«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2001-10-23 | #194, 2001-10-25 | #195, 2001-10-26


ՄԵԾ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

Լիդիա Ալեքսանդրովնա Դուռնովո

Մաշտոցի անվան Մատենադարանի ընթերցասրահներում փակցված են հայագիտության մեջ մեծ ավանդ ունեցող գիտնականների նկարները: Ակադեմիկոսներ Հակոբ Մանանդյանի, Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Լեւոն Խաչիկյանի եւ այլոց պատկերների հարեւանությամբ փակցված է նաեւ ռուս նշանավոր արվեստաբան Լիդիա Ալեքսանդրովնա Դուռնովոյի մեծադիր նկարը: Այդ պատվին նա արժանացել է միջնադարյան հայ գեղարվեստի ուսումնասիրման ասպարեզում ունեցած ակնառու վաստակի համար: Նրա հրատարակած գիտական հետազոտությունները նոր խոսք էին այդ ասպարեզում:

Խորապես ուսումնասիրելով հայկական մանրանկարչությունը, հատկապես նրա կիլիկյան դպրոցը, Լիդիա Ալեքսանդրովնան աշխարհին պատմեց այդ հրաշալի գործերի, նրանց ստեղծող մեծ վարպետների մասին: Բազմաթիվ լեզուներով նրա հրապարակած ուսումնասիրությունների շնորհիվ մեծացավ ուշադրությունը հայ արվեստի ու նաեւ հայ ժողովրդի նկատմամբ: Մեծ հեղինակություն վայելող, շատ հարգված ու ճանաչված ռուս գիտնականների գնահատականներն անկողմնակալ էին եւ խիստ տպավորիչ: Իրենց ստեղծագործություններով միջնադարյան հայ նկարիչները հասել էին կատարելության, եւ Լիդիա Դուռնովոն դա արժեքավորեց լավագույն ձեւով: Ահա թե նա ինչ գնահատական է տալիս մանրանկարչությանը. «Հայկական ձեռագրական գեղանկարչությունն իր բացառիկ ինքնատիպությամբ եւ ստեղծագործական ներշնչվածությամբ, կոմպոզիցիոն եւ զարդանկարչական հորինվածքների գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես նաեւ կատարման փայլուն վարպետությամբ իր ուրույն տեղն ունի գեղարվեստի համաշխարհային գանձարանում»:

1936 թ. ակադեմիկոս Հովսեփ Օրբելու խորհրդով եւ Երեւանի պատկերասրահի տնօրեն Ռուբեն Դրամբյանի հրավերով Լ. Ա. Դուռնովոն գալիս է Երեւան: Հայաստանում նրա համար բացվեց գործունեության ընդարձակ ասպարեզ: Նա ձեռնամուխ եղավ եկեղեցիների որմնանկարների ուսումնասիրության եւ պատճենահանման գործին: Իր աշակերտների օգնությամբ նա ընդօրինակել է Տաթեւի, Հաղպատի, Թալինի, Արուճի, Լմբատի եւ այլ եկեղեցիների որմնանկարները:

Նրա ամենակարեւոր ծառայություններից մեկը եղավ Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների վերանորոգումը: Դեռեւս 18-րդ դարի վերջերին մեծ նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը Ղուկաս Կարնեցի կաթողիկոսի հանձնարարությամբ նկարազարդել է Մայր տաճարի ներսի պատերը: Այդ մասին վանքի գմբեթի տակ թողնվել է ընդարձակ վիմագիր արձանագրություն: Բայց հետագայում այդ որմնանկարների վրա սվաղ էին արել: Բացի այդ առկա էր նաեւ բնական մաշվածությունը, փոշոտվելու եւ մրոտվելու մշտական գործոնը: Հովնաթանյանի նկարները համարյա չէին երեւում: Դուռնովոն հանձնարարություն ստացավ նորոգել կամ նորից ստեղծել այդ որմնանկարներըՙ հարազատ մնալով Հովնաթանյանի եւ, ընդհանրապես, հայ որմնանկարչության սկզբունքներին: Նախապես կազմելով նախագծերը, իր աշակերտների մասնակցությամբ Լ. Դուռնովոն կարողացավ վերականգնել վանքի որմնանկարները: Նա ձգտում էր դրանք կատարել ավելի պայծառ, ավելի փայլուն գույներով: Երբ նրան հարցրել էին պատճառը, նա պատասխանել էր, թե հաշվի է առնում այն հանգամանքը, որ այդ եկեղեցում վառվելու են տասնյակ հազարավոր մոմեր, որոնց պատճառով այդ պայծառությունը, միեւնույնն է, խամրելու էր:

Այդպես էլ եղավ: Բայց ինչ որ կա այժմՙ հրաշալի է, տպավորիչ, խորհրդավոր: Այդ գործում Լ. Ի. Դուռնովոն ներդրեց տարիների իր մեծ փորձը եւ տաղանդը: Նա առաջնորդվում էր հայ արվեստի ոգով, նրա մանրանկարների մոտիվներով ու գույներով:

Լ. Ա. Դուռնովոն մեծ գործ է կատարել հայ միջնադարյան գեղանկարչության, քանդակագործության, դաջարվեստի եւ հատկապես մանրանկարչության ուսումնասիրման ուղղությամբ: Նրա աշխատություններըՙ 1952 թ. հրատարակված «Հին հայկական մանրանկարչությունը», 1957-ին լույս ընծայված «Հին հայկական գեղանկարչության համառոտ պատմությունը», հետմահու տպված «Հայկական նկարչությունը» եւ մյուսները մնայուն գործեր են եւ մեծապես նպաստել են հայ կերպարվեստի ճանաչմանն ու գնահատանքին: Նրա աշակերտները շարունակեցին նրա աշխատանքըՙ հարստացնելով հայ արվեստի ուսումնասիրման բնագավառը նորանոր հետազոտություններով:

Ցավով պետք է ասել, որ կիլիկյան մանրանկարչական դպրոցի մեծատաղանդ ներկայացուցիչ Թորոս Ռոսլինի մասին նրա գրած մենագրության ձեռագիրը, որն արդեն ավարտված էր 1962 թ., այդպես էլ մահից հետո չհայտնաբերվեց նրա արխիվում: Միանգամայն իրավացի է Թորոս Ռոսլինի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրող Իրիան Դրամբյանը, որ գրում է, թե «դա մեծ ու անփոխարինելի կորուստ է հայ արվեստագիտության համար»:

Լ. Ա. Դուռնովոն մահացել է 1963 թ. հունվարի 7-ին եւ իր կտակի համաձայն թաղվել է Երեւանում:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խմբագրության կողմից

Վերջերս հայտնի դարձավ, որ Լ. Ա. Դուռնովոյի գերեզմանը սրբապղծվել է: Գերեզմանատան վարչության գիտությամբ շիրմաթումբը հավասարեցվել է, հուշարձանը դեն է նետվել, եւ գերեզմանի հարեւանությամբ նոր թաղում է կատարվել: Մաշտոցի անվան Մատենադարանի ղեկավարությունն այդ կապակցությամբ դիմեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանին: Նախարարի վճռական միջամտությունից հետո շիրիմը կարգի բերվեց, եւ հուշարձանը դրվեց իր տեղում: Այս կապակցությամբ Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը եւ փոխտնօրեն Վարդան Գրիգորյանը նախարարին ուղղած շնորհակալական նամակում նշում են, որ այդ գործում եռանդուն մասնակցություն ունեցավ Երեւանի ներքին գործերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Սաշա Սաֆարյանը: «Ուրախ ենք,- գրված է նամակում,- որ ներքին գործերի համակարգում աշխատում են Ս. Սաֆարյանի նման սկզբունքային, ազնիվ եւ գործունյա սպաներ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4