«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2001-10-30 | #198, 2001-10-31 | #199, 2001-11-01


ՀԱՅ ԵՎ ՌՈՒՄԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԱՌԱՅԺՄ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՈՒ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ

Երկու երկրների գործարար կապերը չեն գոհացնում եւ ոչ մի կողմին

Ռումինիայի նախագահի հետ Հայաստան է ժամանել նաեւ ռումինացի գործարարների մոտ 10 հոգանոց պատվիրակություն, որը գլխավորում է այդ երկրի առեւտրաարդյունաբերական պալատը: Դատելով նրանց ցուցակից, կարելի է հստակ պատկերացում կազմել այն ոլորտների ու շուկաների մասին, որոնք կարող են հետաքրքրել ռումինացիներինՙ տեքստիլ, («Նաֆ-Նաֆ»), կահույքի արտադրություն («Ալպիտեքս»), մեքենաշինություն («Առո»), դեղամիջոցներ («Սիկոմեդ»), հանքահումքային («Նոն ընդ նոն ֆերուս մեթալս») եւ այլն: Երեկ ՀՀ արդյունաբերողների ու գործարարների միությունում (ՀԱԳՄ) ռումինացի գործարարները հանդիպեցին հայ գործընկերների հետ, ստորագրվեց փոխգործակցության համաձայնագիր: Երկուստեք փաստեցին, որ հայ-ռումինական գործարար կապերը «նվազ են, թույլ» եւ ոչ համարժեք առկա քաղաքական եւ այլ կապերին: Ամենավառ ապացույցը, թերեւ, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշն է, որը 1998 թվականից սկսած տարեցտարի նվազում է. օրինակ, 1999 թ.-ի 2 մլն դոլարի դիմաց անցյալ տարի այդ թիվը կազմել է ընդամենը 300 հազ. դոլար:

Հայ-ռումինական տնտեսական կապերի զարգացման մասին ակնարկները վերջին մեկ տարում ավելի են հաճախակիացել, բայց գործնականում սայլը տեղից կարծես թե չի շարժվում: Դեռեւս ապրիլ ամսին Հայաստանում Ռումինիայի դեսպան Պավել Պլատոնան, ՀԱԳՄ-ում հանդիպելով հայ գործարարների հետ, զարմանքով արձանագրել էր, որ չնայած միջկառավարական երեք տասնյակի հասնող պայմանագրերին, գրեթե ամեն ամիս երկու երկրների միջեւ կազմակերպվող բարձր մակարդակի հանդիպումներին ու բարենպաստ տնտեսաիրավական դաշտի պայմաններին, առեւտրատնտեսական հարաբերություններում ոչ մի դրական տեղաշարժ դեռ չի նկատվում: Դեսպանը հավաստել էր նաեւ, որ Ռումինիան պատրաստ է իր դռները բացել Հայաստանի առջեւ եւ համագործակցել տնտեսության ամենատարբեր ոլորտներում: Երեկ ՀԱԳՄ-ում նորից որոշակիացվեցին դրանքՙ մոլիբդենի, պղնձի, գյուղմթերքների արտադրություն ու տրանսպորտ (Հայաստանի ամենակարեւոր տրանսպորտային ուղիներից մեկն այսօր ռումինական Կոնստանցա նավահանգստով, Փոթիով Երեւան ձգվող ուղին է): Երեկ տեղեկացվեց, որ մեկ ամսից հայկական գործարարների մի պատվիրակություն փոխադարձ այց կկատարիՙ ռումինական շուկային ծանոթանալու եւ գործընկերներ գտնելու նպատակով:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4