«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2001-10-27 | #197, 2001-10-30 | #198, 2001-10-31


ԲՈԼՈՐԻՆ ՀԱՄԱԿԵԼ ԷՐ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Պարոնյանի անվան թատրոնում նշվեց ՕՀՀՈւ-ի հիմնադրման 30-ամյա հոբելյանը

Վերջին մեկ ամսում օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի հիմնադրման 30-ամյա հոբելյանին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացվեցին: Տոնական հանդիսությունների վերջին ակորդը հնչեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ երեկ մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց հանրապետությունում մարզական կադրերի պատրաստման այդ յուրօրինակ դարբնոցի 30-ամյա հոբելյանը: Տոնակատարությանը ներկա էին մարզօջախի աշխատակիցները, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, սպորտվարչության ղեկավար կազմը, հյուրեր մարզական այլ կազմակերպություններից, մարզական լրագրողներ:

Բացման խոսքում ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը ջերմորեն շնորհավորելով ուսումնարանի կոլեկտիվին հոբելյանի առթիվ, նշեց, որ մարզօջախը մեծ ներդրում ունի հանրապետությունում սպորտի զարգացման մեջ, առաջատար մարզիկների պատրաստման գործում, ուստի հարկ է արժանին մատուցել բոլոր երախտավորներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով նպաստել են հայկական սպորտի հաջողություններին, հայ մարզիկների նվաճումների ձեռքբերմանը: Նախարարը ուսումնարանի մի խումբ աշխատակիցներին հանձնեց ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատողի վկայագրեր: Նրան հաջորդած սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը եւս ջերմ խոսքեր հղեց ուսումնարանի կոլեկտիվի, նրա ներկայիս տնօրեն Դերենիկ Գաբրիելյանի հասցեին եւ վերջինիս հնանձնեց միջազգային օլիմպիական կոմիտեի պատվո նշանը, որին նա արժանացել է ՄՕԿ-ի նախագահի հրամանագրով: Իր գործընկերոջը շնորհավորելու համար Մոսկվայից ժամանել էր Ռուսաստանի մայրաքաղաքի նույնատիպ օլիմպիական հերթափոխի ուսումնարանի տնօրեն Վիկտոր Օսեեւը: Ի դեպ, այդ ուսումնարանն էլ այս տարի նշում է իր հիմնադրման 30-ամյակը: Օսեեւը պատվոգիր հանձնեց Դերենիկ Գաբրիելյանին, ուսումնարանի հոբելյանի առթիվ նվիրելով հեռուստացույց:

Տոնական հանդիսությունն ընդգրկում էր համերգային ճոխ ծրագիր: Ելույթնեն ընդմիջվում էին պարի պետական համույթի, «Արդինի» ստուդիայի, «Ծո-FM» խմբի, անհատ կատարողներ Արսեն Գրիգորյանի, Վարդուհի Վարդանյանի, Աիդա Սարգսյանի, ուսումնարանի ակրոբատների խմբի կատարումներով, ինչն ավելի ուրախ ու տոնական տրամադրություն էր հաղորդել դահլիճում ներկա գտնվողներին:

Վերջում ուսումնարանի գլխավոր տնօրեն Դերենիկ Գաբրիելյանն իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր եկել էին շնորհավորելու կոլեկտիվի հոբելյանի առթիվ: Նա իր երախտագիտությունը հայտնեց այն մարդկանց, ովքեր կանգնած էին մարզօջախի հիմնադրման ակունքներին: Հատկապես հիշատակվեց նախկին տնօրեն Էդուարդ Գրիգորյանի եւ նախկին լուսնախարար Սեմյոն Հախումյանի դերը ուսումնարանի կազմավորման գործում: Այնուհետեւ Դերենիկ Գաբրիելյանը բեմ հրավիրեց սպորտնախարարության, ՀԱՕԿ-ի, սպորտվարչության նախկին եւ ներկայիս ղեկավար կազմինՙ Սեմյոն Հախումյանին, Ռոլանդ Շառոյանին, Իշխան Զաքարյանին, Միքայել Իսպիրյանին, Արմեն Գրիգորյանին, Ռաֆայել Թորոսյանին, ինչպես նաեւ Վիկտոր Օսեեւին եւ նրանց ուսումնարանի կոլեկտիվի կողմից ի նշան երախտագիտության, հանձնեց հուշամեդալներ, գավաթներ եւ մարզօջախի անցած փառավոր ուղու մասին պատմող գրքույկներ: Պատասխան խոսքում Սեմյոն Հախումյանը պարգեւատրվածների անունից խորին շնորհակալություն հայտնեց տնօրենից, մեկ անգամ եւս ջերմորեն շնորհավորեց բոլորին գեղեցիկ տոնի կապակցությամբ, նշելով, որ ինչ հասակում էլ որ լինեն, թող որ միշտ իրենց 30 տարեկան զգան:

Վերջում կցանկանային նշել, որ միջոցառումն իրոք բավական լավ էր կազմակերպված եւ բոլորն էլ տոնական տրամադրությամբ էին համակված:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4