Արմատականների հերթական հանրահավաքը
Քոչարյանի հրաժարականը պահանջող երեք արմատական կուսակցությունների առաջադրած «այլընտրանքային ծրագրերի» հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ Մատենադարանի բարձունքում նախորդ հանրահավաքներից ավելի շատ մարդիկ էին հավաքվելՙ երեւանցիներ եւ հիմնականում գյումրեցիներ: Սակայն նրանց սպասումները չարդարացան. ոչ մի ծրագրային դրույթ այդպես էլ չհնչեց: Ավելին, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Սարգսյանն անգամ հաստատեց, որ իրենք կոնկրետ ոլորտներին առնչվող հայեցակարգ չունեն, իսկ եթե մյուս կուսակցությունները նման ծրագրեր կամ հայեցակարգեր ունեն, թող ներկայացնեն, իրենք էլ կմասնակցեն քննարկումներին: Սակայն կմասնակցե՞ն, թե՞ բարձունքներից «Քոչարյան եւ անգլո՚ւխ ձիավորներ, հեռացեք» կարգախոսով հանրահավաքները կշարունակեն: Օրեր առաջ, կոնկրետ ոլորտիՙ ազգային անվտանգության օրենքի մասին քննարկումներ էին ծավալվել, որին սակայն երեք կուսակցություններից եւ ոչ մի ներկայացուցիչ չէր ժամանել: Սա իմիջիայլոց...
Նախորդ հանրահավաքի ժամանակ մասնակիցները բավարարվեցին միայն իշխանություններին հոկտեմբերի 27-ի ոճրագործության կատարողներին հովանավորելու մեջ մեղադրելով: Այս անգամ առաջադիմել էին. «դատավարություն էին իրականացրել» ու միանշանակ համոզվել, որ... Ռոբերտ Քոչարյանն ինքն է կազմակերպել ոճրագործությունը: Արամ Սարգսյանը ոգեւորված հայտարարեց, որ այդ մարդը (Ռ. Քոչարյանը-Գ. Ա.) չէր կարող ներել Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին: Սակայն ինչուՙ ոչինչ, իհարկե, չասվեց:
ՀԺԿ-ն այս հարցում ավելի քան համոզված է, եւ այդ կուսակցության անդամ, պատգամավոր Արամայիս Բարսեղյանն իրեն հատուկ պատասխանատվությամբ հայտարարեց. «Հոկտեմբերի 27-ը իշխանությունների պետականորեն կազմակերպածն էր»: Հետաքրքիր էՙ պատկերացնո՞ւմ է պատգամավորը, թե ինչպիսի մեղադրանքներ է ներկայացնում, ունի՞ փաստեր: Իրենք համարում են, որ ունեն:
Եվ գիտեք ո՞րն է նրանց փաստարկը. Մուշեղ Սաղաթելյանն ու իր սենսացիոն, դարակազմիկ բացահայտումները, որոնց իրենք անվերապահորեն հավատում են: Այն աստիճան, որ եթե օրեր առաջ ՆԳՆ գործակալի հնչեցրած իշխանություններին մեղադրող հայտարարությունները համարում էին Սաղաթելյանի «գլխին գործ սարքելու» միջոց, ապա այսօր հենց նույն գործակալի նույն հայտարարությունները մեջբերում ենՙ ապացուցելու Սաղաթելյանի իրավացիությունը:
Հանրահավաքի ընթացքում «Սպայի պատիվ» կազմակերպության նախագահը ոգեւորված պնդում էր, թե ի՞նչ պետություն, եթե «պագոնավորը» մտնում է քաղաքականություն: Չգիտես միտումնավո՞ր, թե՞ իսկապես հռետորը մոռացել էր, որ «Հանրապետության» ներկայիս անդամ եւ նախկին պաշտպանության նախարարն ինքն էր քաղաքական գործիչ դարձել եւ հենց նույն հոկտեմբերի 27-ից հետո բանակով քաղաքական հարցեր էր փորձում լուծել: Դրանք հիշելու փոխարեն, չգիտես ինչու արմատականները հատուկ ուշադրություն են դարձնում... իրավապահների վրա ու անընդհատ հորդորում չենթարկվել իշխանություններին: Հետաքրքիր է իմանալ, եթե ոչ իրենց վերադասներին, ապա ո՞ւմ են առաջարկում իրավապահներին ենթարկվելու: Գուցե իրե՞նց: Այսօր աբսուրդային երեւույթը, որ չի կարելի անգամ երեւակայել, Արամ Սարգսյանն, օրինակ, տրամաբանական է համարում: Նախկին վարչապետը լրջորեն մտածում է խեղճ միլիցիոներների մասին, որը չգիտիՙ արտահերթ ընտրություններին կո՞չ հնչեցնի, թե՞ իր պարտականությունները կատարի: Եթե իշխանության վերադառնալուց հետո Արամ Սարգսյանը պատրաստվում է միլիցիոներին տալ այդ հնարավորությունը, ուրեմն... առ ու փախիր:
Բայց իրենք, ինչպես ներկայացնում են, իշխանության վերադառնալու խնդիր չունեն: Իշխանափոխություն են պահանջում, դրա վրա գումարներ ծախսում, որ շատ հանգիստ թողնեն նրան, ում ժողովուրդը կընտրի: Ինչպիսի՜ զոհաբերություն: Իրենք ընդհանրապես որեւէ մեկին իշխանության բերելու խնդիր էլ չունեն: Սակայն չեն կարողանում բացահայտել, կամ թե ասենք ի՞նչ գործ կարող է ունենալ ՀՀՇ-ի Գեւորիկը հանրահավաքում, ինչո՞ւ են նախկիններն այդքան ակտիվ հետեւում իրենց քայլերին:
Ինչեւէ, անվախ արմատականները, սակայն, իշխանություններից այնուամենայնիվ վախենում են: Դրա համար էլ խուսափում են ներկայացնել նախագահի հրաժարականի մասին փաստաթղթի տակ ութ պատգամավորներից բացի մյուսների ստորագրությունների քանակը: Փոխարենը նշում են, որ բնակավայրերում այդ ստորագրահավաքին արդեն իսկ մասնակցել են 400 հազար քաղաքացիներ: Արմատականները չեն ալարել անգամ այն բնակավայրերից ստորագրություններ հավաքել, որոնց ընտրատարածքից ընտրված պատգամավորն արդեն միացել է ստորագրահավաքին: Կարեւորն այլ բան է, որքան հնարավոր է շատ ստորագրություններ (նույնիսկ անիմաստ) հավաքել, գուցե հաջողվի՞ խորհրդարանին ծնկի բերել: Այն խորհրդարանին, որին այսօր ոչ ոք չի վստահում, եւ որը կարող է շատ հանգիստ մեղադրյալին պատգամավորական մանդատից չզրկել:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ