Բեյրութը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանը եւ հայ գաղթօջախները կապող ամենաամուր կամուրջը: Բեյրութի միջոցով սփյուռքահայությունը ծանոթացել է Հայաստանի մշակութային ամեն մի նշանակալից երեւույթի: Վերջին ժամանակներում լիբանանյան քաղաքացիական պատերազմի պատճառով այդ կապերը փոքր-ինչ նվազել էին: Սակայն կրկին զարթոնք է գրանցվում, որի արտահայտություններից մեկն էլ Բեյրութում կայացած Հայաստանի ազգային կամերային նվագախմբի ելույթն է: Բեյրութի Ամերիկյան համալսարանի «Էսեմպլի Հոլ» սրահում դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարած նվագախմբի ելույթները բարձր գնահատվեցին ոչ միայն ունկնդիրների, այլեւ մամուլի կողմից: Մեջբերենք հատվածներ տեղի հայկական թերթերից.
«...Ազնուացնող երաժշտութեան պարգեւած հոգեկան վայելքըՙ միացած հայրենի գեղարուեստական բարձրորակ նուագախումբ մը Էսեմպլի Հոլի բեմին վրայ տեսնելու հպարտացնող զգացումինՙ կրկնակ գոհունակութիւն պատճառեցին ընտրանի հասարակութեան», գրում է «Արարատ» թերթը:
«Զարթօնք» թերթն ավելի ընդարձակ մեկնաբանություն է հրապարակել.
«ՀԵԸ Անդրանիկ Մշակութային Միութիւնը ընթացիկ տարուան ՀԲԸՄ-ի հիմնադրութեան 95-ամեակի եւ ՀԵԸ-ի 70-ամեակի տօնակատարութիւններու եւ հանդիսութիւններու շարքին, առաջին անգամ ըլլալով Լիբանանի մէջ առիթ ստեղծեց նման նուագախումբի մը ելույթներուն, որոնք իրենց բարձր կատարողութեամբ, սքանչելի հմտութեամբ եւ ճարտարութեամբ, ինչպէս նաեւ գերազանց կշռոյթներով անմոռանալի պահեր եւ վայելքի բացառիկ բաւարարութիւն ստեղծեցին հանդիսատեսներու մօտ, որոնք իրենց քաջալերանքով, գնահատականներով եւ տեղատարափ ծափողջոյններով արժեւորեցին մեր մեծ երաժիշտներու տաղանդը...»:
«Ազդակը» գնահատելով Հայաստանի ազգային կամերային նվագախմբի ելույթը որպես աշխարհին բարձրարվեստ երեւույթով ներկայանալու կարեւորություն ու կարողություն, գրում է. «Լրջութիւնը, բեմական ազնուական ու արթիսթիք կեցուածքը համոզիչ չափով ու արտայայտութեամբ կը միախառնուին զգացական յորդառատ ու բխուն զեղումներուն եւ ճկուն ու զուսպ շեշտով, բայց մանաւանդ ակադեմիական բծախնդրութեամբ կը հաւասարակշռուին Արամ Ղարաբէկեանի նուագավարական տարերքին մէջ...»:
Այո, նվագախմբի բեյրության հյուրախաղը փայլուն անցավ, որի վկայությունն են նաեւ սփյուռքահայ մամուլից արված այս փոքրիկ քաղվածքները:
Ս. Գ.