«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2001-10-30 | #198, 2001-10-31 | #199, 2001-11-01


ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՓԱՌԱՏՈՆՆ Ի ՄԻ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Խոսող քարերի երկիր» (CTS-3) տուրիզմի միջազգային ցուցահանդես-փառատոնը, որը կշարունակվի այսօր եւ վաղը: Ցուցահանդեսը երրորդն է, սակայն ի տարբերություն նախորդների, ավելի ներկայացուցչական է ու ընդգրկուն: Բացի հիմնական նախաձեռնողիցՙ «Ճամփորդական գործակալությունների հայկական ընկերակցությունից» (AATA), միջոցառման կազմակերպմանը մասնակցել է նաեւ պետությունըՙ ի դեմս ՀՀ արդյունաբերության ու առեւտրի նախարարության: Ցուցահանդես-փառատոնի բացմանը շատ խոսքեր ու մեկնաբանություններ հնչեցին «Հայաստանի տուրիստական ապագայի» մասին, սակայն ամենից շռայլն իր մեկնաբանություններում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջոն Բալյանն էր: Վերջինս, ի տարբերություն շատերի, շատ հույսեր չի կապում սփյուռքահայերիՙ իբրեւ պոտենցիալ տուրիստների հետ, այլ խորհուրդ է տալիս տուրիզմի բիզնեսով զբաղվողներին մտածել նորանոր շուկաների մասին ու օտարազգի տուրիստներին Հայաստան բերելով: Ըստ պրն Բալյանի, դրա բոլոր հիմքերը կան. «Հայաստանը մի գաղտնիք է, որը պիտի բացվի: Այդ գաղտնիքը երբ բացվում է, հրապուրում է: Ով գալիս է Հայաստան, սիրահարվում է այս երկրին»: Նա չզլացավ մի քանի օրինակներ բերել, ինչպես նաեւՙ կրկնել մի առիթով ասված այն կարծիքը (ինչի մասին «Ազգը» եւս գրել էր), որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Հայաստանն իր համար ամենաապահով երկիրն է: Երեկ այդ մակդիրը հարստացավ եւս մեկ բնորոշմամբՙ «հանգստության ու խաղաղության օազիս, որտեղ չկան արտառոց դեպքեր»:

Ցուցահանդես-փառատոնը, փաստորեն, ի մի է բերել Հայաստանի ներկայիս հիմնական տուրիստական ներուժը, միտումներն ու հնարավորությունները: Ներկայացված են ինչպես շուկայում արդեն ճանաչում գտած «Լեւոն Թրավել», «Էլիտար Թրավել», «Արմինտուր», «Սաբերատուր Սեւան», «Դելտա Արմենիա», «Պրանա տուր», այնպես էլ վերջին տարիներին հիմնված, բայց արդեն հայտնի «Սթարս», «Պան ֆոլկ Արմենիա», «Մարության» եւ այլ ընկերությունները: Իրենց մասնակցությունն են բերել նաեւ հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչներըՙ «Արմենիա», «Երեւան» եւ «Տերյան» հյուրանոցները, ինչպես նաեւ տուրիզմի ոլորտը սպասարկող ընկերություններ, ինչն, ի դեպ, նոր-նոր է զարգանում մեզանում: Դրանցից են «Ինտեր հոթել սերվիս» ընկերությունը, որը զբաղվում է հյուրանոցներին բառացիորեն ամեն տեսակի ապրանք վաճառելովՙ սպասքից մինչեւ խալաթներ ու հողաթափեր, «Բոն ափ»-ը, որը մասնագիտացել է սննդի սպասարկման ոլորտում եւ «Hertz Rent-A-Car»-ը, որը Հայաստանում առաջինն է սկսել զբաղվել մեքենաների վարձույթով: Ցուցահանդեսում ներկայացված է նաեւ «Սիրիական ավիաուղիները», որը Երեւանի կոնյակի գործարանի հետ միջոցառման հովանավորներից է: Այսօր, ի դեպ, նախատեսված է հայկական կոնյակների համտես: Համտեսներն, ընդհանրապես, տուրիզմի բնագավառում մեծ տարածում գտած միջոցառումներ են. կան այսպես կոչված «գինիների տուրեր», որոնց կազմակերպման ու անցկացման համար Հայաստանն ունի մեծ հնարավորություններ:

Գ. ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4