«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՉԵՆ ԲԵՐԻ

Նաիրա Մելքումյան. «Պատերազմի վերսկսումը Ադրբեջանի համար հավասար է ինքնասպանության»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Նիկոլայ Գրիբկովը (Ռուսաստան), Ռուդոլֆ Պերինան (ԱՄՆ) եւ Ֆիլիպ դը Սյուրմեյնը (Ֆրանսիա) նոյեմբերի 5-ին ադրբեջանական կողմից կհատեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը, կժամանեն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Համանախագահները ԼՂՀ իշխանությունների հետ բանակցելուց հետո Ստեփանակերտից կժամանեն Երեւան: Ըստ էության, միջնորդներին դժվարին բանակցություններ են սպասում Բաքվում. կարգավորման «ընդհանուր պետության» բանաձեւը մերժելուց հետո Ադրբեջանը մերժեց նաեւ հակամարտության կարգավորման վերջին առաջարկությունը, որը «ընդհանուր պետության» բարելավված տարբերակն է եւ քիչ է տարբերվում նրանից: Ինչ վերաբերում է Երեւանին եւ Ստեփանակերտին, ապա նրանք, թեեւ վերապահումներով, որպես բանակցությունների վերսկսման եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեկնակետ, ընդունելի են համարել ե՚ւ «ընդհանուր պետության» առաջարկությունը, ե՚ւ բարելավված տարբերակը:

«Իմ ունեցած տեղեկություններով, համանախագահները նոր առաջարկներ կամ նոր գաղափարներ տարածաշրջան իրենց հերթական այցելության ընթացքում չեն բերի: Համանախագահներին այժմ առավել մտահոգում են Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ հայտարարությունները: Դրանք ոչ միայն սպառնալիք են ԼՂՀ-ին, այլեւ Բաքուն փորձում է ագրեսիվ հայտարարություններով ճնշում գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, տապալել բանակցային գործընթացը», «Ազգին» տված հարցազրույցում ասաց ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը:

Ինչպես հայտնի է, պաշտոնական Բաքուն մի քանի անգամ հայտարարել է ուժային եղանակով ղարաբաղյան հարցի կարգավորման մասին: Մասնավորապես, մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել ղարաբաղյան հարցի կարգավորման նոր ընդունելի առաջարկ ներկայացնելՙ հակառակ դեպքում սպառնալով հարցը լուծել ռազմական ճանապարհով: Թեեւ պաշտոնական Բաքվի հերթական ռազմատենչ հայտարարությանը ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը հստակ եւ կտրուկ պատասխանեց, որ եթե Ադրբեջանը փորձի նման միջոցներով ԼՂ հիմնահարցը լուծել, դա կլինի նրա «վերջնական պարտության սկիզբը», ապա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարեց իր հետ համաձայնեցված, ղարաբաղյան ռազմաճակատում պատերազմական գործողությունների վերսկսումըՙ ասել է թե Բաքվի հերթական արկածախնդրությունը չպետք է բացառել: ՀՀ արտգործնախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա «Ազգի» հետ զրույցում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության առումով իր մտահոգությունը արտահայտեց, ընդսմին նշելով, որ «մեկ-երկու շաբաթ առաջ ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսումը քիչ հավանական չէր թվում»:

Անշուշտ, ղարաբաղյան բանակն այսօր պատրաստ է կասեցնելու իր տարածքների դեմ յուրաքանչյուր ոտնձգություն: Ամբողջ խնդիրն այն է, որ ցանկացած պատերազմ պահանջում է զոհեր, փախստականների նոր քարավաններ, եւ հայկական կողմի մտահոգությունը հենց սրանով է պայմանավորված:

«Պատերազմի վերսկսումը Ադրբեջանի համար հավասարազոր է ինքնասպանության: Նոր պատերազմը կառաջացնի փախստականների նոր ալիք դեպի Ադրբեջանի մայրաքաղաք: Չեմ կարծում, թե Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակն անկառավարելի է: Եթե դառնա անկառավարելիՙ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հրահրումը չի կարելի բացառել», «Ազգի» հետ զրույցում ասաց ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4