«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԼՂՀ-Ի ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԲԱՔՈՒ, 1 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչության աշխատակից Արսեն Մելիք-Շահնազարովը Բաքվի «Էխո» թերթի հարցազրույցում հայտարարել է, որ ԼՂՀ ղեկավարությունը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի հետ քննարկել այդ հարաբերությունների ձեւերն ու սկզբունքները: «Համաձայն «Էխոյի», մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված Աբխազիայի ղեկավարության դիմումըՙ ասոցիացված հարաբերությունների հաստատման խնդրանքով, Ա. Մելիք-Շահնազարովն այդ բանաձեւը անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի համար:

«Աբխազիան կարող է այդ մասին խոսել, ասել է նա, շնորհիվ նրա, որ ընդհանուր սահման ունի Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա դա հույժ խնդրահարույց է: Ես երբեք ոչ մի նման բան չեմ լսել ոչ Ղարաբաղի նախագահից, ոչ արտաքին գործերի նախարարից», ընդգծել է Արսեն Մելիք-Շահնազարովը:

ԼՂՀ ներկայացուցիչը «ապատեղեկատվություն» է անվանել ադրբեջանական լրատվամիջոցների այն հաղորդումները, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը իբր հայտարարել է Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ համադաշնային հարաբերությունների հաստատման հնարավորության մասին: «Ես անձամբ ներկա եմ եղել այն տեղեկատվական միջոցառումներին, ուր Արկադի Ղուկասյանն իբր խոսել է այդ մասին, խոսք է եղել ինչ-որ աստիճանի հարաբերությունների սահմանման հնարավորության մասին, սակայն «համադաշնություն» բառը այնտեղ առհասարակ չի հիշատակվել», նկատել է ԼՂՀ ներկայացուցիչը:

Արսեն Մելիք-Շահնազարովը ավելացրել է, որ ԼՂՀ նախագահը խոսել է այն մասին, որ հարաբերությունները Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ պետք է կառուցվեն հորիզոնական հիման վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4