«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2001-10-27 | #197, 2001-10-30 | #198, 2001-10-31


ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆԻ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԳՐՔԵՐԸ

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահի դահլիճում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Կարպիս Սուրենյանի «Ճիշտը կյանքն է» եւ «Պսակ թարգմանական» գրքերի շնորհանդեսը:

Կարպիս Սուրենյանն ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում: Նրա գրական գործունեությունը սկսվել է 1940-ական թթ.: Հեղինակել է «Մաքուր ձեռքեր», «Բնիկ որտեղացի՞ եք» (1969), «Արեւորդիներ» (1979), «Ոգու ամրոցներ» (1982), «Երանության կղզին» (1986), «Հին պատմություն» (1999), «Ճիշտը կյանքն է» գրքերը: Թարգմանել է Ֆ. Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպը, Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը» եւ այլ գործեր:

«Ճիշտը կյանքն է» գրքում ամփոփված են տարբեր տարիներին գրած նովելներ, պատմվածքներ, էսսեներ: Գրքում 12 գործ կա, որոնց միջով անցնում է հեղինակի 75-ամյա կյանքի ճանապարհը: Իսկ «Պսակ թարգմանական» գրքում Սուրենյանը փորձել է ի մի բերել տարիների ընթացքում կատարած փոքրածավալ թարգմանություններ, որոնք տպվել են մամուլում կամ աննտիպ մնացել: «Պսակ թարգմանական» գրքում այնպիսի գրողների ստեղծագործություններ են, ինչպիսիք են Ֆյոդոր Դոստոեւսկին, Չժուան Ցեն, Ուիլյամ Սարոյանը, Անտուան դը Սենտ Էքզյուպերին, Անատոլ Ֆրանսը եւ ուրիշներ:

«Պսակ թարգմանական» գրքի հրատարակումը համընկավ վերջերս կայացած Թարգմանչաց տոնի հետ:

Այժմ «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը տպագրության է պատրաստում Կարպիս Սուրենյանի «Օրագիր 1943-2001», «Հանդիպումներ» գրքերը, որոնք այսՙ «Պսակ թարգմանականի» հետ կազմում են մի եռագրություն: «Օրագիր 1943-2001» գիրքը նրա կյանքի եւ անցած ճանապարհի արտացոլումն է, իսկ «Հանդիպումներ» գրքում հեղինակը պատմում է մեր մեծերի հետ իր հանդիպումների մասին:

ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՆԱԻՐՈՒՀԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4