«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2001-10-30 | #198, 2001-10-31 | #199, 2001-11-01


ՈՒՇՈՒԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ

Երեկ «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ ուշուի աշխարհի 6-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով ներկաներին դիմեց ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը: Նա մասնակիցներին ողջունեց մարզաձեւի այդ հիանալի տոնի կապակցությամբ, իր շնորհակալությունը հայտնեց ուշուի միջազգային ֆեդերացիային եւ ՀՀ կառավարությանըՙ առաջնությունը Երեւանում կազմակերպելու եւ անցկացնելու համար:

Հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին նաեւ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը, ուշուի միջազգային ֆեդերացիայի գործող եւ պատվավոր նախագահները, Հայ սեւ գոտիների միության (ՀՍԳՄ) նախագահ Կարո Քեբաբջյանը:

Առաջնությունը բացելու պատիվը տրվել էր կառավարական կազմկոմիտեի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, որը կառավարության անունից շնորհավորեց մասնակիցներին մարզական տոնի մեկնարկի կապակցությամբ, նրանց մաղթեց հաղթանակ եւ առաջնությունը հայտարարեց բացված: Այնուհետեւ սկսվեց մասնակիցների շքերթը: Դահլիճ մտան աշխարհի 33 երկրների պատվիրակները: Նրանց իրենց ելույթներով ողջունեցին պարային համույթները, ցուցադրական ելույթներով հանդես եկան ՀՍԳՄ-ի սաները: ՀՍԳՄ-ի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Կարո Քեբաբջյանը նվերներ հանձնեց պաշտոնական անձանց:

Եվ այսպես, ուշուի աշխարհի առաջնության մեկնարկը տրված է: Նոյեմբերի 1-4-ը ուշուիստները կվիճարկեն 6-րդ առաջնության պարգեւները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4