«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


ԱՐՏԱԳԱՂԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2001 թ 8 ամիսների ընթացքում հայրենիք չեն վերադարձել 43 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին Հայաստանում դիտվող արտագաղթի տեմպերը շարունակում են աճել. դրա մասին են վկայում վերջին երեք տարիների ընթացքում Երեւանի օդանավակայանից մեկնողների եւ ժամանողների թվի հարաբերակցության մասին ՀՀ վիճակագրական վարչության տվյալները: Այսպես, ըստ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին վիճվարչության տրամադրած տվյալների, եթե 1998 թ. Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը մեկնողների թվից պակաս է եղել 24400-ով, 1999 թ.ՙ 7000-ով, 2000 թ.ՙ 25700-ով, ապա 2001 թ. մինչեւ սեպտեմբեր ամիսը այդ թիվը հասնում է 43300-ի: Միեւնույն ժամանակ հայտնի է, որ կան երկրի սահմաններից դուրս գալու նաեւ բազմաթիվ այլ եղանակներ:

Մի շարք պետությունների կառավարություններ ետ են վերադարձնում են (դեպորտացիայի ենթարկում) իրենց երկրում անօրինական ձեւով բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, եւ նրանց մեջ շատ են հայաստանցիները: «Արտագաղթողների մի մասն ի կարգավիճակն ինչ-որ կերպ «օրինականացնելու» համար այդ երկրների կառավարություններին փախստականի կարգավիճակ ստանալու հայց է ներկայացնում», նշեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի լրատվության բաժնի պատասխանատու Էմիլ Սահակյանը: Ըստ նրա, առավել շատ դիմում են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, ընդհանուր առմամբՙ շուրջ 27 զարգացած երկրների կառավարությունների: 2001 թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում փախստականի կարգավիճակ ստանալու հայց է ներկայացրել 4582 ՀՀ քաղաքացի, որոնցից 1262-ըՙ ԱՄՆ-ի, 513-ըՙ Չեխիայի, 484-ըՙ Գերմանիայի համապատասխան ծառայություններին: Սրանք հիմնականում այն երկրներն են, որոնց հետ Հայաստանն ունի այցագրային ռեժիմ:

Ոչ այցագրային ռեժիմ ունեցող երկրներ մեկնում է հիմնականում Հայաստանի բնակչության ռուսախոս հատվածը, առաջին հերթինՙ Ռուսաստան, ինչպես նաեւ Ուկրաինա եւ ԱՊՀ մի շարք այլ երկրներ: Այս երկրներում էլ գտնվում է մեր էմիգրանտների 80-85%-ը:

Այս գործընթացը կանոնակարգելու համար, ինչպես նշեց ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ծրագրերի պատասխանատու Օվսաննա Բաբայանը, 2000 թ. վերջին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Միգրացիայի եւ փախստականների վարչության ներկայացրած «Հայաստանի միգրացիոն քաղաքականություն» փաստաթուղթը: Այնտեղ նշվում են Հայաստանում միգրացիոն ոլորտում առկա գերակա խնդիրները, առաջարկվում դրանց լուծման ու կառավարելի դարձնելու մեխանիզմները:

ՄՄԿ աշխատակիցը կարեւորեց նաեւ պոտենցիալ միգրանտների շրջանում տեղեկատվական արշավների կազմակերպումը: «Սարսափելին ժողովրդի մեջ տիրող հոգեբանական մթնոլորտն է. մարդիկ Հայաստանի ապագայի նկատմամբ հույս բոլորովին չունեն», փաստեց նա:

Սակայն վերջերս տեղի է ունենում նաեւ հակառակ գործընթացը: 1993 թ.-ից հետո Արգենտինա գաղթած հայաստանցիների մեծ մասն այժմ լրջորեն մտածում է Հայաստան վերադառնալու մասին: Այս պետությունում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ օգոստոսին ստեղծվել է Արգենտինայի Հայրենադարձի աջակցության հանձնախումբ, որի նպատակն է նյութական ու բարոյական օգնություն ցույց տալ բոլոր այն հայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց դրա համար միջոցներ չունեն: Մեկնել ցանկացողները հանձնախմբից ստանում են ճանապարհածախս, ընդ որումՙ առաջին հերթին անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Հանձնախումբը նաեւ նպատակ ունի օժանդակել ոչ հայաստանցի այն հայերին, որոնք ուզում են բնակվել Հայաստանում: Նմանատիպ մի ծրագիր էլ իրականացնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, որի աջակցությամբ 2000 թ. Հայաստան են վերադարձել 532 ՀՀ նախկին քաղաքացիներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4