«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


ՉԵՆ ՈՒԶՈՒՄ 600 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԽՆԱՅԵԼ

Չնայած մանրակրկիտ հաշվարկները ցույց են տվել, որ «Բաքու-Ջեյհան» խողովակաշարը Հայաստանով անցկացնելու դեպքում հնարավոր է խնայել 600 մլն դոլար, կոնգրեսական Քրոուլիի նոր առաջարկը Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների կոմիտեի հոկտեմբերի 31-ի նիստում ձախողվել է (20 կողմ եւ 24 դեմ):

Ամերիկայի հայկական համագումարի շրջաբերականը հայտնելով այդ մասին, նշում է, որ Ջոզեֆ Քրոուլիի (դեմոկրատ Նյու Յորքից) եւ նրա գործընկերների վերանայման առաջարկը նախատեսում էր արգելք դնել խողովակաշարի շինարարությունը ֆինանսավորող «Էքսպորտ-իմպորտ բանկի» առաջՙ ներդրումներ չկատարելու մինչեւ խողովակաշարը չանցնի Հայաստանի տարածքով:

Փոփոխության առաջարկի ձախողումը չի ազդելու նախապես ընդունված «H. Con.Res.162» օրենսդրական ակտի վրա, որով չէր խրախուսվում Կովկասում էներգիայի փոխադրումների ծրագրերում օգտագործել ամերիկացի հարկատուների ֆոնդերի օգտագործումը, եթե դրանք բացառում են Հայաստանով անցնելու հնարավորությունները: Հարկ է նշել, որ վերոհիշյալ նիստի 70 մասնակիցներից 27-ը ձեռնպահ են մնացել, մի թիվ, որն ավելի մեծ է, քան կողմ կամ դեմ քվեարկողների քանակը:

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսական Քրոուլիի նախաձեռնությունը եւ շնորհակալություն հայտնել նրա գործընկերներ Մայք Կապուանոյին, Բարբարա Լիին, Կարոլին Մալոնիին, Մայքլ Ռոջերսին եւ Բրեդ Շերմանինՙ աջակցության համար եւ բոլոր նրանց, ովքեր կողմ են քվեարկել առաջարկին:

«Ինչքան ժամանակ Հայաստանը շրջափակված մնա արեւելյան եւ արեւմտյան կողմերից եւ մեկուսացվածՙ տարածաշրջանի զարգացման ծրագրերից, նա չի կարողանալու դրսեւորել իր տնտեսական լիարժեք հնարավորությունները: Հաղթողներն ու պարտվողները Կովկասում կայունություն չեն կարող հաստատել, մի բան, որ չի բխում Մ. Նահանգների երկարաժամկետ շահերից», ասված է այդ առիթով համագումարի կառավարական հարաբերությունների տնօրեն Բրայան Արդունու նամակում: Համագումարի անձնակազմը եւ մի քանի ակտիվիստներ Նյու Յորքից, «Քուինզ» թաղամասում գտնվող իրենց գրասենյակում հանդիպել են կոնգրեսական Քրոուլիին եւ շնորհակալություն հայտնել շարունակական աջակցության համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4