«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2001-10-27 | #197, 2001-10-30 | #198, 2001-10-31


ԱԼԻԵՒԸ ԻՐԱՆԻՆ Է ՄԵՂԱՎՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՅԴ ԵՐԿԻՐ ԻՐ ՉԿԱՅԱՑԱԾ ԱՅՑԻ ՀԱՄԱՐ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեյդար Ալիեւը պաշտոնական Թեհրանին մեղադրում է սեպտեմբերի 17-18-ը Իրան ծրագրված իր այցը խափանելու մեջ:

Ինչպես գրում է ադրբեջանական «525-րդ» թերթը, այդ մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Ազեդ Հասայի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ըստ Ադրբեջանի նախագահի, իր այցի չկայանալու պատճառը իրանական կողմի անպատրաստակամությունն էր երկու երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության պայմանագիր ստորագրելու եւ երկու նախագահների համատեղ քաղաքական հայտարություն անելու հարցում: Ալիեւը նշել է, որ ադրբեջանական կողմը նոխօրոք ներկայացրել էր պայմանագրի իր տեքստը, սակայն սեպտեմբերի 15-ին Թեհրանը հայտարարել է, որ իր կողմից փաստաթուղթը պատրաստ չէ: Իրանի դեսպանն իր հերթին նշել է, որ բոլոր նշված հարցերը կարելի էր կարգավորել Ադրբեջանի արտգործնախարարի Թեհրան այցելելու դեպքում: Ալիեւը հայտարարել է, որ իր այցելությունն Իրան կարելի է կազմակերպել բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ նոր պայամանագրի եւ համատեղ դեկլարացիայի տեքստի համաձայնեցման դեպքում:

Թուրան գործակալությունը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը պահանջում է տեքստերում ներառել երկու երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու, ինչպես նաեւ երկու երկրների հարաբերություններում ռազմական ուժի կիրառումից հրաժարվելու սկզբունքները: Բացի դրանից, ադրբեջանցիները պահանջում են ներառել նաեւ Կասպից ծովի նկատմամբ վերահսկողության ոլորտների վերաբաժանումը միայն խաղաղ բանակցությունների միջոցով իրականացնելու մասին կետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4