Շրջակա գյուղերից եւ քաղաքներից Գյումրի էին եկել 5 տասնյակից ավելի բնակիչներՙ անդամագրվելու ՀՌԱԿ-ին
ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը երեկ Գյումրիում էր, ուր կուսակցական տոմսեր հանձնեց նորագիրներին եւ անցկացրեց կուսակցությանն անդամակցել ցանկացող ավելի քան 50 անձանց երդմնառության արարողությունը: Վերջիններս Գյումրի էին եկել իրենց բնակավայր գյուղերից ու քաղաքներիցՙ Ախուրյանից, Մարալիկից, Մեծ Մանթաշից, Փոքր Մանթաշից, Զույգաղբյուրից, մասնակցում էին նաեւ գյումրեցիներ, ինչպես եւՙ համակիրներ եւ ապագա կուսակցականներ Մեծ Սեփասարից ու Ձորակապից (առաջիկայում ՀՌԱԿ-ն այս գյուղերում ունենալու է իր տարածքային կառույցները): ՀՌԱԿ ատենապետին ուղեկցում էին Հանրապետական վարչության անդամներ Մհեր Մելիք-Բախշյանը, Անտոն Փիլոյանը, այլ կուսակցականներ:
Ռուբեն Միրզախանյանի եւ կուսակցության նորագիր անդամների հանդիպումը տեղի ունեցավ Գյումրու Վ. Թեքեյանի անվան դպրոցում, որի դահլիճում էլ ՀՌԱԿ ատենապետը ելույթով դիմեց ներկաներին, պատասխանեց նրանց հարցերին, լսեց ու գրառեց նրանց հուզող խնդիրները: Ի դեպ, Վ. Թեքեյանի անվան դպրոցների թիվը հանրապետությունում հասնում է 5-ի, եւ կուսակցությունը հնարավորինս հովանավորում է դրանց:
Ռ. Միրզախանյանն անդրադարձավ կուսակցությանՙ վերջերս հրապարակած հայտարարությանը, ուր ՀՌԱԿ-ը տեղեկացնում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցելու է ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս հայտարարությունն իրարամերժ մեկնաբանությունների տեղիք էր տվել. ոմանք համարում էին, որ ՀՌԱԿ-ը վաղաժամ դիմեց այդ քայլին, պետք էր սպասել, ոմանք էլ համարում էին, որ առհասարակ չարժեր դիմել այդ քայլին եւ այլն: «Նման կարծիքներ էին հայտնում քաղաքական այն ուժերն ու անձինք, ովքեր նպատակ ունեն այսօրինակ մեկնաբանություններով հաճոյանալ ժողովրդի որոշ մասին: Մենք այդ խնդիրը չունենք: Դուր գալու նպատակ չհետապնդելովՙ մենք այլ բնույթի թելադրանքով ենք հիմնավորում մեր գործողությունները, այն էՙ ժողովրդի սոցիալական վիճակի, տնտեսական առաջընթացի, երկրի ներքին կայունության մտահոգությամբ»: ՀՌԱԿ ատենապետն անդրադարձավ նաեւ երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցերիՙ ընդդիմության դիրքից ու գործելակերպից մինչեւ իշխանությունների դիրքն ու գործելակերպը, վերլուծեց քաղաքական ուժերիՙ վերջին ամիսների վերադասավորումների ու վերաձեւումների պատճառներն ու նպատակը: Նա վերստին անդրադարձավ այն վտանգին, որ ներկայացնում են երկրի քաղաքական դաշտում հետզհետե ընդարձակվող ռեւանշիստական ուժերը:
Ներկաներից մեկն իր եւ մյուսների անունից մտահոգություն հայտնեց ՀՌԱԿ ատենապետինՙ խոսելով այն մասին, որ մարդիկ իրենց սեփական երկրում վաղուց չունեն պաշտպանվածության զգացում. «Անարդարության փաստերն ու անապահովության ներքին զգացումն ավելի ծանր են ազդում բոլորիս վրա, քան գործազրկությունը»: Ռ. Միրզախանյանը հաստատեց, որ Հայաստանի բնակիչներին, իրոք, պակասում է հենց պաշտպանվածությունըՙ բոլոր առումներով: Իսկ այդ պաշտպանվածության զգացումը բացակայում է, նրա կարծիքով, նախ եւ առաջ նյութական միջոցների սղության պատճառով: «Այս նյութական «տկարության» արմատները գցվել են շատ ավելի վաղ, երբ ժողովրդի ձեռքին եղած գումարներն ու խնայողություններն ինչ-ինչ խարդախությունների հետեւանքով յուրացվեցին փոքրաթիվ մարդկանց կողմիցՙ նախորդ իշխանությունները ներկայացնող, եւ այսօր էլ այդ մարդկանց ձեռքին են, մինչդեռ երկրի բնակչության մեծ մասը մի կերպ գոյություն է քարշ տալիս», նշեց նաՙ շեշտելով, որ պետք է հնարավոր միջոցները ձեռք առնել, որպեսզի այդ գումարները դուրս չտարվեն Հայաստանից: ՀՌԱԿ ատենապետին դիմելովՙ ներկաները դժգոհեցին նաեւ, որ ամիսներ ի վեր չեն ստացել աշխատավարձ, հնչեցին այլ հարցեր եւս: Հարցերի մի մասը տրվեց Շիրակի մարզի դպրոցների ուսուցիչների կողմից եւ առնչվում էր կրթական համակարգում առկա թերություններին: Հավաքի ավարտին Ռ. Միրզախանյանից տեղեկացանք, որ Գյումրու ՀՌԱԿ մասնաճյուղի անդամների թիվը ներկայումս գերազանցում է 150-ը:
Ա. ԲԱԲԱՅԱՆ