Ադրբեջանի լրատվամիջոցները շարունակում են շրջանառել Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի ՆԳ նախարար Բորիս Գրիզլովի հայտարարությունը, համաձայն որի իբր «Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքական աջակցություն ցույց տալու հարցերը կարող են քննարկվել, եթե պաշտոնական Բաքուն որոշի հակաահաբեկչական գործողությունների դիմել Լեռնային Ղարաբաղում»:
«Ազգի» փորձերըՙ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան համապատասխան պաշտոնյաներից ճշտելուՙ արդյոք նման հայտարարություն արե՞լ է պրն Գրիզլովը, մնացին անպատասխան: Դեսպանատան խորհրդական պրն Տկաչովը հերթական անգամ նշեց, որ իրենց տրամադրության տակ նման տեղեկատվություն չունեն: Պրն Տկաչովը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե հնարավո՞ր է ՌԴ ՆԳ նախարարի նման հայտարարությունը: Ուշագրավ է, որ Բորիս Գրիզլովի Բաքվում գտնվելու օրերին աշխատանքային այցով Մոսկվա էին մեկնել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ու արտգործնախարար Նաիրա Մելքումյանը:
Ռուսաստանի ՆԳ նախարարությանը մոտ կանգնած մի վստահելի աղբյուր, անունը չհիշատակելու պայմանով, «Ազգին» հեռախոսազրույցում վստահեցրեց, որ պրն Գրիզլովը Բաքվում հակաղարաբաղյան որեւէ հայտարարություն չի արել եւ այն, ինչ հրապարակում են Բաքվի լրատվամիջոցները, ադրբեջանական քարոզչամիջոցների հերթական սադրանքն է: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ Մոսկվան որեւէ մեկնաբանություն չի տա Բաքվի լրատվամիջոցների սարքած հայտարարությանը:
Թ. Հ