Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով հոկտեմբերի 31-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռումինիայի Հանրապետության նախագահ Իոն Իլիեսկուն: Ռումինիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան պետք է կայանար հոկտեմբերի 8-9-ը, սակայն հետաձգվեցՙ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչության հետեւանքով միջազգային իրադրության փոփոխության առնչությամբ:
Ռումինիայի նախագահին Հայաստան այցի ընթացքում կուղեկցեն նախարարներ, Նախագահի խորհրդականներ, պաշտոնատար այլ անձինք: Այցի շրջանակում Հայաստան կժամանեն նաեւ մի խումբ գործարարներ եւ լրագրողներ:
Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Իոն Իլիեսկուի առանձնազրույցը: Այնուհետեւ նախագահների մասնակցությամբ տեղի կունենան ընդլայնված կազմով հայ-ռումինական բանակցությունները, կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր:
Օրվա երկրորդ կեսին Ռումինիայի նախագահը կայցելի Ազգային ժողով, ուր հանդիպում կունենա ԱԺ նախագահի, տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբերի ու խմբակցությունների ղեկավարների հետ:
Պաշտոնական այցի երկրորդ օրը Իոն Իլիեսկուն կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Ռումինական պատվիրակությունը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, Ռումինիայի նախագահը ծաղկեպսակ կդնի 1915 թ. զոհերի հուշակոթողին եւ կմասնակցի ծառատունկի արարողությանը:
Երեւանի պետական համալսարանում Իոն Իլիեսկուն հանդիպում կունենա ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ:
Այցի շրջանակում Ռումինիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Ազգային պատկերասրահ, Հայաստանում Ռումինիայի դեսպանություն:
Նոյեմբերի 1-ի երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում ճանապարհման պաշտոնական արարողությունից հետո Ռումինիայի Հանրապետության պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ