին Մեծ Նան էի անվանում (նա հորս տատն էր, պապիսՙ մայրը), լավ եմ հիշում: Քանի Մեծ Նանը կար, մեր տանն ամեն ինչ լավ էր: Իմ մանկությունն էլ երջանիկ էր ընթանում: Տանը ես եւ մեծ եղբայրս էինք: Մայրս սովորաբար տանից առավոտյան վաղ էր դուրս գալիս»:
Ինչպես տեսնում ենք, երեւում է գրքի առաջին շողշողուն կերպարը, որ տատն էՙ Մեծ Նանը: Անխաթար բնությունից եւ Աստծո ազնվական Նանից է սերում լայնածավալ այս գրքի հեղինակը, որ հազար ու մի աղբյուրից ջուր է խմել, հազար ու մի գիրք է կարդացել, բարձրագույն կոչված կրթություն էլ է ստացել, բայց գալիս է Մեծ Նանի իջեւանյան զտարյուն բարբառով ասված մի արտահայտությունից. «Աստված վերեւից տենըմ ա»: Այս խոսքը տպավորվել, զորություն է հաղորդել երեխային: Հետո մեծացել եւ համոզվել է, որ դա ոչ թե միայն խոսք, այլ իրողություն է:
Բնության զավակը մի օր էլ ունայնություն է զգում, աշխարհը դատարկված տեսնում, երբ տանը չի գտնում մորը. նա ստիպված գնացել է քաղաքՙ կյանքի հոգսի հրամանով, գնացել է հիմնականում հանապազօրյա հաց հայթայթելու համար: Մայրը գնացել է, ի վերջո, տղաներն էլ պիտի գնան: Եվ ահա Մեծ հայրենականի կռվի դաշտից չվերադարձած Բեգլարյանց Գուրգենի կրտսեր որդին առաջինն է քաղաք մեկնում մոր հետքերով: Գիքոր է հիշեցնում, սակայն Գիքոր չէ: Իջեւանյան լեռները ձգվում, բարձրանում են նրա էության մեջ, քչքչում են սարերի զուլալ աղբյուրները, աստղերն ու արեւն առած է գյուղից գալիս քաղաք: Աստվածայինը չլիներ նրա մեջ, Գիքորի նման կործանվելու էր: Այո, ոչ թե բնության միջից, այլեւ բնությունը մեջն առած, ու նաեւ հոգեկան անհաշտությամբ, բայց եւ մոր կողքին լինելու մեծ ցանկությամբ է մտնում քաղաք: Իսկ քաղաքը սովոր չէ այս մաքրությանն ու անմիջականությանը: Քաղաքի համար սա մարդկային էության անսովոր տեսակ է:
Ընտանիքի, անձի հետ կապված անհանգստությունները գնալով վերածվում են ազգայինի, ազգային բնույթ են ստանում: Այս դեպքում արդեն անհատն անհատականություն է դառնում, ասել է թեՙ նույնանում են իր եւ իր ժողովրդի շահերը: Ազգի ճակատագիրը դառնում է անձինը: Իսկ երբ երկիր կա, ուր օրենքներ ու սկզբունքներ են գործում, ազգի լավագույն զավակներն արժանանում են ուշադրության: Իշխանությունները գտնում են պետության եւ ժողովրդի մարդուն եւ առաջ են քաշում: Գտան եւ գնահատեցին նաեւ Իլյիչ Բեգլարյանին: Բայց եւ եկան ժամանակներ, երբ անկախություն ձեռք բերելու գայթակղությունն ապրեց ազգը: Անկախության, ազատության ձգտումն այնքան ուժգին է, որ երբեմն մարդուն դուրս են բերում բանականության սահմաններից: Հայաստաննՙ իր ժողովրդով, հիրավի, հասավ իր դարավոր երազանքին, սակայն, ցավոք, ինչպես ասում են, արդյունքում երազը փշրված տեսավ:
Այս գիրքն ինքնախոստովանություն է: Թեեւ փշրված սրտով, բայց եւ հոգու աչքով տեսնում եւ նկարագրում է կալանքի տակ գտնված երկու տարվա ընթացքում կատարված անցուդարձը: Մինչեւ գրելը հեղինակն արցունքը թաքցնելիս է եղել մարդկանցից, բայց երբ սերունդներին գրավոր վկայություն ուզեց թողնել, բացեց ամբողջ ճշմարտությունը, մի բան, որ առանց արյան եւ արցունքի հնարավոր էլ չէ: Իսկ երբ արյունն ու արցունքն են խոսում, խոսքը ոչ թե օրվա, այլ դարերի արժեք է ձեռք բերում:
Այսքանից հետո դառնամ վաղեմի բարեկամիս ու եղբայրաբար ասեմՙ այս ամենն անցած լինի, եղբայր, չլինեին երկրային այս տառապանքները, չէր ծնվի այս գիրքը, որ քո հոգեզավակն է: Սրա համար, սիրելիս, թանկ ես վճարել:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆ