«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


ԵՎՍ ՄԵԿ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՐՁԱՎ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ

Իոն Իլիեսկուն մայր բուհում

Երեկՙ Հայաստան կատարած իր պաշտոնական այցի երկրորդ օրը Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն Էջմիածնում արժանացավ Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանը: Եղավ Ծիծեռնակաբերդում:

Չխախտելով այս տարի իրար հաջորդած բարձրաստիճան պաշտոնական այցերի արդեն ավանդական ծրագիրը, Իոն Իլիեսկուն այնուհետեւ հյուրընկալվեց ԵՊՀ-ում:

ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն, ընդունելով բարձրաստիճան հյուրին, իր երախտագիտությունը հայտնեց ռումին ժողովրդինՙ իրենց երկրում եղեռնից մազապուրծ հայերին ընդունելու համար: Հիշելով Ռումինիայում հայ ավանդական գաղութըՙ Ռ. Մարտիրոսյանն առանձնացրեց երջանկահիշատակ Վազգեն 1-ին Ամենայն հայոց կաթողիկոսին, որ ծնվել եւ նախապես գործել է հենց այդ երկրում: Իր ողջույնի խոսքը ռեկտորն ամփոփեց նախագահին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելով:

Իոն Իլիեսկուն համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին իր դիմումն սկսեց ռուսերենՙ հիշեցնելով, որ հայ-ռումինական կապերն առնվազն վեցդարյա պատմություն ունեն, երբ 600 տարի առաջ հայոց եկեղեցի եւ հոգեւոր տուն հիմնվեցին պատմական Ռումինիայի տարածքում: Այդ երկրում հայ համայնքի այսօրվա կենսապայմանների վերաբերյալ հարցին նախագահը պատասխանեց, թե հայերը Ռումինիայում ակտիվորեն ընդգրկված են երկրի հասարակական-քաղաքական կյանքին, խորհրդարանում ունեն մեկ պատգամավոր: «Մեր խորհրդարանում ներկայացված են իտալացիներ, թուրքեր, անգամ գնչուներ: Ընդհանուր առմամբ Ռումինիան ազատ եւ ժողովրդավար երկիր է այս առումով:

Մեզ մոտ բնակվող ազգերի ներկայացուցիչները պահպանում են իրենց լեզուն, ավանդույթները: Կարծում ենքՙ դա միայն հարստացնում է մեր երկրի ինտելեկտուալ ներուժը»:

Կճանաչի՞ Ռումինիան Հայոց ցեղասպանությունը հարցին Ի. Իլիեսկուն դիվանագիտական պատասխան տվեց: Նա նշեց, թե հայերը ողբերգական պատմություն են ունեցել, բայց պատմական խնդիրներն այսօր պիտի գտնեն իրենց լուծումը: «Ռումինիան միշտ էլ ձեզ հետ է», իր պատասխանն ամփոփեց նախագահը:

ԵՊՀ-ում հանդիպումից հետո Ռումինիայի նախագահին եւ պաշտոնական պատվիրակությանը ՀՀ նախագահի նստավայրում սպասում էր պաշտոնական այցի եզրափակման արարողությունը, ինչից հետո Իոն Իլիեսկուն մեկնեց Հայաստանից:

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4