Սակայն կազմում են ընդհանուր փոխադրումների շուրջ 20 տոկոսը
Մայրաքաղաքի գլխավոր փոխադրամիջոց դարձած երթուղային տաքսիների եւ երթուղիների հսկայական շահութաբերության մասին հյուսվող լեգենդները թերեւս այնքան էլ հեռու չեն իրականությունից: Պատահական չէ, որ այդ երթուղիները սպասարկողները կամ, ինչպես ասում են, «գծերի տերերը», իշխանության այս կամ այն թեւին, կառույցին պատկանող պաշտոնյաներ են, մեծ մասամբ ԱԺ պատգամավորներ:
Թե ինչու հասարակ մահկանացուներին հնարավորություն չի տրվում մոտենալու այս բիզնեսին, խնդրի միայն մեկ կողմն է: Մյուս խնդիրն այն է, թե որքանո՞վ են երթուղային տաքսիները գտնվում հարկման դաշտում, ապօրինի ուղեւորափոխադրումներն ի՞նչ ծավալների են: Եվ ամենակարեւոր հարցըՙ ինչ-որ բան ձեռնարկվո՞ւմ է այս ոլորտը կարգավորելու նպատակով:
Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հանդիպեցինք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանին, որի հետ մեր առաջին հարցազրույցը երթուղային տաքսիների վերաբերյալ եղել էր դեռեւս նրա պաշտոնակալության առաջին օրերին («Ազգ», 12 մայիսի, 2001 թ., «Նոր երթուղային ցանցի անհրաժեշտությունը չկար»): Այն ժամանակ տրանսպորտի վարչության պետը հայտնել էր, որ շատ շուտով բոլոր երթուղային տաքսիների վրա կփակցվեն միասնական տարբերանշաններ, եւ հեշտորեն կարելի է զանազանել ապօրինի շահագործվող մեքենան օրինականից:
«Ինչպիսի՞ն է վիճակն այժմ» հարցին Արեգ Բարսեղյանը պատասխանեց որոշ տվյալներ ներկայացնելով: Եթե 2001 թ. փետրվարին օրինական շահագործվող միկրոավտոբուսների թիվը 1530 էր, ապա մայիսինՙ 2227: Այսինքնՙ մոտ 800 միկրոավտոբուս բերվել է օրինականության դաշտ: Այդ թիվը, կախված ուղեւորահոսքից, որոշակի փոփոխություններ է կրում, բայց դրանք էական չեն լինում: Ապօրինի փոխադրումներն, ըստ փոխվարչության պետի, այնուամենայնիվ, շարունակվում են, սակայն դրանց թիվը էականորեն նվազել է եւ այժմ կազմում է ընդհանուր փոխադրումների մոտ 20 տոկոսը: Հարկային մուտքերին վերաբերող մեր հարցի կապակցությամբ Արեգ Բարսեղյանը խորհուրդ տվեց այդ տվյալները ստանալ պետական եկամուտների նախարարությունից, սակայն վստահություն հայտնեց, որ դրանք աճել են: Որպես ապացույց բերվեցին օրինական շահագործվող մեքենաների թվի ավելացման արդյունքում կենտրոնական դիսպետչերական ծառայությունների ստացած գումարների տվյալները: Երթուղիների հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող այդ ծառայություններն այս տարվա առաջին 9 ամիսներին 292 մլն դրամի մուտքեր են ունեցելՙ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 156 մլն դրամի փոխարեն:
«Չէ՞ որ այնքան էլ դժվար չէ միասնական տարբերանշանի առկայությամբ բացառել ապօրինի եւ պետական բյուջեն շրջանցող ուղեւորափոխադրումները» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ ամբողջ տրանսպորտի իրավական դաշտը կարգավորելու համար անհրաժեշտ է ստեղծել տրանսպորտի պետական տեսչություն: Այն պետք է ունենա օրենքով սահմանված լիազորություններ եւ պատասխանատվություն կրի տրանսպորտային օրենսդրության պահանջների կատարումը վերահսկելու համար:
Երթուղայիններին վերաբերող մյուս հարցն, ինչպես արդեն նշվեց, վերաբերում է դրանց սպասարկմանը եւ այդ նպատակով անցկացվող մրցույթներում սուբյեկտիվ գործոնները նվազեցնելուն: Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ պրն Բարսեղյանը նշել էր, որ ինքն ի պաշտոնե ձգտելու է, որպեսզի դրանով չզբաղվեն տրանսպորտի հետ կապ չունեցող անձինք եւ կազմակերպությունները: Դա պետք է ամրագրված լիներ մրցույթների անցկացման նոր կարգում: Հաջողվե՞լ է կատարել: Քաղաքապետարանի վարչության պետը տեղեկացրեց, որ կառավարությունը հաստատել է նոր կարգը, համաձայն որի ներկայումս կասեցված մրցույթները կանցկացվեն եկող տարվա գարնանից: Սպասարկման իրավունքը տրվում է 3 տարովՙ նախկին 1 տարվա փոխարեն: Լրացուցիչ առավելություն է դիտարկվում կազմակերպության սեփական շարժակազմը եւ արտադրական բազան ունենալը: Ըստ նոր կարգի, մեկ երթուղին պետք է սպասարկի միայն մեկ կազմակերպություն: Այդուհանդերձ, Արեգ Բարսեղյանը խոստովանեց, որ տրանսպորտի հետ կապ չունեցողներին երթուղիները սպասարկելը չթույլատրելու գաղափարը միայն մասամբ է հաջողվել ամրագրել նոր կարգում: Նա նաեւ ավելացրեց, որ նոր երթուղիներ չեն բացվել եւ չեն բացվելու: Իսկ մի՞թե հնարավոր չէ, որ պետությունն ինքն իրականացնի երթուղիների սպասարկումը, քանի որ դրանք շահութաբեր լինելով մասնավորին հանձնելու անհրաժեշտություն չունեն: Այս տեսական բնույթի հարցի առնչությամբ Արեգ Բարսեղյանն ասաց, թե քանի որ գնում ենք դեպի շուկայական տնտեսություն, այս ոլորտի պետական դարձնելը կլիներ քայլ դեպի հետ:
Այսպիսով, ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեսակետները երթուղային տաքսիների խնդիրների վերաբերյալ, առաջիկայում կփորձենք անդրադառնալ նաեւ այս ոլորտին առնչվող այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների տեսակետներին, եւ կներկայացնենք մեր մոտեցումներն ու առաջարկները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ