Բելկանտոյի մեծագույն վարպետներից մեկիՙ Վինչենցո Բելինիի «Նորմա» օպերան Երեւանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնում բեմադրված տեսնելը հաճելի անակնկալ էր հայ երաժշտասերի համար, եւ զարմանալի չէ, որ օրերս կայացած օպերայի պրեմիերան քչերին անտարբեր թողեց: Ներկայացումը, որ նվիրված էր Բելինիի ծննդյան 200-ամյակին, առիթ դարձավ մտաբերելու հանճարեղ Վերդիի գնահատականը վաղամեռիկ ու ռոմանտիզմով առլեցուն իր հայրենակցի երաժշտությանը. Բելինին այնքան մեղեդային կոմպոզիտոր է, որ նրա մեկ օպերայից կարելի է հինգ օպերայի երաժշտություն քաղել:
Ինչպե՞ս մատուցել ունկնդրին այս օպերայի մեծն մեղեդայնությունը, դրամատիկ բովանդակությամբ այս սյուժեն ինչպե՞ս ներկայացնել առավելագույնս համոզիչ, ինչպե՞ս անել, որ կատարողական առումով բավականաչափ ծանր ու հագեցած այս ստեղծագործության ունկնդրման ընթացքում ո՚չ մի պահ չթուլանա հանդիսատեսի հետաքրքրությունն ու լարվածությունը. այսօրինակ բազմաթիվ հարցեր էին դրված բեմադրության հեղինակների առջեւ: Հարցեր, որոնց մի մասը վերջիններս հաղթահարեցին, մյուս մասըՙ ոչ, սակայն միանշանակ է, որ ներկայացման հաջողված լինելն ու կայանալը մեծապես պայմանավորված էր Նորմայի դերակատարուհի Անահիտ Մխիթարյանի դյութիչ երգեցողությամբ ու զգացմունքային խաղով: Նա, աներկբայորեն, ներկայացման առաջատարն էր ո՚չ միայն որպես գլխավոր հերոսուհու մարմնավորող, այլեւ առաջատար էր հենց միայն իր անհատականության բերումով: Բավականին լավ տպավորություն թողեց Ադալջիզայի դերերգով հանդես եկող Վարդուհի Խաչատրյանը, որն իր կերպարով բեմական էր ու կանացի: Առանձին դրվագներում բավականին հաջող էր հանդես գալիս նաեւ գլխավոր հերոս Պոլիոնիՙ հռոմեացի պրոկոնսուլի դերակատար Ա. Ավանյանը, թեպետ ցանկալի կլիներ առավել վառ կերպով մարմնավորված տեսնել Պոլիոնի կերպարը:
Բեմադրության մասնակիցների եւ նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ տպավորություններ հաղորդելիս չենք կարող անտեսել բեմադրիչ Բ. Հայրապետյանին, որը բեմադրական առումով հետաքրքիր լուծումներ ունեցող մի աշխատանք էր ներկայացրել, ինչպես նաեւՙ զգեստների նկարիչ Ն. Հովնանյանին, որի հեղինակած բեմական զգեստներն աչքի էին ընկնում բարձր ճաշակով ու նրբագեղությամբ: Ինչեւէ, հուսով ենք, որ դեռ շատ անգամներ առիթ կունենանք Բելինիի հանրահայտ «Նորման» դիտելու եւ ունկնդրելու Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի բեմում, եւ ամեն անգամՙ ավելի ու ավելի կատարելագործված, հղկված մեկնաբանությամբ:
ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ