907 հոդվածի վերանայման հարցը չէր կարող անտարբեր թողնել ծանոթ հասարակական գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանին, որն իր հոկտեմբերի 29-ի «Պարանի ձգումը շարունակվում է» ընդարձակ հոդվածում մասնավորապես գրում է, որ վերջին շաբաթների ընթացքում Ամերիկայի հայկական համայնքը բառացիորեն ողողված է «ազատությանն աջակցող» օրենքում տեղ գտած 907 հոդվածի վերացմանն ուղղված կառավարական ջանքերի հակասական գնահատականներով:
«Պետքարտուղարության ցանկություններին ընդառաջ գնալու որոշ հայկական շրջանակների վաղաժամ դիրքորոշումը, դժբախտաբար, թուլացրեց ինչպես համայնքի, այնպես էլ հատուկ այդ հարցը քննարկելու նպատակով Վաշինգտոն ժամանած ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի բանակցելու դիրքերը», գրում է նա եւ շարունակում:
Ադրբեջանին ռազմական եւ տնտեսական օգնությունը սահմանափակող իննամյա վաղեմության օրենքը վերանայելու անհրաժեշտությունը ծագեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչական դեպքերից անմիջապես հետո: Այդ հոդվածի վաղեմի հակառորդները սենատոր Սեմ Բրաունբեքի առաջնահերթությամբ առիթը բաց չթողեցին, եւ վերանորոգված ջանքերով փորձեցին ամբողջովին վերացնել «չարաբաստիկ» հոդվածը: Ազգային անվտանգության նախկին խորհրդատուներ Բժեզինսկու, Սքոուքրոֆթի եւ Լեյքի միասնական նամակին հետեւեցին կասպյան տարածաշրջանում շահեր ունեցող նավթարդյունաբերության խոշորագույն ընկերությունների եւ հրեական կարեւորագույն կազմակերպությունների նամակները, որոնք գիտակցելով 1999-ի իրենց ձախողման պատճառները, այս անգամ ավելի վճռական էին դարձել, չմտածելով, որ իրենք իրենց հակադրում են ինչպես Ամերիկայի, այնպես էլ այլ երկրների հայկական հոծ համայնքներին: Վստահ եմ, այս երկրում եւ Իսրայելում բազմաթիվ հրեաներ կտրականապես դեմ են հրեական այս կազմակերպությունների ղեկավարների հակահայ դիրքորոշմանը: Հայկական կազմակերպություններն ու խմբակցությունները երբեք իրենց դատն առաջ չեն տարել ի հաշիվ հրեաների կամ այլ ժողովուրդների շահերի:
Սակայն հանդիպելով հայկական կողմի որոշակիորեն վճռական ընդդիմությանը, պետքարտուղար Փաուելն ու սենատոր Բրաունբեքը ստիպված եղան հրաժարվել իրենց նախնական մտադրությունից, որն էր հոդվածի ամբողջական վերացումը, եւ բավարարվել հոդվածի նկատմամբ նախագահին կոնգրեսական իշխանություն պարգեւելով եւ հոդվածի բովանդակությունը վերաշարադրելով: Պաշտպանելով հանդերձ ահաբեկչության դեմ պայքարելու նախագահ Բուշի նախաձեռնությունը, հայկական համայնքը մտահոգված էր, որ նման քայլը կարող էր ապակայունացնել իրավիճակը Կովկասումՙ սպառնալով ինչպես Հայաստանի եւ Ղարաբաղի, այնպես էլ Մ. Նահանգների շահերին: Դժբախտաբար, որոշ կազմակերպությունների դիրքորոշումը թուլացրեց մեր ընդհանուր ջանքերը: Մինչ այդ, սակայն, որոշ նշումներ եղան, որ Մ. Նահանգներն արդեն իսկ խախտել է այդ օրենքի որոշակի մանրամասներ, եւ այս վերամշակումն այդ օրինախախտումները ծածկելու նպատակ ունի: Ի մասնավորի, սենատոր Բրաունբեքը Սենատին ուղղած իր խոսքում, շեշտելով նախագահական իրավասությունների ընդլայնման կարեւորությունը 907 հոդվածի, ինքնաթիռների վայրէջքի ու ռազմական անձնակազմի Ադրբեջանում բուժվելու առնչությամբ, լեզվական սայթաքում թույլ տալով նշեց, թե «նման երեւույթներ արդեն իսկ կատարվում են»: Նա ճշմարտությունն էր ասում, ըստ երեւույթին այդ հոդվածի առկայության դեպքում էլ նման գործողություններ տեղի էին ունենումՙ խախտելով օրենքում նշված պայմանները: Պարզապես երեւի ցանկություն կա առավել ընդլայնելու ռազմական օժանդակությունն Ադրբեջանին, մի բան, որ հավանաբար այլեւս թաքուն չի կարելի կատարել: Բայց ռազմական օգնություն տալով Ադրբեջանին, Մ. Նահանգները փաստորեն խախտում է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993-ի հուլիսի 29-ին ընդունած թիվ 853 որոշումը, համաձայն որի կազմակերպության անդամ երկրները պարտավոր են «ձեռնպահ մնալ Հայաստանին եւ Ադրբեջանին զենք եւ ռազմամթերք մատակարարելուց»:
Ի հեճուկս այս խախտումներիՙ հոդվածի վերամշակման որոշումն ընդունվեց անցյալ չորեքշաբթի օրըՙ հոկտեմբերի 24-ին: Հայկական որոշ շրջանակներ «հաղթանակ» անվանեցին կատարվածը, համարելով, որ «լավագույն ելքն էր» դա: Սակայն, «CQ» շաբաթաթերթը, որը Կապիտոլ Հոլի ծանրակշիռ հրատարակություններից է, տեղի ունեցածը որակեց «պարտություն» ամերիկահայ քարոզչության համար:
Որոշման ներկա շարադրանքով Ադրբեջանին նախատեսված ռազմական օգնության չափերն անհամեմատ մեծանալու են: Իսկ կարեւոր նկատառումներից մեկն էլ այն է, որ որոշակի ժամկետ չի նշված այնտեղ: 2002 թ. դեկտեմբերի 31-ից հետո նախագահն իրավունք ունի առանց կոնգրեսական համաձայնության երկարաձգելու որոշման ժամկետը, մի բան, որ հավասարազոր է հոդվածի ամբողջական վերացմանը: