Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ շեշտեց երկրի նախագահը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙ երեկ Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ առաջին հանգրվանը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 21-րդ հատվածն էր: Այստեղ Լինսի հիմնադրամի գումարներով նախատեսվում է ամբողջությամբ նորոգել 36 կմ երկարության ճանապարհահատվածը, որից 21 կմ-ի նորոգումն արդեն ավարտվել է:
Այնուհետեւ պատվիրակությունն ուղեւորվեց Վանաձոր, որտեղ տեղի ունեցավ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գլխավոր մասնաշենքի բացման արարողությունը: Երկրաշարժից վթարային դարձած մասնաշենքում 1998 թ.-ից ամրացման աշխատանքներ են տարվել: Այդ նպատակով ծախսվել է 265 մլն դրամ, որից 100 մլն-ը տրամադրել է Հայ օգնության միությունը, 100 մլն-ըՙ նույն ինստիտուտը, 65 մլն-ը պետական բյուջեի միջոցներն են: Եվ ահա երեկ մանկավարժական ինստիտուտի ուսանողները վերջապես վերստացան իրենց բուհի մասնաշենքը:
Նախագահի այցելության մյուս հանգրվանները հիմնականում արդյունաբերական ձեռնարկություններն էին, որոնք համընդհանուր տնտեսական անկումից հետո վերսկսել էին ավել կամ պակաս հաջողությամբ աշխատել: Վանաձորի «Ավտոգենմաշ» ՓԲԸ-ը մինչեւ գործունեության վերսկսումը դժվար ճանապարհ է անցել եւ այժմ էլ աշխատում է իր հնարավորությունների փոքր մասով:
1998-2000 թթ.-ին ձեռնարկությունը 3 անգամ դրվեց մասնավորեցման, սակայն ապարդյուն, որից հետո կառավարության որոշմամբ լուծարվեց: Այդուհանդերձ, 2000 թ.-ի ընթացքում «Ավտոգենմաշը» թողարկեց 200 մլն դրամի արտադրանքՙ գազայրիչներ, գազակտրիչներ:
Ի տարբերություն «Ավտոգենմաշի», Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան սկսել է աշխատել մի քանի ամիս առաջ: Վերաբացմանը նվիրված միջոցառմանը Ռոբերտ Քոչարյանը կարեւորեց մեր հայրենակից Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից ձեռնարկության գործարկման կարեւորությունը: Վերջինս ղեկավարն է «Մետալ պրինս» ընկերության, որը շուրջ 1 մլն դոլարի ներդրում է կատարել ֆաբրիկայում: Այս ամսվանից արդեն սկսվել է պղնձի խտանյութի արդյունահանումը, որը մշակման է ուղարկվում Լոռու մարզի մյուս խոշոր ձեռնարկությունՙ Ալավերդու «Մանես եւ Վալեքս»: Մինչ այս ձեռնարկություն մեկնելը նախագահը մասնակցեց Ախթալայի համար մեկ այլ կարեւոր իրադարձությանՙ ջրատարի բացմանը: 7 կմ երկարությամբ խմելու ջրի ջրատարի շարք մտնելու շնորհիվ ախթալացիները կունենան ամենօրյա ջրամատակարարում, նախկինում 4-5 օր ընդմիջումներով ջուր ունենալու դեպքում: Ջրատարի շինարարությունն արժեցել է 75 հազ. դոլար, որից 25 հազ. դոլարը Ախթալայի համայնքի, իսկ 50 հազ.-ըՙ «Փրկեցեք երեխաներին» միջազգային կազմակերպության տրամադրած գումարներն են:
Ալավերդու «Մանես եւ Վալեքս» ընկերությունում նախագահը շրջեց ձեռնարկության արտադրամասերում, ծանոթացավ արտադրական գործընթացին: Այս ընկերությունում այսօր աշխատում են ավելի քան 500 մարդիկՙ 100 դոլար միջին աշխատավարձով: Առաջիկա 2 տարիներին այստեղ կներդրվի ռաֆինացված պղնձի արտադրությունը: Սակայն նախագահի Լոռու մարզում գտնվելու ժամանակ գլխավոր իրադարձությունն, անշուշտ, Վանաձորի «Պրոմեթեւս-քիմպրոմի» (ջերմաէլեկտրակայան, քիմիական մանրաթելերի եւ քիմիական գործարաններ) վերագործարկումն էր: Գործարանի շուրջ 2000 աշխատակիցների առջեւ ելույթ ունենալով, Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ 1997 թ.-ից ինքը զբաղվել է այս գործարանի վերագործարկման հարցով: Սակայն տպավորությունն այնպիսին էր, որ դա գրեթե անհնար է: Միջազգային մրցույթի մասնակիցները խորհուրդ էին տալիս գոնե որոշակի շահույթ ստանալ այստեղ եղած մետաղի ջարդոնից: Այդպես եղավՙ մինչեւ Սենիկ Գեւորգյանը որոշեց գալ եւ ներդրումներ կատարել, որոնց ընդհանուր չափը կազմել է մոտ 20 մլն դոլար: Նախագահը այս նշանակալի իրադարձության առթիվ շնորհավորեց բոլոր վանաձորցիներին: Ապա ելույթ ունեցավ գործարանի տնօրեն Վարդան Վարդանյանը: Նա նշեց, որ ներկայումս հնարավորություն կա մելամինի արտադրության ծավալները տարեկան հասցնելու 10 հազ. տոննայի, ամոնիակինըՙ 20 հազ., կալցիումի կարբիդինըՙ 15 հազ., ացետատային ժապավենինըՙ 3500 տոննայի եւ այլն: Ապագայում աշխտատեղերի թիվն այստեղ կհասնի 4 հազարի:
Այցելության վերջում մարզի ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն, որտեղ քննարկված հարցերի մասին Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց խորհրդակցությանը հաջորդած մամուլի ասուլիսին: Նա հայտնեց, որ հիմնական խնդիրը եղել է մարզում աշխատատեղերի ավելացման հարցը եւ համոզմունք հայտնեց, որ բարձրացված հարցերը կոնկրետ ժամկետներում իրենց լուծումը կստանան: Ըստ նախագահի, Վանաձորում մի քանի գործարանների վերագործարկումը եւ արդեն գործարկվածների արտադրության ընդլայնումը հնարավորություն կտան լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել:
«Ազգի» հարցը նախագահին հետեւյալն էր. «Չնայած տնտեսական աճին, (9,9 տոկոս) մեծ ծավալների է հասնում ստվերային շրջանառությունը, ինչի պատճառով բնակչության զգալի մասի վիճակը շարունակում է մնալ ծանր: Ի՞նչ կասեիք այս կապակցությամբ»: Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Չեմ կասկածում, որ կա ստվերային շրջանառություն: Այն կա յուրաքանչյուր, այդ թվում շատ զարգացած երկրներում: Խոսքը ծավալների մասին է: Համախառն ներքին արդյունքից հարկային եկամուտները տարբեր երկրներում տարբեր տոկոսներ են կազմում: Դա գալիս է հարկային օրենսդրությունից, երկրի տնտեսական վիճակից: ԱՊՀ երկրներում այդ տոկոսը գտնվում է 14-15 տոկոսի շրջանակներում: Զարգացած երկրներում այդ թիվը հասնում է մինչեւ 30 տոկոսի:
Օրինակ, մերձբալթյան երկրներում այդ թիվը 25 տոկոսից ավելի է: Մենք մեծ թերություններ ունենք վարչարարության մեջ, մեր օրենսդրությունն ունի ճեղքեր, որտեղով ֆինանսական արյունահոսություն կա եւ մենք պետք է փորձենք խստացնել նաեւ այդ ռեժիմը: Բայց կրկնում եմ, մեր նման երկրների համար 16 տոկոսը միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից համարվում է դրական»:
Մամուլի ասուլիսից հետո, ուշ երեկոյան նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երեւան: