«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


ՄՈՍԿՎԱՅԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՎԱԾ ԷՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

«Ռուսաստանի հայերի միության» հայտարարությունը

ՄՈՍԿՎԱ, 1 ՆՈՅԵՄԲԵՐ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստանի հայերի միությունը» չորեքշաբթի օրը հանդես է եկել մայրաքաղաքի հարավում նախօրյակին արմատականների սադրած ջարդին սկզբունքային գնահատական տալուՙ իրավապահ մարմիններին ուղղված կոչով: Այդ հասարակական միության նախագահ Արա Աբրահամյանի ստորագրած հայտարարության մեջ նշվում է, որ «երեքշաբթի օրը երիտասարդ ստահակների խուլիգանություն անող ամբոխի կատարած արյունոտ ջարդի» զոհը դարձան ադրբեջանցիներ, ինչպես նաեւ հայեր, վրացիներ եւ բազմաթիվ այլ ազգությունների ներկայացուցիչներ:

Ջարդերի զանգվածային եւ դաժան բնույթը, ասվում է փաստաթղթում, մասնակիցների քանակական կազմը (250-300 մարդ), ինչպես նաեւ հանցագործության գործիքները (ամրանաձողեր) վկայում են ձեռնարկման կազմակերպված բնույթի մասին, որի իրականացման գործիք էր դարձել հիմարացված երիտասարդությունը: Ժամանակն է խոստովանել, որ նմանօրինակ գործողություններն ու, այսպես կոչված, հակակովկասյան ճնշամամլիչը հարմար միջոց են դարձել ապակառուցողական քաղաքական ուժերի ձեռքում: Անդրկովկասի եւ Հյուսիսային Կովկասի տարածքում եղած հակամարտությունները, որոնք ուղեկցվում են ազգային ծայրահեղականության, բռնության բռնկումներով եւ գաղթի տարերային ընթացքով, անշուշտ, դժգոհություն են հարուցում հասարակության մեջ: Բայց դա չի կարող բազմազգ պետության մեջ ազգային հարցի նկատմամբ անպատասխանատու մոտեցման արդարացում հանդիսանալ:

Հայտարարության հեղինակներն այն կարծիքն են հայտնում, որ «հասարակության եւ պետության կողմից համարժեք հակազդեցության բացակայությունը նպաստում է ենթագիտակցության մեջ ամենաթողության եւ անպատժելիության զգացողության հաստատմանը, ինչն էլ խրախուսում է քաղաքականապես անպատասխանատու շրջանակների կողմից նախաձեռնվող բռնության գործողությունների ձեռնարկմանը»: Նմանօրինակ գործողությունները, ասվում է այնուհետեւ, «վիթխարի վնաս են հասցնում ազգամիջյան հարաբերություններին եւ Ռուսաստանի Դաշնությանՙ որպես իրավական ժողովրդավարական, բազմազգ պետության միջազգային վարկին»:

Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունը բնութագրելով որպես «հարված ժողովրդավարությանը, ըստ էության ռուսաստանյան պետությանը, բարենորոգումների գծին եւ նախագահի քաղաքականությանը», հասարակական կազմակերպության ղեկավարությունը հույս է հայտնել, որ իրավակարգի մարմինները եւ իշխանությունն այս անգամ թույլ չեն տա հանցագործության հրահրողներին եւ կատարողներին խուսափել պատասխանատվությունից»:

Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, Ռուսաստանի հայերի միությունն առաջարկում է հասարակության ջանքերը միավորել «ազգայնամոլությանը եւ մյուս հակահասարակական ուժերին հակազդելու խնդրում պետությանը եւ իրավապահ մարմիններին աջակցություն ցույց տալու հիմնադրամի ստեղծման ձեւով», ինչպես նաեւ արտահայտվում է «այդչափ լուրջ եւ պատասխանատու խնդիրների լուծման նկատմամբ հուզական մոտեցման դեմ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4