«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ

Հեռանկարային ծրագրերը կարող են իրականություն դառնալ

Հայ-ռումինական համագործակցությունը նաեւ տրանսպորտի բնագավառում զարգացման հեռանկարներ ունի. երեկ այդ ոլորտում համագործակցության վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի ու նրա ռումինացի պաշտոնակցի միջեւ: Ներկայացնելով իրենց երկրներում տրանսպորտային զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւՙ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական եւ այլ գործոններով պայմանավորված հիմնախնդիրներըՙ կողմերը մի քանի նախնական պայմանավորվածությունների են հանգել: Այդ պայմանավորվածություններից մեկի հիմքում փորձագետների խումբ ստեղծելու գաղափարն է. վերջիններս կուսումնասիրեն մի քանի հեռանկարային ծրագրերի իրականացման տեխնիկատնտեսական հիմնավորվածությունըՙ այնուհետեւ դրանք կներկայացնեն իրավասու մարմինների քննարկմանը:

Վերոնշյալ ծրագրերից ռումինական կողմն առավել գործնական ու հեռանկարային է գնահատել Իրանից Հայաստանի, Վրաստանի եւ սեւծովյան նավահանգիստների միջոցով Ռումինիա բեռնափոխադրումների հնարավորությունը: Փոթի-Իլյիչովսկ լաստանավային երթուղուն համարժեք, ըստ նրանց ակնկալիքների, կարող է գործել նաեւ Փոթի-Կոնստանցա լաստանավային երթուղին, որը հնարավորություն կտա բեռները Ռումինիայի տարածքով տեղափոխելու Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներ: Ճանապարհատրանսպորտային ձեռնարկությունների համագործակցության առնչությամբ ռումինական կողմը հավաստել է, որ իր երկրում գործող ավտոտրանսպորտային ընկերությունների տրանսպորտային միջոցները համապատասխանում են եվրոպական ամենաբարձր չափանիշներին, իսկ մուլտիմոդալ երթուղու բացման դեպքում դրանք կարող են ծառայել նաեւ Հայաստանում բեռնափոխադրումներ իրականացնելուն:

Հայկական կողմն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայումս մի շարք ներդրումային ծրագրեր են իրականացվում. դրանք հնարավորություն կտան բարելավելու Իրանի սահմանից Վրաստանի սահմանն ընկած ճանապարհների վիճակը, Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում թունել կառուցելու տարբերակը եւս քննարկվում է: Ռումինական կողմն այդ կապակցությամբ առաջարկել է իր օժանդակությունըՙ տեխնիկական սարքավորումների տրամադրման մասով: Քննարկված այլ ծրագրերի թվում նշենք Երեւան-Բուխարեստ օդային երթուղու բացման հեռանկարային առաջարկը, որը կոմերցիոն առումով չափազանց շահավետ կլինի, եթե Բուխարեստի օդանավակայանն օգտագործվի որպես տարանցիկ կետ: Մնում է սպասել փորձագետների եզրակացությանը:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4