«Ազգային անվտանգության համակարգի ձեւավորման խնդիրներն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում» ընդարձակ թեմայով սեմինարը, որ համատեղ ջանքերով կազմակերպել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու «Վարկած» վերլուծական կենտրոնը, մեկնարկեց երեկՙ դառնալով տրամաբանական ու ծրագրված շարունակությունը վերջերս կայացած նույնպիսի բովանդակությամբ մեկ այլ սեմինարի: Ինչպես նշեց սեմինարը վարելու պարտականությունը ստանձնած գնդապետ Էդուարդ Սիմոնյանը, նախորդ սեմինարում ընդգրկված էին եւ քննարկվեցին առավելապես ընդհանուր բնույթի հարցեր, իսկ կազմակերպչական մասին առնչվող խնդիրները թողնվեցինՙ առաջիկա հանդիպման ընթացքում որոշակիացվելու: Երեկ մասնակիցների, որոնց թվում էին ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քննարկումը ծավալվեց հիմնականում ազգային անվտանգությունը որպես ընդհանրական համակարգ դիտարկելու շուրջ:
Հակաահաբեկչական պայքարի այս ժամանակաշրջանում, երբ աշխարհի երկրները ձեռնամուխ են եղել ազգային անվտանգության սեփական համակարգերն է՚լ ավելի ամրացնելու եւ ցանկացած պայթյունի պատրաստ լինելու ծրագրերի իրականացմանը, Հայաստանը չպիտի մեկուսանա այդ գործընթացներից: Պատահական չէ, որ վերջին շրջանում մեզ մոտ ավելի ու ավելի հաճախ են կազմակերպվում քննարկումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, որոնք հենց ազգային անվտանգության խնդիրներն են արծարծում. սա իրոք դարձել է օրվա հարց: Սակայն ազգային անվտանգության համակարգի ձեւավորումն ու կայացումը ենթադրում են մի շարք կարեւոր հարցերի լուծում: Նախեւառաջ հարկ է ճշգրտելՙ ազգային անվտանգության համակարգի ձեւավորումը բացառապես պետությա՞ն գործառույթն է, եւ պետությունն իր ձեռքի տակ եղած միջոցներով ի վիճակի՞ է արդյոք այդ ամենն իրականացնելու: Այնուհետեւ հարկ է ճշգրտել, թե որոնք են այս համակարգի ձեւավորման ճանապարհի խոչընդոտները: Ըստ Էդ. Սիմոնյանիՙ պատճառները մի քանիսն են. օրինակՙ կոնցեպցիայի բացակայությունը, հոգեբանորեն անպատրաստ լինելըՙ այսպիսի համակարգի կարեւորության աստիճանը հասկանալու, եւ, ի վերջո, հստակ գիտակցումն այն ճշմարտության, որ ազգային անվտանգության կայացած համակարգ ունենալը մեզ համար շռայլություն չէ, այլՙ անհրաժեշտություն:
ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ազգային անվտանգության համակարգը Հայաստանում չի կարող կայանալ, քանի դեռ կայացած չէ հասարակություն եւ պետություն անվանվող բեւեռների կապը, փոխըմբռնումը. այլապես հասկանալի չէ, թե ո՞ւմ եւ ի՞նչ նպատակի է ծառայելու այդպիսի համակարգը, ո՞վ է օգտվելու դրանից: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ մինչ համակարգի ձեւավորման խնդիրներին ձեռնամուխ լինելը նախեւառաջ հարկ է երկրի քաղաքական շրջանակներին միավորել այդ գաղափարի շուրջ, օրենսդրական փոփոխություններ կատարել: Հայկական հարցերով զբաղվող մյունխենյան հաստատության տնօրեն Էդվարդ Հովհաննիսյանը հարցին ծայրահեղ մոտեցում ցուցաբերեց. ազգային անվտանգության համակարգը պիտի ծառայի կա՚մ իշխանություններին, կա՚մ ժողովրդին: Նման միաբեւեռ վերաբերմունքը խնդրո առարկային, անշուշտ, խրախուսելի չէ, թեպետ սեմինարի մասնակիցների միանշանակ կարծիքն էր, որ ազգային անվտանգության ձեւավորված համակարգի առկայությունից պիտի շահի նախեւառաջ ժողովուրդը:
ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ