«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2001-10-23 | #194, 2001-10-25 | #195, 2001-10-26


ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԿԱՐՍԸ ԵՎ ԱՆԻՆ

Ռիչարդ Հովհաննիսյանի եւ UCLA-ի հերթականը

25 հոկտեմբեր, UCLA: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարանի (UCLA) նախաձեռնությամբ անցկացվող պատմական Հայաստանի քաղաքներին ու գավառներին նվիրված միջազգային հերթական 9-րդ գիտաժողովում կներկայացվեն Կարսը եւ Անին: Այդ առիթով համալսարանի Դիքսոն դահլիճում նոյեմբերի 10-11-ը կհավաքվեն Հայաստանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Կիպրոսից, Իսրայելից եւ ԱՄՆ-ի տարբեր համալսարաններից հրավիրված բազմաթիվ հայագետներ: Գիտաժողովի թեման ընդգրկում է հանրահռչակ պարսպապատ Անի քաղաքի ու շրջակա Շիրակի դաշտավայրի, ինչպես նաեւ Վանանդ գավառի Կարս միջնաբերդի պատմությունը, արվեստն ու ճարտարապետությունը, լեզուն ու գրականությունը, հնագիտական-մարդաբանական տվյալներըՙ միջնադարից մինչեւ մեր օրերը:

Գիտաժողովի կազմակերպիչը UCLA-ի արդի հայոց պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ակադեմիկոս, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանն է, հովանավորներըՙ նույն համալսարանի հումանիտար գիտությունների բաժինը, միջազգային ծրագրերի եւ արտասահմանյան հետազոտությունների բաժինը, պատմության ֆակուլտետը եւ Եվրոպական ու ռուսական հետազոտությունների կենտրոնը: Այս շարքի նախորդ գիտաժողովները նվիրվել են Վան-Վասպուրականին, Բաղեշ-Բիթլիսին, Տարոն-Մուշին, Ծոփք-Խարբերդին, Կարին-Էրզրումին, Սեբաստիա-Սվազին, Տիգրանակերտ-Դիարբեքիրին եւ Եդեսիա-Ուրֆային, ինչպես նաեւ Կիլիկիային ու հայաբնակ Կոստանդնուպոլսին:

Գիտաժողովի երրորդ նիստը, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, կընթանա հայերենով: Կարսի վերաբերյալ զեկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Աշոտ Մելքոնյանը եւ նույն հաստատության աշխատակից Ռաֆայել Մաթեւոսյանը, իսկ Անիի մասին կբանախոսեն Փարիզի Սորբոնի համալսարանի դասախոս Ռայմոնդ Գեւորգյանն ու Սարգիս Բալմանուկյանըՙ Լոս Անջելեսից, որոնց բանավոր ելույթները կուղեկցվեն ճարտարապետական եւ հնագիտական տեսանյութերի ցուցադրմամբ: Հայերեն նիստ անցկացնելու մտահղացումը նոր չէ. այդ փորձը սկզբնավորվել է Կոստանդնուպոլսին նվիրված գիտաժողովի ընթացքում, որը բազում դրական արձագանքներ էր առաջացրել:

Մնացյալՙ անգլերեն երեք նիստերի ընթացքում (10 եւ 11 նոյեմբերի) գիտաժողովի մասնակիցները կլսեն աշխարհի տարբեր համալսարաններից հրավիրված հյուրերինՙ Ռոբերտ Հյուսըն (Ֆրեզնո), Թոմ Գրինվուդ (Օքսֆորդ), Ջեյմս Ռասել (Հարվարդ), Ռոբերտ Թոմսոն (Օքսֆորդ), Քրիստինա Մարանչի (Վիսկոնսին), Թեո Մ. վան Լինտ (Լեյդեն, Նիդեռլանդներ), Դիանա Ֆավրո (UCLA), Կլոդ Մութաֆյան (Փարիզ), Թոմաս Սինքլեր (Կիպրոս), Քրիստոֆեր Ուոքեր (Լոնդոն), Ռուբինա Փիրումյան (UCLA), Ջոյս Ք. Բիվին (Երուսաղեմ):

Հայոց հինավուրց քաղաքների արդի շրջանը ներկայացվելու է հատուկ նիստում, որի ընթացքում իրենց նկատառումներն ու հետազոտությունները մասնակիցների դատին կհանձնեն Վեյն պետական համալսարանի դասախոս Դեյվիդ Քալոնը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարանի ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը, Հարվարդ համալսարանի ներկայացուցիչ Ռոբերտ Գրիգորյանը, Բուենոս Այրեսի Սալվադոր համալսարանիցՙ Վարդան Մաթեւոսյանը, Հարվարդ համալսարանիցՙ Բերթ Վոքսը եւ UCLA-իցՙ Անահիտ Քեշիշյանը: Խորհրդաժողովի շրջանակներում Անիի եւ Կարսի շրջանի ճարտարապետական հուշակոթողների լուսանկարների ցուցահանդեսը պատրաստել են եւ կներկայացնեն Ռիչարդ եւ Էնն Էլիզաբեթ Էլբրեխտները (Դեյվիս, Կալիֆոռնիա):

«Սա տեսանյութական ազդու տարրերով հագեցած հատկապես հարուստ ծրագիր է, նշեց գիտաժողովի կազմակերպիչ, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը, ներառում է նաեւ Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցու վերականգնման գեղարվեստական նախագիծըՙ «վիրտուալ» իրականության միջոցով»: Այն իրականացրել է UCLA-ից Դիանա Ֆավրոնՙ Ֆիլիպ Ստինսոնի եւ Ջուստինա Բանդոլի աջակցությամբ: «Շատ հետաքրքիր կլինի նաեւ Ջոյս Քյոսաբաբյան-Բիվինի զեկույցըՙ Կարակալայի եւ մոլոկանների հավատքը որդեգրած հայերի մասին, որոնց հետնորդներից շատերն այժմ ապրում են Հարավային Կալիֆոռնիայում», ասաց Ռ. Հովհաննիսյանը,- «Մենք պատիվն ու առանձնահատուկ հնարավորությունն ունենք համակցելու չորս մայրցամաքների գիտնականների հավաքական գիտելիքներն ու փորձը»:

Հանրության համար գիտաժողովի մուտքն ազատ է: Միջոցառման մեկնարկից առաջՙ նոյեմբերի 9-ին, Hilton Universal հյուրանոցում տեղի կունենա երեկույթ-տոնակատարություն Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայագիտության սկզբնավորման 40-ամյակի, արդի հայոց պատմության ամբիոնի 15-ամյակի եւ պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի հայագիտական 40-ամյա գործունեության առթիվ:

Գիտաժողովի ծրագիրը էլեկտրոնային փոստով կարելի է ձեռք բերել հետեւյալ website-ովՙ www.UCLAArmenian.org:

Շարքի հաջորդ գիտաժողովը տեղի կունենա 2002 թ. մայիսին եւ նվիրված կլինի Զմյուռնիա-Իզմիրին ու Սեւ ծովի ափամերձ տարածքի հայաբնակ շրջաններինՙ ներառյալ Պոնտոսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4