ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 1-ին եւ 6-ին Մոսկվայի մունիցիպալ դատարաններից մեկում կդատաքննվեն Ադրբեջանից բռնագաղթած եւ ներկայումս Մոսկվայում բնակվող հայ փախստականների բողոքներն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության Մոսկվայի տարածքային վարչության: Այդ գերատեսչությունը մերժել է հայ փախստականներին ՌԴ քաղաքացիություն եւ բռնի տեղահանվածի կարգավիճակ տրամադրել: Փախստականների այդ իրավունքը նախատեսված է ՌԴ համապատասխան օրենսդրությամբ եւ նախատեսում է սոցիալական արտոնություններ, նաեւ կացարանի հատկացման երաշխիքներ:
«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տվյալներով, ներկայումս Մոսկվայում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած ավելի քան 2000 հայերՙ «սոցիալ-հումանիտար լրիվ իրավազուրկ վիճակում»: Նրանք համահավաք բնակվում են Վոստրյակովո ավանի եւ ՌԴ մայրաքաղաքի մի շարք հանրակացարաններում: Իրադրությունն ավելի է սրվել վերջերս. Մոսկվայի միգրացիոն ծառայությունը բոլոր հայ փախստականներին տեղեկատվական նամակ է ուղարկել, որ նոյեմբերի 1-ից քաղաքի միգրացիոն եւ այլ ծառայությունները հրաժարվում են նրանց համարել փախստական, իսկ դեռ 1990 թավականին նրանց տրված փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը չեղյալ են հայտարարվում:
Ըստ ՌՀՄ կազմակերպության, սա Ռուսաստանի Դաշնության սահմանադրության եւ փախստականների ու բռնի տեղահանվածների մասին ֆեդերալ օրենսդրության կոպիտ խախտում է:
Փախստականների շահերը դատարանում կպաշտպանի համառուսաստանյան հասարակական այս կազմակերպության փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը: